«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#221, 2010-12-01 | #222, 2010-12-02 | #223, 2010-12-03


ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ԵՐԵԿՈ - ԿԻՄ ԵՐԻՑՅԱՆ

Տոնական իրարանցում, թատրոնը լիքն է յուրայիններով:

Երեկ Երեւանի քաղաքապետարանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ հոբելյանական երեկո նվիրված ՀՀ ժողովրդական արտիստ Կիմ Երիցյանի 80-ամյակին:

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հրամանով ՀՀ ժողովրդական արտիստ Կիմ Երիցյանը պարգեւատրվեց նախարարության ոսկե մեդալով: Հոբելյանին ուղերձ էին հղել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, կինոռեժիսոր Ռուբեն Գեւորգյանցը եւ այլք:

Հոբելյարին շնորհավորեց Երեւանի քաղաքապետարանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ժողովրդական արտիստ Արմեն Խանդիկյանը եւ ամբողջ անձնակազմի կողմից հոբելյանին օծեցին «Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի զինվոր» կոչմամբ:

Հոբելյանական երեկոյի ընթացքում Կիմ Երիցյանը պատմեց դրվագներ իր կյանքից: Նա այդ պատմություններից մեկի հիման վրա գրել է գիրք` «Հացը եւ լացը», որը շուտով լույս կտեսնի:

Մենք զրուցեցինք Կիմ Երիցյանի հետ:

- Ձեր ամենասիրած, բայց այդպես էլ չխաղացված դերը:

- Ամենաչսիրած դեր չունեմ, ամենասիրած դեր չունեմ, չխաղացած դերերս ավելի շատ են քան խաղացածս:

- Վաստակաշատ եւ գնահատված լինելով հանդերձ, ինչի՞ պակաս եք զգում:

- Մարդ որքան ապրում է, պակասության կարիք ունի, նույնիսկ վաստակածի, չվաստակածի դեպքում: Ամենակարեւորը միայնակ չլինելն է:

- Ասում են գալիս է ինչ-որ տարիք, երբ երազանքները փոխարինվում են նպատակներով: Այժմ ի՞նչ նպատակներ ունեք:

- Ով նպատակ չունի, իզուր է ծնվել, նպատակը միշտ գոյություն ունի, բայց նրա շարժիչ ուժը` նպատակասլացությունն է: Այդ մեխանիզմը եթե ունենաս, նոր պետք է մտածես նպատակիդ մասին:

- Արվեստում ի՞նչն եք կարեւորում:

- Ինքը արվեստը, ամենակարեւորն է, ինչը կարեւորեմ կարեւորի մեջ:

ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4