«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#210, 2010-11-16 | #211, 2010-11-17 | #212, 2010-11-18


ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ ԷՋԸ ՎԵՐՋԵՐՍ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է, ՍԱԿԱՅՆ ԿԵՂԾԻՔԸ ՉԻ ՊԱԿԱՍԵԼ

Թուրքիայի արտգործնախարարության կայքէջի անգլերեն լեզվով տարբերակում Հայաստանի հետ հարաբերությունների մասին պատմող հատվածում որոշ փոփոխություններ են կատարվել, սակայն ապատեղեկատվությունը չի պակասել: Կայքէջի «Արտաքին քաղաքականություն» գլխի «Հարավային Կովկաս» բաժնում մի հատված նվիրված է Հայաստանի հետ հարաբերություններին: Եթե նախկինում այդ մասին միայն մեկ էջ էր նվիրված, ապա այսօր կիսով չափ կրճատվել է, փոխարենը տեղադրվել են 2009 թ. հոկտեմբերի 10-ին ստորագրված երկու արձանագրությունների տեքստերը:

Միասին ընթերցենք Հայաստանի հետ հարաբերությունների մասին պատմող կես էջը (http://www.mfa.gov.tr/turkeys-political-relations-with-armenia.en.mfa): Կեղծիքներն սկսվում են հենց առաջին նախադասությունից: «Առաջիններից մեկը ճանաչելով Հայաստանի անկախությունըՙ 1991 թ. դեկտեմբերի 16-ին, Թուրքիան Հայաստանին տրամադրեց մարդասիրական օգնություն, քանի որ այդ երկիրը անկախության նախաշեմին դիմագրավում էր տնտեսական դժվարություններ, ինչպես նաեւ ջանքեր գործադրեց Հայաստանիՙ տարածաշրջանային ու Եվրատլանտյան հաստատություններին ինտեգրվելու ուղղությամբ»:

Այս առաջին նախադասության մեջ կա երկու ապատեղեկատվություն, երկու մեծ սուտ: Ճիշտ է, որ Թուրքիան առաջիններից մեկը, ավելի հստակՙ չորրորդ երկիրն էրՙ Լիտվայից, Ռումինիայից ու Ռուսաստանից հետո, որ ճանաչեց Հայաստանի անկախությունը, սակայն Երեւանի հետ չհաստատեց դիվանագիտական հարաբերություններՙ առաջ քաշելով մի քանի նախապայման: Ինչ վերաբերում է «մարդասիրական օգնություն» տրամադրելուն, ապա Թուրքիան Հայաստանին նման օգնություն ցույց չի տվել: Եթե խոսքը 1992 թ. նոյեմբերից Թուրքիայի տարածքովՙ Կարս-Գյումրի երկաթուղով եւ Մարգարայի կամրջով Եվրոպական միության վարկով 100 հազար տոննա ցորենի մատակարարումների մասին է, ապա դա օգնություն չէր, առավել եւսՙ թուրքական օգնություն չէր: Անշուշտ, Թուրքիան կարող էր թույլ չտալ, որ այդ ցորենը իր տարածքով հասնի Հայաստան, ինչպես անում է այսօր եւ արդեն ավելի քան 17 տարիՙ շրջափակման մեջ պահելով Հայաստանը: Չլիներ Թուրքիան, այդ ցորենը Հայաստան էր հասնելու այլ ճանապարհով: Իրանը առաջիններից մեկն էր, որ պատրաստակամություն էր հայտնել այդ նպատակով իր տարածքը տրամադրել:

Այստեղ արժե նաեւ հիշեցնել եւ ընդգծել, ընդ որումՙ նաեւ շատ հայ վերլուծաբանների համար, որ Թուրքիայի տարածքով 1992-1993 թթ. Հայաստան է հասել ոչ թե 100 հազար տոննա հացահատիկ, այլ մոտ 58 հազար, քանի որ Քարվաճառի (Քելբաջար) դեպքերից անմիջապես հետոՙ 1993-ի ապրիլի սկզբին, Թուրքիան կառավարական որոշումով փակեց Հայաստանի սահմանը: Սակայն, շատ հայ հեղինակներ, չճշտելով փաստերը, շարունակում են օգտագործել «100 հազար տոննա» սխալ թիվը: Ցավոք, ինչպես հայ, այնպես էլ Կովկասի հարցերով զբաղվող օտար հեղինակներ, մինչեւ այսօր իրենց հրապարակումներում գրում են, թե 1992-ին Թուրքիան նաեւ էլեկտրաէներգիա է տրամադրել Հայաստանին, այսինքնՙ մթի ու խավարի մեջ հայտնված Հայաստանին լույս է տվել: Սա եւս կեղծիք է, որը ժամանակին շրջանառության մեջ դրեցին թուրքերը, եւ մինչեւ այսօր այդ ապատեղեկատվությունը անցնում է մի հոդվածից մյուսը, մի զեկույցիցՙ մեկ այլ զեկույց:

Թուրքիայի արտգործնախարարության կայքէջիՙ Հայաստանի հետ հարաբերությունների մասին պատմող կեսէջանոց հոդվածի առաջին նախադասության երկրորդ մասը եւս կեղծիք է, ընդ որումՙ ցինիկ կեղծիք: Թուրքիան ոչ միայն ջանքեր չի գործադրել Հայաստանիՙ «տարածաշրջանային ու Եվրատլանտյան հաստատություններին ինտեգրվելու ուղղությամբ», ինչպես գրված է կայքէջում, այլ լրիվ հակառակըՙ իր դաշնակից Ադրբեջանի հետ հետեւողականորեն Հայաստանին տնտեսապես, հետեւաբար նաեւ քաղաքական իմաստով, մեկուսացնելու թշնամական քաղաքականություն է իրականացրել: 1992 թ. հունվարին հենց թուրքերն էին, որ գործադրում էին ամեն ճիգ, որպեսզի Հայաստանը չդառնա ԵԱՀԿ (այն ժամանակՙ ԵԱՀԽ) անդամ: Միայն ամերիկացիներիՙ այն օրերին պետքարտուղար Ջեյմս Բեյքերի ու ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Մարեսկայի ճնշումներից հետո Թուրքիան ստիպված եղավ հրաժարվել վետո կիրառելուց:

Կայքէջում թուրքերը հիշեցնում են նաեւ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանիՙ 2005-ի ապրիլին Հայաստանի այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանին հղած նամակը «պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու» եւ «1915 թ. դեպքերն ու զարգացումները գիտականորեն ուսումնասիրելու» մասին: Ինչպես հայտնի է, նախկին նախագահը Էրդողանին պատասխան նամակում շատ հստակ շարադրել է, թե ինչու Հայաստանը չի կարող ընդունելի համարել «պատմաբանների համատեղ հանձնաժողով» ձեւավորելու թուրքական առաջարկը: Այս մասին թուրքերը, ինչպես ԱԳՆ կայքէջում, այնպես էլ այլ մակարդակով, լռում ենՙ տպավորություն ստեղծելով, թե Հայաստանն իրենց «կառուցողական» առաջարկներն անտեսում է:

Թուրքիայի արտգործնախարարության կայքէջիՙ Հայաստանի հետ հարաբերությունների մասին պատմող կեսէջանոց հոդվածն ավարտվում է 2009 թ. հոկտեմբերի 10-ին ստորագրված երկու արձանագրությունների թվարկումով: Ընդ որում, 2009 թ. փոխարեն գրված է 2010, ինչը, հավանաբար, տեխնիկական սխալ է:

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ, Լրագրող, «Սիվիլիթաս» հիմնադրամի փորձագետ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4