«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#224, 2010-12-04 | #225, 2010-12-07 | #226, 2010-12-08


«ՓՈՐՈՒՄ ԵՆ ՄԵՀԴԻԵՎԻ ԳԵՐԵԶՄԱՆԸ»

Դեկտեմբերի 7-ին այդ մասին գրել է թուրքական «Դունյա բուլթենի» կայքէջըՙ վկայակոչելով ադրբեջանական մամուլը: Խոսքը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհդիեւին թոշակի ուղարկելու մասին է: Ըստ թուրքական կայքէջի, Ադրբեջանում նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը դեռեւս Իլհամի հորՙ Հեյդարի օրոք զբաղեցնող Մեհդիեւը վերջին տարիներին դարձել է իշխանության ամենազորեղ ներկայացուցիչը:

Թեեւ Իլհամը, ստանձնելով նախագահի պաշտոնը, ձեռնամուխ է եղել պաշտոնազրկելու այն պետական գործիչներին, որոնց իր հայրն էր նշանակել, թուլացնելով միաժամանակ առողջապահության նախարար Ալի Ինսանովի, էկոնոմիկայի նախարար Ֆերհադ Ալիեւի, այդ թվում նաեւ իր հորեղբոր Ջելալ Ալիեւի դիրքերը, սակայն ստիպված է եղել զբաղեցրած պաշտոնում պահել Մեհդիեւին եւ թիկնազորի հրամանատար Բեյլեր Էյուբովին:

Որքան էլ այս հանգամանքը, ըստ փորձագետների, պայմանավորվի Իլհամ Ալիեւի պարտադրվածությամբ, այնուամենայնիվ նա խորհրդարանական ընտրություններից հետո Մեհդիեւին պաշտոնից ազատելու հարցում սկսել է վճռականություն դրսեւորել: Ենթադրվում է, որ Ալիեւին նախագահի աշխատակազմում եւ իշխանության մեջ արմատակալած եւ պայմանական անունով «կոմսոմոլ» կոչվող ազդեցիկ խմբի աջակցությամբ կհաջողվի պաշտոնանկ անել Մեհդիեւին:

Հ. Չ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4