«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#207, 2010-11-11 | #208, 2010-11-12 | #209, 2010-11-13


ՆՈՐԱ ԱՐՄԱՆԻԻ ՆՈՐ ԲԵՄԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ

Հոկտեմբերի 16-ին Նյու Յորքի «Տրայադ» թատրոնի լեփլեցուն դահլիճում տեղի է ունեցել հայտնի դերասանուհի եւ ռեժիսոր Նորա Արմանիի նոր բեմադրության առաջնախաղը, որն ըստ «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթում տպագրված Լինդա Լեւընսոնի գրախոսականի, այնքան հաջող է անցել, որ արժե մեկ-երկու առիթ եւս տալ հանդիսատեսին վայելելու այդ եզակի գործը: Խոսքը Անյես Ժաուի եւ Ժան Պիեռ Բաքրիի «Խոհանոցը եւ դրա ազդեցության տարածքները» կոմիկական պիեսի մասին է, որը թեեւ գրվել է 1991-ին եւ ֆիլմի վերածվել 1993-ին (ռեժիսորՙ Ֆիլիպ Մույլ), սակայն մինչեւ օրս պահպանում է իր այժմեականությունը: Պիեսում հանդես են եկել Նյու Յորքում բնակվող ֆրանսիական դերասաններ Պասկա Ենփֆիստերը, Գաբրիել-Տիգրան Չիթրին, Սոֆի Լամպերը, Սենդի Պրենուան եւ Թոմաս Բոդուանը, որոնք հանդիսատեսի ուշադրությունը բեմին գամված են պահել սկզբից մինչեւ վերջՙ ստեղծելով զվարճալի հաճելի մթնոլորտ: Օգտագործվել է Սերժ Գեյնբուրգի երաժշտությունը:

«Դժվար է եւ մեծ պատասխանատվություն արդեն բեմադրված եւ նույնիսկ ֆիլմի վերածված մի պիեսի անդրադառնալը: Կրկնվելու վտանգները չափազանց մեծ են: Փորձել եմ հավատարիմ մնալով հեղինակի գործին, զգուշությամբ առանց ավելորդությունների, ավելացնել իմ նրբերանգները», նշել է Արմանին գրախոսականի հեղինակին, որը «գերազանցորեն գրված եւ անթերի ռեժիսորական աշխատանքով բեմականացված պիես» է համարել ներկայացումը: Արմանին հանդես է եկել նաեւ որպես պրոդյուսեր: Բեմականացումը ֆրանսերեն լինելով հանդերձ, հուզել եւ հետաքրքրել է նաեւ ոչ ֆրանսախոս հանդիսատեսին:

Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4