«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#211, 2010-11-17 | #212, 2010-11-18 | #213, 2010-11-19


ՈՒՈԹԵՐԹԱՈՒՆԻ ՄԱՐԱՇՑԻՆԵՐԸ ՏՈՆԵԼ ԵՆ ԻՐԵՆՑ ՀԱՅՐԵՆԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՅՈՒՐԱՄՅԱԿԸ

Նյու Յորք եւ Բոստոն քաղաքներում համապատասխանաբար 1906 եւ 1910 թվերին երիտասարդ մարաշցիները ձեռք ձեռքի են տվել հիմնելու «կրթական ընկերություններ» Օսմանյան կայսրությունում գտնվող իրենց հայրենի քաղաքիՙ Մարաշի մշակութային-կրթական զարգացմանը նյութապես օժանդակելու նպատակով: Հետագայում, 1925 թվին պաշտոնապես ձեւակերպելով իրենց հարաբերությունները, նրանք հրավիրել են Մարաշցիների հայրենակցական միության առաջին համագումարը, որոշակի կանոնադրություն հաստատելու համար իրենց մասնաճյուղերի (Մասաչուսեթսի Բոստոն եւ Ապրինգֆիլդ, ինչպես նաեւ Նյու Ջերսիի Նյու Յորք եւ Պատերսոն քաղաքներում) գործունեության համար:

Շարունակելով ավանդական դարձած համագործակցությունը միմյանց հետ, հոկտեմբերի 23-ին Ուոթերթաունի հայկական մշակութային եւ կրթական կենտրոնի Հովնանյան դահլիճում տեղի է ունեցել հարյուրամյակի պաշտոնական հանդիսություն, որին որպես բանախոս հրավիրվել է մազապուրծ մարաշցիների թոռ Պիտեր Քութուջյանը :

«Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթը, տեղեկացնելով այս մասին, հավելում է, որ երեկոյին, որի հանդիսավարը եղել է Լալիկ Մուսերյանը, իսկ բացման խոսքը կատարողը Նվարդ Գույումջյանը (մասնաճյուղի ատենապետ), մասնակցել են օպերային երգչուհի Վիկտորիա Ավետիսյանը, ջութակահար Հայկ Հովսեփյանը, դաշնակահարուհի Անի Հովսեփյանը եւ ասմունքող Պերճ Չեքիջյանը: Դահլիճում բացվել են նաեւ Մարի Բազարյանի Մարաշի ասեղնագործությունը պատկերող լուսանկարների, ինչպես նաեւ Ամերիկայի հայկական գրադարանի եւ թանգարանի պատրաստած բնիկ մարաշցի, իսկ հետագայում Բոստոնում հայտնի գործարար դարձած Մովսես Գյուլեսյանի կյանքի ու հաջողությունների մասին պատմող զույգ ցուցահանդեսները: Մարաշցու զավակ Ռոջեր Հակոբյանը ներկայացրել է «Մարաշը եւ հայտնի մարաշցիները» վերնագրով իր նոր տեսաժապավենը:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4