«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#224, 2010-12-04 | #225, 2010-12-07 | #226, 2010-12-08


«ՀԱՅՈՑ ՊԱՏՐԻԱՐՔԱՐԱՆԻ «ՍԱԴՐԻՉ» ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ»

Թուրքական «Ռադիկալը» այսպես է արձագանքել հոգեւոր խորհրդի վերջին հաղորդագրությանը

  «Ազգը» դեկտեմբերի 4-ին «Ստամբուլում չեն հանդարտվում պատրիարքի ընտրության շուրջը բորբոքված կրքերը» վերնագրով անդրադարձել էր «Սթարի» դեկտեմբերի 1-ի հրապարակմանը, որը մեկնաբանության բնույթի առաջաբանով իր կայքէջում էր տեղադրել Կ. Պոլսո հայոց պատրիարքարանի ենթակայության տակ գտնվող «Հայթերթը»:

Թուրքական թերթը գրել էր, որ թուրքահայ համայնքը ընդվզել է պատրիարք ընտրելու իր իրավունքի ոտնահարման դեմ, դրա համար մեղավոր է ճանաչել Թուրքիայի վարչապետ Էրդողանի կառավարությանը եւ նոր պատրիարք ընտրելու թույլտվության պահանջով կազմակերպել է ստորագրահավաք, որին մասնակցել են համայնքի ավելի քան 5300 անդամներ: Առաջաբանում հոդվածին էր պատասխանել «Հայթերթը», գրելով. «Պատրիարքի ընտրությամբ մեր իրավունքը ոտնահարելու պնդումները մոլորեցնող են, ե՛ւ ներքին գործերի նախարարը, ե՛ւ պատրիարքարանի հոգեւոր խորհուրդը հայտարարել են, որ պատրիարքական ընտրությունները անցկացվելու են այնպես, ինչպես նախկինում: Պարզապես չի թույլատրվել աթոռակից պատրիարքի ընտրությունը, իսկ դա ամենեւին էլ համայնքի պատրիարք ընտրելու իրավունքի ոտնահարում չէ»:

Թեեւ «Հայթերթի» գրածներն ուղղված էին նոր պատրիարքի փոխարեն տեղապահի ընտրության պատճառով մասնատման շեմին կանգնած թուրքահայ համայնքի ընդդիմադիր թեւին, բայց եւ այնպես այս կայքէջը վարչապետ Էրդողանի կառավարության ինքնակոչ դատապաշտպանի հովերով հերքել էր նաեւ «Սթարին»: Սակայն դա իրերի դրությունը չէր փոխել: Հաջորդ օրը «Հյուրիեթ» թերթում «Պատրիարքության կռիվ» վերնագրով ընդարձակ հոդվածով ասպարեզ էին իջել հայտնի թուրք լրագրող Սեֆա Քափլանն ու Մուստաֆա Քուչուքը:

Ի տարբերություն «Հայթերթի», նրանք հաշվի առնելով նոր պատրիարքի փոխարեն տեղապահի ընտրությունը, գրել էին. «Կառավարությունը, աղավաղելով ընտրության ընթացակարգը, ուղղակի միջամտեց ընտրություններին: Դրանց առնչվող վերջին միջադեպին ականատես եղանք «Կրոնական ազատությունները Թուրքիայում» թեմայով Եվրոխորհրդարանում կազմակերպված կոնֆերանսում, երբ մասնակիցների հարցերին պատասխանեց Եվրոմիության գծով պատասխանատու պետնախարար Էգենեն Բաղըշը: Նա «Ինչո՞ւ թուրքական կառավարությունը միջամտեց պատրիարքի ընտրություններին» հարցը համարեց «անարդարացի» եւ ընդգծեց, որ տեղապահ ընտրված Արամ արք. Աթեշյանը Մեսրոպ Բ Մութաֆյանի ամենավստահելի բարեկամն էր եւ տեղապահի պաշտոնի ամենանպատակահարմար թեկնածուն»:

Այսինքնՙ Պոլսո հայոց նոր պատրիարքի փոխարեն տեղապահ ընտրելու խնդիրը դուրս է եկել ոչ միայն թուրքահայ համայնքի շրջանակից, այլեւ Թուրքիայի սահմաններից եւ արձագանք է գտել նույնիսկ Եվրոխորհրդարանում: Ավելին, եվրոպացի խորհրդարանականները հարցերով պետնախարար Բաղըշին պատրիարքական ընտրություններին թուրքական կառավարության միջամտության պատճառը հարցնելիս պատրիարք ընտրելու իրավունքից համայնքին զրկելու մեջ անմիջականորեն մեղադրել են Էրդողանի կառավարությանը:

Սակայն այս ամենը չի խանգարել պատրիարքի տեղապահ Արամ արք. Աթեշյանի ենթակայության տակ գտնվող պատրիարքարանի հոգեւոր խորհրդին, որ նույն օրըՙ դեկտեմբերի 2-ին հանդես է եկել հաղորդագրությամբ, որտեղ էլ հայտարարել է. «Միանգամայն սխալ են եւ անհիմն հայ համայնքի հոգեւոր առաջնորդ ընտրելու իրավունքից զրկելու մասին թուրքական պետությանը հասցեագրված արտահայտությունները: Անհիմն են նաեւ պատրիարքի տեղապահի ընտրությամբ պատրիարքության մյուս թեկնածուների ընտրության իրավունքի ոտնահարման պնդումները»:

Եթե մի պահ ընդունենք, որ թուրքահայ համայնքի ընդդիմադիր թեւը տեղապահի ընտրությունը քննադատելիս ընդդիմանում է Արամ արք. Աթեշյանին, իսկ թուրքական թերթերըՙ վարչապետ Էրողանի կառավարությանը, ապա հարց է ծագումՙ ո՞ւմ է ընդդիմանում Եվրոխորհրդարանը, երբ Թուրքիայի պետնախարարին հարցնում է երկրում թուրքահայերի հոգեւեր առաջնորդ ընտրելու իրավունքի ոտնահարման պատճառը: Պատրիարքարանի հոգեւոր խորհուրդն, ինչ խոսք, ունի յուրաքանչյուր հետեւություն հերքելու իրավունքը: Սակայն հերքում էլ պետք է համոզիչ լինի, այլապես տարակուսանք կառաջացնի:

Տարակուսանքի պարագայում խոսքը «Ռադիկալի» մասին է: Թուրքական այս թերթը դեկտեմբերի 3-ին պատրիարքարանի հոգեւոր խորհրդի հայտարարությանը արձագանքել է հետեւյալ վերնագրովՙ «Հայոց պատրիարքարանի «սադրիչ» հայտարարությունը»: Եթե «Ռադիկալի» վերնագրում սադրիչ բառը չակերտների մեջ է վերցված, ապա դա ընդգծելու համար է:

Խնդիրը սակայն սոսկ թուրքական համայնքի ընդդիմադիր թեւը չէ, ոչ էլ թուրքական թերթերն են կամ խորհրդարանը, այլ պատրիարքի տեղապահի ընտրությամբ համայնքում բորբոքված կրքերը, համայնքի հետ նաեւ այդ կրքերի թուրքական եւ եվրոպական արձագանքներն անտեսելու հոգեւոր խորհրդի համառությունը, որը ոչ միայն կառավարության միջամտության համար խոցելի է դարձնում համայնքին, այլեւ այս գործելակերպի պատճառով էլ նախադրյալներ է ստեղծում, որ Եվրոպայում էլ խոցելի դառնա վարչապետ Էրդողանի կառավարությունը:

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4