ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#16, 2010-10-23 | #17, 2010-11-06 | #18, 2010-11-20


ԶԱՐԴԱՐՎԵՍՏ

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Հայաստանում վերջին տարիներին պոլիգրաֆիայի զարգացմանը զուգահեռ շատացավ գունավոր ու գեղատիպ ալբոմների տպագրությունըՙ գրեթե ամենքն էլ արժանի մեր ուշադրության, թեեւ պատկառելի գներով, հետեւաբար վստահորեն անմատչելի լայն հասարակության: Այսուհանդերձ, ծախսալից նման գրքերի հրատարակությունը ցույց է տալիս, որ գնորդներ կան, գնահատողներ, ինչը քաջալերական երեւույթ է մեր իրականության համար:

Նման հրատարակություններից է ընթացիկ տարում Քրաֆթոլոջի հրատարակչության «Նուշիկյան պրինտ» տպագրատանը լույս ընծայած «Հայկական զարդարվեստ» (Armenian Ornamental Art) ճաշակավոր ալբոմը, հեղինակությամբ հայտնի լուսանկարիչ Հրայր Բազե Խաչերյանի եւ նույնպես հայտնի դիզայներ-գծագրիչ Արմեն Քյուրքչյանի, հայերեն եւ անգլերեն լեզուներով, նաեւ ներդիր խտասալիկով (CD):

Բազեն իսկապես սուր աչք ունի. վերեւներից նկատում, գրեթե սկանավորում է ամեն ինչ, որ արժեքավոր է: Սակայն այս անգամ, ի տարբերություն իր ցուցահանդեսներից եւ նախկին ալբոմից հայտնի լուսանկարների, աերոպատկերներ չի ներկայացնում նա, այլՙ դետալներ, մանրամասնություններ մոտիկից, քարի, մագաղաթի ու մետաղի վրա նրբագույն զարդանախշեր, որոնք ունեն ոչ միայն ձեւ ու կառույց, այլեւ գույն եւ գուներանգ:

Ալբոմում ներկայացված են նրա շուրջ 800 արտանկարումները, որոնք, ինչպես գրքի նախաբանում է արձանագրված, նրա 10 տարվա պրպտումների արդյունք են: Դրանք խմբավորված են վարդյակներ, գծային զարդեր, կենդանազարդեր, թռչնազարդեր, բուսական զարդեր, լուսանցքազարդեր, ֆիգուրալ զարդեր, լուսամուտ-շքամուտք-խորանի զարդեր, խոյակ-սյուն-հուշակոթողի զարդեր, խաչ եւ խաչքարեր, զարդատառեր եւ ցանցային զարդեր անվանումների տակ: Նրա արտանկարումների աշխարհագրական ընդգրկումը լայն էՙ Հայաստանի Հանրապետություն, Արցախ, Արեւմտյան Հայաստան, Իրան, ինչպես նաեւ Հայաստանի թե սփյուռքի տարբեր թանգարաններ ու մատենադարաններ: Սուր ու սեւեռուն աչքը ամենուր պեղել ու գտել է անհրաժեշտըՙ ամենանուրբ նախշն ու նախշազարդը, քարե դրասանգներն ու նրբահյուսվածքները: Հատկապես հիացնում են, հիանալու նոր առիթ են պարգեւում մեր ճարտարապետական կառույցների պատուհաններին, սյուների վրա, քիվերին, դռներին, գմբեթի շուրջբոլորն ու ներսը, պատարագի սեղանին, խաչքարերի վրա եւ այլուր ճարտարապետի կամ քարագործ վարպետի երեւակայության եւ ֆանտազիայի, պիտի ասեիՙ քմահաճույքի արտահայտությունն եղող քարե նրբահյուսումները: Հաճախ ենք նայել ու հիացել այդ կառույցներով, նայել ու հիացել դրանց ընդհանուր տեսքով, բայց չենք նկատել մանրամասնությունները, որոնք նույնպես գլուխգործոցներ են: Գլուխգործոցներՙ ավելի ծավալուն գլուխգործոցների մեջ կամ վրա, ինչպես ադամանդյա քարը ոսկեհյուս մատանու գլխին, կամ զմրուխտե պռոշը կնոջ մարմարյա կրծքին: Հիանալի, անկրկնելի են բոլորն էլ, ինչպես, օրինակ, Ս. Էջմիածնի Մայր տաճարի զանգակատան օրնամենտները, որոնք մի կողմ թողածՙ մեր կիսագրագետ գիդերը սովորություն ունեն զբոսաշրջիկների ուշադրությունը հրավիրելու զանգակատան առաստաղին պատկերված... կարիճի վրա: (Ի դեպ, Ս. Էջմիածնի զանգակատան ճարտարապետական, արվեստագիտական եւ արհեստագործական յուրահատկությունների մասին դեռեւս չունենք առանձին որեւէ ուսումնասիրություն: Մինչդեռ դա առանձին մի գլուխգործոց էՙ Մայր տաճարի ողջ համալիրին շուք ու շքեղութուն տվող կառույց): Բաց աստի, այս ալբոմով եւս մեկ անգամ հաստատվում, առավել փաստարկված է ներկայանում հայկական զարդաքանդակների ու նախշազարդերի անկրկնելիության մասին մեր համոզումը. դրանք բնավ չեն կրկնվում, միշտ աշխատունակ պահելով քարակոփ վարպետների ստեղծագործական միտքն ու երեւակայությունը:

Անշուշտ, ալբոմի հեղինակներին կարելի է առարկել «մաքուր» հարթաքանդակները որպես զարդաքանդակ ներկայացնելու համար: Օրինակՙ Աղթամարի Սբ Խաչի աստվածաշնչյան կամ զուտ աշխարհիկ բարձրաքանդակները, եւ կամ Մակարավանքի կենդանաքանդակները, որոնք այլՙ զուտ քանդակագործական- արձանագործական նմուշներ են ավելի շուտ: Այսուամնայնիվ, ներկա ալբոմում դրանք ներկայացված են իբրեւ զարդեր-դրանք զարդարում են ճարտարապետական կառույցը: Նույնը վերաբերում է ձեռագրերին, որոնցից նմուշներ են ներկայացված ալբոմում, հատկապես ձեռագրերի խորաններ, էջերը եզերող լուսանցքազարդեր, ինչպես նաեւ թռչնագիր կամ կենդանագիր տառատեսակներ:

Գալով ալբոմի մյուս հեղինակիՙ Արմեն Քյուրքչյանի մշակումներին, ինձ ծանոթ չէ մեկ այլ հրատարակություն այսքան ամբողջական եւ համապարփակ, որը բովանդակի շուրջ 1000 նմուշ մեր զարդարվեստի տեսականիներիցՙ բոլորն էլ մշակված ու հստակ գծագրերով ներկայացված: Դրանք կարելի է մեր զարդանկարչության ողջ տիպաշարը համարել, ոչ թե մտացածին եւ նորահնար, այլ հարթաքանդակների, մանրանկարների հարազատ ու դիզայներական բծախնդրությամբ մատուցված:

Գրքի հակիրճ նախաբանում ափսոսանքով կարելի է կարդալ, որ հեղինակների նպատակը եղել է միայն ներկայացնել հայկական «զարդարվեստն ըստ զուտ պատկերային կարգերիՙ առանց անդրադառնալու նրանց ծագումնաբանական, պատմական, իմաստաբանական առանձնահատկություններին»: Թերեւս դա հեղինակների իրավունքն է, նաեւ պարկեշտությունըՙ չմտնելու մասնագիտական մի ոլորտ, որին չեն տիրապետում: Սակայն ինձ թվում է, որ անհրաժեշտ էր նման ալբոմն օժտել հենց հայկական զարդարվեստի ծագումնաբանական ու իմաստաբանական առանձնահատկությունները վեր հանող մի ընդարձակ առաջաբանով: Մի՞թե Ասատուր Մնացականյանից հետո մենք չունենք հմուտ որեւէ մասնագետ, որի ուսումնասիրությունը ներկայացվեր այս ալբոմում:

Համենայն դեպս, լավ մտահղացումով եւ հրաշալի կատարումով արված մի գործ է նորընծա հատորը, որ բացի գեղագիտական հաճույքից, կարող է օգտակար լինել նաեւ մեր քանդակագործներին, խաչքարագործներին, ճարտարապետներին, դարբիններին եւ այլոց: Ավելին, ալբոմում կուտակված հսկայական նյութը կարող է հիմք հանդիսանալ, ատաղձ դառնալ հենց զարդարվեստի ծագումնաբանությամբ, պատմությամբ եւ իմաստաբանությամբ զբաղվող մասնագետներին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4