«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#217, 2010-11-25 | #218, 2010-11-26 | #219, 2010-11-27


ՄԱՆՐԱՔԱՆԴԱԿԻ ԴՊՐՈՑԻ ՀԻՄՆԱԴԻՐ ԲԵՆԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆ

20-րդ դարի հայ արվեստի տաղանդավոր ներկայացուցիչներից է Բենիկ Պետրոսյանը, որը հայ մանրաքանդակի դպրոցի հիմնադիրն է: Իբրեւ այդ ժանրի անգերազանցելի վարպետՙ նա միաժամանակ հիացրեց բազմաժանրությամբ ստեղծագործելով ու սերունդներին թողեց մոնումենտալ եւ հաստոցային քանդակի, դրվագումի, գեղանկարի ու գրաֆիկայի, ձուլածո եւ կոփածո աշխատանքների, խեցեգործության ու փայտի փորագրության մի ստվար ժառանգություն: Հակառակ իր ապրած կյանքի կարճատեւությանը, նա հասցրեց երկարատեւ ստեղծագործական ուղի անցնել շնորհիվ ի վերուստ տրված շնորհքի, բարձրաճաշակության ու աշխատասիրության:

Այսօր Բենիկ Պետրոսյանի 800-ից ավելի աշխատանքները խիստ կարիք ունեն մշտական ցուցադրության: Չնայած որ Հանրապետության 38 հասցեում են այժմ տեղադրված նրա աշխատանքները, սակայն դրանք հնարավոր չէ ցուցադրել համապատասխան պայմանների բացակայության պատճառով եւ որպես պահեստային մաս ծառայող տարածքը շուրջ 7 տարի գտնվում է իրացման գոտում, անորոշ իրավիճակում պահելով թանգարանի ստեղծման գաղափարը:

Հաշվի առնելով, որ տաղանդավոր արվեստագետի 70-ամյակը լրացավ այս տարի, ՀՀ մշակույթի նախարարությունը 2010 թ. հոբելյանական միջոցառումների շրջանակում ընդգրկել է նաեւ Բենիկ Պետրոսյանի 70-ամյակը: Արժանին մատուցելով արվեստագետի թողած ստեղծագործական ժառանգությանըՙ մշակութասեր հանրության սեղանին դրվեց «Բենիկ Պետրոսյան» պատկերազարդ ալբոմըՙ 270 էջով, որտեղ զետեղված են արվեստագետի տարբեր շրջանների աշխատանքների լուսանկարներըՙ ամբողջացնելով նրա արվեստը:

Գրքի շնորհանդեսը կայացավ երեկ նկարիչների միության ցուցասրահում բացված Բենիկ Պետրոսյանի աշխատանքների ցուցահանդեսի ժամանակ: Ցուցահանդեսում ներկայացված էին արվեստագետի բոլոր ժամանակների, բոլոր աշխատանքներից մաս-մաս փոքր հատվածներՙ գրաֆիկա, մանրաքանդակ, կերամիկա, մոնումենտալ, փայտից, մետաղից ու քարերից համադրված շուրջ 350 աշխատանք: Ինչպես Բենիկ Պետրոսյանն էր երազումՙ «բացել մանրաքանդակի մշտական դպրոց, միջազգային կենտրոնՙ իր ցուցասրահներով ու արվեստանոցներով, ուր աշխարհի տարբեր ծայրերից ժամանած արվեստագետներ կաշխատեին, կծանոթանային մեր դպրոցին ու նրա համբավը կտարածվեր աշխարհով մեկ...»:

Ցուցահանդեսի բացման առիթով ջերմ խոսքեր ասվեցին, բարձր գնահատեցին Բենիկ Պետրոսյանի ստեղծագործական մտքի թռիչքը, որի արդյունքում ոչ միայն Հայաստանի ամեն մի վայրում, այլեւ նախկին խորհրդային տարածքում, Ռումինիայում, Հարավսլավիայում, Կանադայում, Ճապոնիայում, Սիրիայում, Լեհաստանում, Գերմանիայում, Հոլանդիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ումՙ իր կենդանության օրոք թե հետմահու, ամենուր հաստատվեց ժամանակակից ստեղծագործողի բարձր պրոֆեսիոնալիզմն ու իր անդավաճան պատկանելությունը հայ քանդակագոծության ազգային դպրոցին: «Բենոյի արվեստի հետ պետք է ուղղակի հաղորդվել, զգալ այն նրբությունները, որոնք մեկից-մյուսը անցնում են չկրկնելով նախորդին...», այսպես բնորոշեցին Բենիկ Պետրոսյանին արվեստաբաններ Սարո Սարուխանյանը, Շահեն Խաչատրյանը, Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը եւ ուրիշներ, շեշտելով. «Բենոյի համար արվեստը ինքնահաստատման, ինքնաբացահայտման որոշակի հնարավորություն չէր, այլՙ առաքելություն...»:

Ցուցահանդեսի բացման կարմիր ժապավենը կտրելու պատիվը տրվեց Բենիկ Պետրոսյանի 10-ամյա նկարիչ թոռանըՙ Տիգրանիկին: Նշենք, որ ցուցահանդեսը բաց կլինի մինչեւ դեկտեմբերի 6-ը:

Մինչեւ տարեվերջ Թումանյան 9 շենքի պատին կբացվի Բենիկ Պետրոսյանի հուշաքարը, որտեղ մի քանի տասնյակ տարի ստեղծագործել է արվեստագետն իր արվեստանոցում:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4