«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#217, 2010-11-25 | #218, 2010-11-26 | #219, 2010-11-27


ԳՅՈՒԼԸ ԲԵՌՆՈՒՄ ՎԵՐԱՀԱՍՏԱՏԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲՆԱԿԱՆՈՆ ԴԱՐՁՆԵԼՈՒ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆԸ

Երեկվա մեր հրապարակման մեջ, հենվելով շվեյցարական մամուլի հրապարակումներում առկա շեշտադրումներին, իրազեկել էինք, թե Գյուլիՙ Բեռն եւ Ցյուրիխ կատարած պաշտոնական երկօրյա այցի առանցքային թեման Հայաստանի հետ հարաբերություններն ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումն են լինելու:

Դարձյալ հենվելով նույն աղբյուրներինՙ տեղեկանում ենք, որ Թուրքիայի նախագահին եւ նրա տիկնոջը հյուրընկալելովՙ Շվեյցարիան իր արարողակարգի բարձրագույն պատվո ընդունելությանն է արժանացրել: Բունդեսհաուսում Գյուլին ողջունելով, Շվեյցարիայի նախագահ Դորիս Լոյթհարդը հորդորել է Թուրքիային շարունակել Հայաստանի հետ հարաբերությունները բնականոն դարձնելու ընդհատված գործընթացը:

Դաշնային նախագահը խոսել է 1923-ին Թուրքիայի Հանրապետության հիմնադրման, երկու երկրների նմանությունների մասինՙ որպես օրինակ մատնանշելով Շվեյցարիայի օրենսդրության նմանությամբ կազմված Թուրքիայի օրենսդրությունը, նաեւ այն, որ երկու երկրներն էլ ԵՄ-ի անդամ չեն, բայց կա ինտեգրվելու մեծ կամքՙ Թուրքիան մայիսի կեսերին Եվրոխորհրդի նախարարների կոմիտեի վեցամսյա նախագահությունն է ստանձնել:

  Գյուլն էլ իր հերթին գովաբանել է Շվեյցարիայինՙ առանց հիշատակելու Հայոց ցեղասպանությունը ճանաչելու, մինարեթների հետ կապված երկու երկրների միջեւ վերջին 5 տարիներին գոյացած վիհը, որ ժամանակին խիստ քննադատության էր արժանացրել: Դաշնային նախագահին ուղղված իր խոսքում հիշատակել է Թուրքիայի համար պատմական փուլ հանդիսացած Լոզանի եւ Մոնթրյոյի (Montreux) պայմանագրերը (վերջինով Թուրքիային լիիրավ իշխանություն էր տրվում վերստին տեր դառնալ Դարդանելին, Մարմարային եւ Բոսֆորին): Հայաստանի հետ հարաբերություններում Շվեյցարիայի միջնորդական դերը գովաբանելով Թուրքիայի նախագահն ասել է. «Շարունակում ենք ջանք գործադրել խաղաղության ամրապնդման, անվտանգության եւ բարեկեցության առումով»: Դաշնային նախագահ Լոյթհարդն ասել էՙ չի կարելի խնայել ջանքերը երկխոսության եւ համագործակցության ուղին շարունակելու առումով, որով Թուրքիան եւ Հայաստանը «մեծ քաջությամբ» ընթացան: Հույս ունենք, որ երկու երկրների միջեւ նորմալացման գործընթացը կշարունակվի:

Բացի առանցքային վերոնշյալ հարցերիցՙ Թուրքիայի նախագահի պաշտոնական այցը տնտեսական հետաքրքրություններ էլ ունի: Շվեյցարիայի նախագահը երկու երկրների տնտեսական հարաբերություները որակել է «մեծ ներուժ ունեցող»: Թուրքիան նշանակալի առեւտրային գործընկեր է Շվեյցարիայի համար, իսկ Շվեյցարիան «մեծ կշիռ ունեցող տնտեսական դերակատար» Թուրքիայում, 6-րդ խոշոր ներդնողը Թուրքիայում: Հունիսին երկու երկրները կնքել էին կրկնակի հարկման վերաբերյալ պայմանագիր: Ըստ շվեյցարացի վերլուծաբանների, առեւտրային փոխգործակցությունը համամասն չէՙ Շվեյցարիան 3 անգամ ավելի է արտահանում, քան Թուրքիայից ներկրում է: Լոյթհարդն ընդգծել է նաեւ, թե Թուրքիան էներգետիկ կամուրջ է արեւելյան արտադրողների եւ արեւմտյան սպառողների միջեւ: Դաշնային նախագահը նշել է, թե Գյուլի պետական այցը «բարեկամական հարաբերությունները հետագայում էլ ամրապնդելու հստակ ազդանշան է»: Դաշնային խորհրդիՙ Բունդեսռաթի ողջ կազմի առջեւ ելույթ ունենալովՙ Գյուլը հստակեցրել է, թե իր երկիրը հետաքրքրված է Հայաստանի հետ հարաբերությունները բնականոն դարձնել: Բեռնում կայացած մամուլի ասուլիսում նա լրագրողներին ասել է. «Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ բնականոն հարաբերությունները մեզ համար շատ կարեւոր են: Բայց դրա համար պիտի ողջ կովկասյան տարածաշրջանը նկատի ունենալՙ Վրաստան, Ադրբեջան, Լեռնային Ղարաբաղ: Խնդիրները պիտի լուծում գտնեն: Թուրքիան Կովկասում կայունության կողմնակից է: Պատրաստ ենք դրանում մեր ներդրումն ունենալ», ասել է Թուրքիայի նախագահը: Պիտի քանդել պատնեշները: Սա կարեւոր է նաեւ էներգակիրների առումով: Գնալով ավելանում է կասպյան նավթի եւ գազի պաշարներիՙ Թուրքիայով Եվրոպա առաքումը»: Լրագրողների այն հարցին, թե Թուրքիան ակնկալո՞ւմ է Հայաստանի հետ իր հարաբերություններում Շվեյցարիայի նորացված միջնորդությունը, Գյուլն ասել էՙ բաց պիտի լինել բոլոր ջանքերի առջեւ: Հաջորդ հարցըՙ նախագահ Գյուլի համար ի՞նչ է նշանակում մինարեթների շվեյցարական կողմի արգելքը: Թուրքիայի նախագահը հիշեցրել է, թե շվեյցարացիները գիտակից մոտեցում ունենՙ ակնարկելով, թե ի վերջո Շվեյցարիան փաստել է, թե բազմալեզու երկրում կարող է բազմածալ մշակույթն ազատ գոյակցել: Մինարեթները սպառնալիք չեն, ասել է Թուրքիայի նախագահըՙ հղում անելով երկու երկրների միջեւ մշակութային կամուրջ հանդիսացող Շվեյցարիայում ապրող շուրջ 120 000 թուրք եւ ծագումով թուրք ներգաղթյալներին:

Շվեյցարական մամուլը նշում է, թե այցն ընթանում է առանց միջադեպերի, թեեւ Գյուլի այցի դեմ բողոքի են ելել տեղաբնակ քրդերը:

Այցի առաջին օրը շվեյցարական մամուլը զետեղել էր նաեւ Շվեյցարիա-Հայաստան ընկերակցության նախագահ Սարգիս Շահինյանի կարծիքը, որիՙ մամուլին ուղարկած երեկվա հայտարարությունը համառոտ հետեւյալն էր նշում. «Տարբեր բնագավառներում Շվեյցարիան օրինակ է Թուրքիայի համար, բաց է մնում, թե արդյոք ինչո՞ւ դա չի ներառում մարդու իրավունքների, ՄԱԿ-ի ցեղասպանության կոնվենցիան: Թեպետ թուրքական հանրությունը հստակ նշաններ է ցույց տալիս, այդուհանդերձ անցյալի ծանր բեռը վերանայելու առումով Անկարայից ակնկալում ենք ճանաչել 1915-ի ցեղասպանությունըՙ այդ հարցում ուղեկից ունենալով Շվեյցարիան», ասված է հաղորդագրության մեջ:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4