«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#210, 2010-11-16 | #211, 2010-11-17 | #212, 2010-11-18


ՔԱՆԴԱԿԱԳՈՐԾԸՙ ՀՕԳՈՒՏ ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԹԱՂԱՄԱՍԻ

Ամերիկահայ քանդակագործ Մայքլ Արամն իր յուրօրինակ «Հավիտենական հաստատակամություն» խորագրով քանդակն էլեկտրոնային աճուրդի է հանել, մտադրվելով ստացված գումարը տրամադրել «Փրկենք Հայկական թաղամասը» կազմակերպությանը, որի նպատակն է Երուսաղեմի հայերի պատմական եւ մշակութային ներկայության մասին իրազեկել աշխարհին եւ վառ պահել հայկական թաղամասի աշխուժությունը Հին Քաղաքում: Այս մասին է տեղեկացնում «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթը, հավելելով, որ Արամը մշտապես ընդլայնում է իր հետաքրքրասիրությունների շրջանակը, միշտ սակայն հավատարիմ մնալով իր հայկական արմատներին: Պապը Խարբերդի գյուղերից մազապուրծ եղել է եւ սրտաճմլիկ մանրամասներ պատմել Արամին: Նա սկզբում մետաղալարերով է սկսել աշխատել, հետո նաեւ անցել այլՙ այդ թվում ցողունների եւ ծառերի բների օգտագործմանը: Վերոնշյալ յուրատեսակ «խաչքարը» հենց այդպիսին է եւ ներկայացնում է ծիրանի մի ծառ, որն իր նոր ճյուղով քանդում է հայերին ճնշելու կամ նրանց գործունեությունը սահմանափակելու բոլոր փորձերը եւ հաստատակամություն ցուցաբերում հավերժ գոյատեւելու: Ճյուղի վրա աղավնին է նստած, խորհրդանշելով «Սուրբ հոգին», իսկ ստորոտում ընկած տերեւները հուշում են ցեղասպանությանը զոհ գնացածների մասին: Տարածված «թեւերը»ՙ վերապրողներն են: Քանդակում օգտագործված է նաեւ բրոնզը, մուգ ոսկեգույն եւ արծաթապատ:

Քանդակը աճուրդի վերջին օրըՙ հոկտեմբերի 21-ին ցուցադրվել է Չիկագոյի 1015 W. Armitage հասցեում գտնվող «Տաբուլա Տուա» կաֆե-մշակութային կենտրոնում, որտեղ հատուկ ընդունելություն է կազմակերպվել Մայքլ Արամի պատվին: Ներկա են եղել հիմնարկության սեփականատեր Գրեյս Ցաո-Վուն, «Փրկենք Հայկական թաղամասը» կազմակերպության համահիմնադիրներից Մարի Ղուկասյանն ու Քերի եւ Մայքլ Նահապետյաններըՙ ՆԱՀԱ ռեստորանային համալիրից, որոնք Միջերկրականյան ճաշատեսակներով «համեմել» են երեկոն: Գրեյս Ցաո-Վուն 1994-ից ի վեր քաջալերել է Արամին եւ այս անգամ էլ կենտրոնի վաճառքից գոյացած գումարի 10 տոկոսը նա նվիրաբերել է «Փրկեք Հայկական թաղամասը» կազմակերպությանը:

«Երուսաղեմի այդ թաղամասը պատմական մեծ արժեք է ներկայացնում եւ մենք ամեն կերպ պետք է պահպանենք այն», նշել է Մայլք Արամն իր խոսքում:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4