«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#221, 2010-12-01 | #222, 2010-12-02 | #223, 2010-12-03


ԿՈՄԻՏԱՍ ՎԱՐԴԱՊԵՏԻ 140-ԱՄՅԱԿԸ ՆՇՎԵՑ ՆԱԵՎ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ

Դեռեւս Սուրբ Էջմիածնի Գեւորգյան ճեմարանում ուսանելու տարիներին Կոմիտաս վարդապետը նկատելի հետաքրքրություն է դրսեւորել խազերի ու խազգրքերի հանդեպ` նպատակ ունենալով վերականգնել հայոց հին եկեղեցական մեղեդիներն ու եղանակները: Խազգրքերը միջնադարյան հոգեւոր երգերի ժողովածուներ են, որոնցում երգերի բնագրերը խազագրված են, այսինքն` յուրաքանչյուր բառ վանկատված է ու վանկի վրա երգի մեղեդին ցուցանող նշաններ կան: Այն բոլոր ձեռագրերը, որ Կոմիտաս վարդապետն ուսումնասիրել է հայկական խազերը վերծանելու ժամանակ, առաջին անգամ հանրությանն են ներկայացվել Մաշտոցյան Մատենադարանում:

«Ցուցադրվող ձեռագրերից յուրաքանչյուրը Կոմիտասն օր ու գիշեր թերթել է Էջմիածնի մատենադարանում, դրանց էջերը մինչ օրս ասես պահում են Վարդապետի շունչն ու ջերմությունը: Իր գիտական գործունեության ողջ ընթացքումՙ շուրջ 20 տարի, նա ուսումնասիրում էր խազգրքերը, որոնց բանալին 17-րդ դարի վերջին արդեն կորսված էր: Ըստ երգահանի հայտարարության, 1914-ին նա արդեն կարդում էր խազագրված ամենապարզ երաժշտական նախադասությունները: Վարդապետը ծավալուն աշխատություն էր գրելՙ ներկայացնելով իր ուսումնասիրության արդյունքները, բայց, ցավոք, այդ աշխատանքը բազում այլ աշխատությունների հետ կողոպտվեց ու ոչնչացվեց 1915թ. ապրիլի 24-ինՙ Վարդապետի ձերբակալության օրը: Նրա խազաբանական գրառումներում եւ եկեղեցական երաժշտությանը նվիրված հոդվածներում եւ ուսումնասիրություններում բազում մեջբերումներ կան այստեղ ցուցադրված ձեռագրերից: Կոմիտասը մանրամասն նկարագրել է այդ ձեռագրերն ու վերծանել դրանց հիշատակարանները», Մատենադարանի ցուցասրահում նախորդ օրը բացված «Կոմիտաս վարդապետ» ցուցադրության ժամանակ ասաց Մատենադարանի տնօրենի` տեղեկատվական տեխնոլոգիաների եւ հրատարակչական հարցերով խորհրդական Գուրգեն Գասպարյանը , որի կազմմամբ լույս են տեսել «Կոմիտաս վարդապետ. լուսանկարների ալբոմ», «Նամականի», «Կոմիտասը ժամանակակիցների հուշերում ու վկայություններում» գրքերը:

Կոմիտասին առնչվող բազում վավերագրեր կան նաեւ Մատենադարանում պահվող կաթողիկոսական դիվանում, դրանցից առաջին անգամ ցուցադրվում են Էջմիածնի միաբաններ Կյուրեղ Սրապյանին, Տիրայր վարդապետին, Մեսրոպ Սմբատյանին Կոմիտասի գրած նամակների ինքնագրերը, միաբան Համազասպ Համազասպյանին ընծայված լուսանկարը: Ցուցադրվում է նաեւ Սողոմոն ավագ սարկավագ Սողոմոնյանի Գեւորգյան ճեմարանն ավարտելու վկայականը եւ նրա ավարտաճառի ինքնագիրըՙ նվիրված Ներսես Շնորհալու կյանքին եւ գործունեությանը: Այդ վավերագրերը Մատենադարանին է տրամադրել Հայաստանի ազգային արխիվը:

Ցուցադրության բացմանը ելույթ ունեցավ նաեւ Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը, իր պատկերավոր խոսքում ուրվագծելով Կոմիտասի սրբագույն կերպարը. «Գերագույն ճիգով ու մաքառումով մեր ժողովուրդը ոչ միայն ստեղծել, այլեւ փրկել է իր հոգեւոր գանձերն իր պատմության ահեղ կեռմաններում եւ, իբրեւ սրբազան հիշողությունՙ ժողովվել էՙ դրա մեջ տեսնելով իր գոյության գերագույն իմաստն ու խտացումը: Ահա այդ աշխարհից է սկիզբ առել Կոմիտասը: Ձեռագրերից է վերընձյուղվել նրա հանճարըՙ աստվածային ներշնչանքն ու ներզգացողությունը, սկսած Ներսես Շնորհալու մասին փայլուն ավարտաճառից մինչեւ խորագետ ուսումնասիրություններն ու վերծանությունները խազաբանության բնագավառում: Նա մեր ազգային մելոսի հանճարն է, մեր սրբազան հիշողության վերծանողը: Այս ձեռագրերը ներծծված են Կոմիտասով: Նրանք պահպանում են նրա հայացքը, հպումները, մատնադրոշմերը, նրանց վրա կա Կոմիտասի թափառող հոգու կնիքը, կենդանի բարբառն ու երգեցիկ ձայնը»:

Ցուցադրված կոմիտասյան մասունքներից ուշագրավ են Կոմիտաս վարդապետի դաշնամուրի աթոռը, որ պահվում է Մատենադարանում, ինչպես նաեւ վարդապետական սաղավարտը, որ նա կրել է եկեղեցական արարողության ժամանակ: Այս մասունքը ցուցադրությանն է տրամադրել Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը: Ցուցափեղկերում ներկայացված վեց վահանակներում Վարդապետի տարբեր տարիների լուսանկարներն ենՙ դիմանկարներ, խմբանկարներ, որոնց միջոցով վերստին կենդանանում է նրա անցած ուղին, գիտական, մանկավարժական ու համերգային գործունեությունը: Լուսանկաներում մտերիմներն ու բարեկամներն են` Արշակ Չոպանյանը, Հովհաննես Թումանյանը, Ավետիք Իսահակյանը, Լեւոն Շանթը, Հակոբ Մանանդյանը, Հովհաննես Աբելյանը եւ այլք` համախոհներն ու աշակերտները:

Ձեռագրերի, արխիվային նյութերի ու թանկագին մասունքների կողքին երեկ տեղի ունեցավ Գուրգեն Գասպարյանի վերոնշյալ գրքերի շնորհանդեսը: «Կոմիտաս Վարդապետ. լուսանկարների ալբոմը» ներկայացնում է 1890-1915թթ. Կոմիտասի լուսանկարները, ինչպես նաեւ նրա կյանքին ու գործունեությանն առնչվող բազում վավերագրեր, մտերիմների ու գործընկերների, անձնական իրերի պատկերները, որոնց մեծ մասը լույս է տեսնում առաջին անգամ: «Կոմիտաս Վարդապետ. նամականի» մատենաշարը լույս է տեսել Տիգրան Մանսուրյանի խմբագրությամբ: Ժողովածուն ընդգրկում է 1894-1914թթ. Կոմիտասի գրած 184 ու ստացած 35 նամակները, որոնցից ավելի քան 60-ը լույս է տեսնում առաջին անգամ: Գիրքը լույս է տեսել Վարուժան եւ Հիլդա-Տիրուհի Բուրմայանների (Բրազիլիա) եւ Մարտիրոս Գրիգորյանի (Իրան) հովանավորությամբ: «Կոմիտասը ժամանակիցների հուշերում ու վկայություններում» ժողովածուում ընդգրկված հուշերն ու վկայությունները ներկայացնում են Կոմիտասի (1869-1935) կյանքի ու ստեղծագործության դրվագները: «Կոմիտաս Վարդապետ. ուսումնասիրություններ եւ հոդվածներ» հրատարակությունը 2 գրքով ներկայացնում է Կոմիտասի երաժշտագիտական ժառանգությունըՙ 1892-1915 թթ. գրած ուսումնասիրություններն ու հոդվածները: Երկրորդ գրքում ընդգրկված են 1908-1915թթ. աշխատությունները: Երկհատորյակը լույս է տեսել Գալուստ Գյուլբենկյան հիմնարկության հովանավորությամբ:

Ցուցադրության բացմանն աջակցել է մշակույթի նախարարությունը, որը եւ Գուրգեն Գասպարյանին պարգեւատրեց նախարարության ոսկե մեդալով` ի տրիտուր կատարած ջանադիր աշխատանքի: Մայր աթոռ Սուրբ Էջմիածնից Գասպարյանը ստացավ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությունն ու սրտագին մաղթանքները` տեր Ասողիկ քահանա Կարապետյանի փոխանցմամբ: Տեր Ասողիկի հետ Մատենադարան էր եկել Սբ Գեղարդա վանքի երգեցիկ խումբը` (գեղարվեստական ղեկավար Մհեր Նավոյան, խմբավար Անահիտ Պապայան) կոմիտասյան մաքրամաքուր երգերով հիացնելու եւ Վարդապետի կենդանի գոյությունը զգալի դարձնելու:

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4