«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#214, 2010-11-20 | #215, 2010-11-23 | #216, 2010-11-24


«ՍԱՍՏԻԿ ԿՈՄՈՒՆԻՍՏՆԵՐ»

Լեռ Կամսարի գրական երկրորդ շնչառությունը Հ. Մալյանի անվան կինոդերասանի թատրոնումՙ «Սաստիկ կոմունիստներ» ստեղծագործության բեմադրությամբ

Ինչպես հուշում է վերնագիրը. «սաստիկ կոմունիստական» ժամանակաշրջանի ոգեւորությամբ` ցուցապաստառներով, լոզունգներով ու երգով արարվում է բեմադրության սկիզբը: Եվ «օ սարսափ հանդիսատեսի», բեմի վրա երեք սպիտակ տակառ, վրան «Порох» գրությամբ, որը ներկայացման հիմնական դեկորացիան է` «ЧК»-ի` «Գաղտնի բաժնի» աշխատանքային սեղանները: Երեք տակառ, որոնք կարծես թե խորհրդանշում են ժամանակի Անդրֆեդերացիան` Վրաստան, Ադրբեջան, Հայաստան:

Ժամանակի շնչով ինչ-որ «չեկիստի» չնեղացնելու համար գնդակահարում են «բանդիտ» հարեւանին: Գնդակահարություններ... պարզվում է, մարդը անմեղ է` անգրագետ բեռնակիր, որը կուսակցական լոզունգի կտորից իր համար անդրավարտիք է կարել, եւ լոզունգի կարեւոր հատվածը համընկել է իր մարմնի «կարեւոր մասի» հետ: Լեռ Կամսարի կծու հումորը համեմվում է կերպարների գրոտեսկի հասնող դերասանական խաղով:

«ЧК»-ի ղեկավարներն ու աշխատակիցները ամենուր հականեր են փնտրում, հաշվառում նավերով Սովետմիություն եկող հավանական գնդակահարվողներին:

Հրաման վերից` ինչ-որ մտավորական հայ է Մարսելից ժամանելու Բաթում-Երեւան հասնելու համար, պետք է ցուցաբերել սարսափելի վերաբերմունք: Բաթումի «ЧК»-ի ղեկավարը չի հասցնում ընկալել սարսափելի լավ, թե սարսափելի վատ վերաբերմունք: Եվ դա էլ դեռ բավական չէ, պարզվում է, որ «դաշնակ» է:

Արհմիութենական պատիվ` ճառ-միտինգ` ի պատիվ հայ մտավորականի, որի համար կարդացվում է հին մի ճառ նվիրված ինչ-որ Ախունդովի (տիպիկ վրացական մոտեցում), նմանատիպ հին մի ողջույնի ճառ էլ մտավորականի կողմից: Հանգուցալուծումը իրականացվում է «Կին բաժնի» կողմից` հրաման ստանալով ամեն հնարավոր եւ անհնարին միջոցով այդ «դաշնակին» դարձնել «կոմունիստ»: Պարզվում է` նա էլ պատրաստ է «Կին բաժնի» Լիզայի մեկ համբույրի դիմաց դառնալ կոմունիստ:

Դերասանական պաթետիկ-գրոտեսկային խաղ, կերպարներ որոնց խաղ-ծաղրը անթաքույց է, պարզ, հասկանալի, ցավոքՙ նաեւ զգուշացնող:

Սակայն հարցերն ուղղենք բեմադրող ռեժիսոր Մովսես Ստեփանյանին:

- Ինչո՞վ է պայմանավորված հեղինակի, եւ գրական նյութի ընտրությունը:

- Պատմվածքներ ունեի, որոնց հիման վրա ցանկանում էի ֆիլմ նկարահանել: Որոշ դժվարությունների պատճառով միտքս փոխեցի, որոշեցի բեմադրել: Ներկայացումն արդեն սկսել էի, երբ ծանոթացա Լեռ Կամսարի թոռնուհու` Վանուհի Թովմասյանի հետ: Վանուհին ինձ տվեց Լեռ Կամսարի անտիպ գործերից մեկը` «Սաստիկ կոմունիստներ» պիեսը, որը նրա շնորհիվ նոր էր տպագրվել: Սկզբում ցանկանում էի պիեսը պատմվածքներին միացնել, հետո հասկացա, որ այնքան ամբողջական է, որ իմաստ չունի: Զգացի որ սա թատրոն է, «կամսարյան» թատրոն:

Պիեսը ժամանակակից հնչեղություն ունի, չնայած գրվել է 1926թ.: Դա էր պատճառը, որ ես ընտրեցի այդ գործը:

- Ստացվում էՙ կա նյութի ժամանակային կապ այսօրվա հետ, այսինքնՙ «բոլշեւիկյան հոգեբանության» արտացոլումը մեր օրերում:

- Կարծես թե այդ հոգեբանությունը այսօր էլ կա եւ պետք է դրա մասին խոսվի, որովհետեւ, երբ չարիքի սերմը կա եւ նկատելի է, անմիջապես պետք է այն կանխել: Թատրոնն էլ կանխիչ գործիքի մի մասն է:

- Կերպարների պաթետիկ-գրոտեսկային վիճակը Ձեր մոտեցո՞ւմն է, թե՞ դերասանները իրենց մոտեցումներն ունեին:

- Անշուշտ, դա ռեժիսորական մոտեցում է: Ընդհանրապես, կոմեդիան պետք է գրոտեսկի մեջ լինի, այլապես կդառնա առօրյա կատակ, այսինքնՙ պետք է գեղարվեստական լուծում ստանա:

- Հանդիսատեսը դահլիճից հեղինակային խոսքի (Լեռ Կամսարի) կարիքն ունի: Ինչո՞վ է պայմանավորված գրական նյութի կրճատումը:

- Կերպարները շատ են, իսկ մեր դերասանական կազմըՙ քիչ, մի դերասանը երկու, երեք դեր է խաղում, բայց դա հաճելի է, քանի որ հնարավորություն ունեն ավելի բացահայտվելու: Սուղ պայմաններից ելնելովՙ մենք ի վիճակի չենք դերասաններ հրավիրելու:

- Լեռ Կամսարի ստեղծագործություններից Երեւանում բեմադրվե՞լ է:

- Բեմադրվել է վաղուց, Պարոնյանի անվան թատրոնում, սակայն շատ քիչ է խաղացվել:

- Ըստ Ձեզ` որպես ռեժիսորի, որքանո՞վ է ստացվել ներկայացումը:

- Ռեժիսորը միշտ էլ թերություններ տեսնում է եւ փորձում է շտկել: Որոշ բաներ ստացվում են, որոշ բաներՙ ոչ, քանի որ կերպարն արդեն դերասանինն է: Ես փորձում եմ անել ամեն ինչ, որ ներկայացումը ամբողջական լինի:

Զրուցեցինք դերասանների հետ, ովքեր միեւնույն հարցի վերաբերյալ ունեին յուրովի մոտեցումներ:

- Կերպարի գրոտեսկը որքանո՞վ է ստացվել:

  Դերասան Լեւոն Մելոյան . «Դեռ չի ստացվել: Գրոտեսկ ասվածը ես ուրիշ կերպ եմ պատկերացնում, ռեժիսորըՙ ուրիշ: Ես կարող էի շատ ավելի գրոտեսկային ներկայացնել, բայց ռեժիսորը ասում էՙ այսպես լավ է, բայց ինձ չի գոհացնում, դեռ շատ պետք է աշխատենք»:

  Դերասան Լեւոն Ղազարյան . «Լեռ Կամսարը կերպարները հետաքրքիր կերպ է մեկնաբանում: Ինձ համար հետաքրքիր է իմ կերպարը: Սա վերջը չէ, հնարավորություն կա այս կերպարը դարձնելու ավելին, ինչ հիմա է: Լեռ Կամսարի գրածը թույլ է տալիս, եւ ինձ թվում էՙ ավելի լավ կլինի»:

- Ձեր կարծիքը ներկայացման մասին:

  Դերասան Արա Սարգսյան . «Նյութը ամբողջությամբ վերցրած չէ, նյութի կառուցվածքից շատ բան է պակասում, կարող էր ավելի հարուստ լիներ: Լեռ Կամսարը հրաշալի երգիծաբան է, եւ ափսոս է նյութից հատվածներ կորցնել»:

Ներկայացման մասին զրուցեցինք նաեւ Լեռ Կամսարի թոռնուհու` Վանուհի Թովմասյանի հետ:

- Ըստ Ձեզՙ հաջողվե՞լ էր բեմադրության մեջ ներկայացնել ստեղծագործության ոգին, եւ բեմադրական պաթետիկ ոճը օգնե՞լ, թ՞ե խանգարել էր գրական նյութի ընկալմանը:

- Դերասանները շատ լավ են խաղում, ռեժիսուրան շատ լավ է: Գործողությունները շատ արագ են զարգանում: Ստեղծագործության ոգին արտահայտված է, բայց ինչ-որ թերի բան կար, որը ես չեմ կարողանում գտնել: Գուցե ավարտն է:

- Ռեժիսորը հարազա՞տ է մնացել գրական նյութին:

- Այնտեղ մի քանի պատկեր ռեժիսորը բաց է թողել, պատճառը դերասանական կազմի անբավարար լինելն է, բայց ասելիքը ասաց:

- Ձեր կարծիքը բեմադրության մասին:

- Ռեժիսուրան ինձ շատ դուր եկավ, դերասանները շատ լավ են խաղում: Ուղղակի չգիտեմ, ներկա սերունդը, որը սովետական կարգերում չի ապրել, ինչպե՞ս կհասկանա: Ես ապրել եմ այդ ժամանակներում, գիտեմ: Այնտեղ գաղտնի բաժին կա, «ЧК»-ի արած անօրինականություններ, ես ընկալում եմ, բայց նոր սերունդը ինչպե՞ս կընկալի:

ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4