«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#224, 2010-12-04 | #225, 2010-12-07 | #226, 2010-12-08


ՊԼԱՍԻԴՈ ԴՈՄԻՆԳՈՆ «ՀԱՅՏՆԱԳՈՐԾԵՑ» ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՌՈԶԻ - ԱՆՈՒՇ ՍՎԱԶԼՅԱՆԻՆ

Դեկտեմբերի 3-ին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի, պետական բարձրաստիճան այրերի եւ երաժշտասեր հասարակայնության ներկայությամբ Երեւանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ ծագումով իսպանացի աշխարհահռչակ տենոր Պլասիդո Դոմինգոյի համերգը, որտեղ ելույթ ունեցան նաեւ Աննա Մարիա Մարտինեզը (սոպրանո) եւ Բարսեղ Թումանյանը (բաս), իսկ նվագախումբը ղեկավարում էին դիրիժորներ Իսրայել Գուրսկին եւ Էդուարդ Թոփչյանը: Կատարվեցին համաշխարհային օպերային դասականներ` Ժորժ Բիզեի, Ժյուլ Մասնեի, Շարլ Գունոյի, Ռիխարդ Վագների, Ջուզեպպե Վերդիի, Վինսենցո Բելինիի, Ֆրանց Լեհարի, Ֆերիլլիի եւ այլոց ստեղծագործություններից հատվածներ:

Համերգի ավարտին Երեւանի քաղաքապետարանի «Փարոս» երգչախումբը (խմբավար` Րաֆֆի Միքայելյան) կատարեց երկու երգ` իտալերեն եւ հայերեն: Առանձնապես հուզիչ եւ տպավորիչ էր «Էրեբունի-Երեւանը», որը, Պլասիդո Դոմինգոյի թովիչ ու տիրական ձայնի ներքո եւ հյուր-երգիչների մասնակցությամբ, հուզեց ունկնդիրներին` արժանանալով դահլիճի հոտնկայս եւ բուռն ծափահարություններին:

Բացառիկ այդ համերգին մասնակցում էր մեր հայրենակից, երիտասարդ ու խոստումնալից երգչուհի Ռոզի-Անուշ Սվազլյանը (սոպրանո), որի հետ հարցազրույցը թարգմանաբար ներկայացնում ենք ստորեւ:


- Ե՞րբ եւ ինչպե՞ս եք մուտք գործել երաժշտական ասպարեզ:

- Ծնվել եմ Սան Ֆրանցիսկոյում (ԱՄՆ): Երեք տարեկանից իմ երկրորդ տունն էր դարձել Սան Ֆրանցիսկոյի օպերան, որը աշխարհի չորս մեծ օպերային թատրոններից մեկն է, քանի որ հայրս` ջութակահար Ժիրայր Սվազլյանը 1978 թվականից մինչեւ օրս այնտեղ է աշխատում, եւ մայրս` Անին, քրոջս` Մոնիկի հետ մեզ միշտ օպերա տանելով, հնարավորություն է ստեղծել, որ հաղորդակցվենք արվեստի այդ բնագավառին: Տուն գալով, ես մտովին վերարտադրում էի այն բոլոր երգերը, որոնք լսել ու տպավորվել էին հիշողությանս մեջ: Վեց տարեկանից հայրս ցանկացավ, որ ես ջութակահար դառնամ, բայց ես եւ քույրս նախընտրեցինք դաշնամուրի դասերին հետեւել: Այդ ընթացքում քույրս նվագում էր, իսկ ես երգում էի մեր դպրոցական հանդեսներում:

Ծնողներս, զգալով երգարվեստի բնագավառում իմ բնածին օժտվածությունը եւ երգչուհի դառնալու իմ բուռն ցանկությունը, տասնութ տարեկանից ինձ ուղարկեցին օպերային արվեստի օրրան` Միլան, որպեսզի ձայնային հնարավորություններս մշակեմ եւ օպերային երգչուհի դառնամ, թեպետ գիտակցում էին, թե ինչքան դժվարություններ կան հաղթահարելու այդ ճանապարհին:

- Ո՞րտեղ եւ ո՞ւմ մոտ եք ստացել Ձեր մասնագիտական ուսումնառությունը:

- Հինգ տարի սովորելով` ավարտել եմ Միլանի Ջուզեպպե Վերդիի անվան կոնսերվատորիան, ապա նաեւ կատարելագործվել տեղի Երաժշտական ակադեմիայի մագիստրատուրայում: Այդ տարիների ընթացքում թրծվել եմ իտալական երաժշտական դպրոցի լավագույն ավանդույթներով եւ խորացրել գիտելիքներս իտալերենի, ֆրանսերենի եւ գերմաներենի ուղղությամբ, որոնք անհրաժեշտ են օպերային կատարումների համար:

Ուսումնառության ընթացքում առնչվել եմ հմուտ երաժիշտների հետ, որոնք ինձ ուղղորդել են օպերային երաժշտության բնագավառում: Երախտագիտությամբ եմ հիշում Վինսենցո Մանոյին եւ Ատալբերտո Տոնինիին: Վերջինիս հայրը ժամանակին եղել է Մարիա Կալասի ձայնի անմիջական մշակողը: Ա. Տոնինին իր դասերն անց է կացնում հենց այդ ստուդիայում: Ես ամեն անգամ սրտի թրթիռով եմ մտնում այդ սենյակը` շուրջս ունենալով Կալասի արժեքավոր գրադարանն ու դաշնամուրը եւ զգալով նրա կենդանի շունչը: Ես ներշնչվել եմ նաեւ աշխարհահռչակ օտար եւ հայ երգիչների, հատկապես Մագդա Օլիվերոյի, Պաուլո Կավանելլիի, Լուսին Ամարայի եւ Լիլի Չուգասզյանի կատարումներով, որոնք խրախուսել են ինձ:

Վերջին տարիներին Իտալիայում եւ Իսպանիայում հանդես եմ եկել տարբեր համերգային ծրագրերով եւ օպերային ներկայացումներով:

- Ինչպե՞ս եք հանդիպել Պլասիդո Դոմինգոյին:

- Երկու ամիս առաջ բախտ ունեցա հանդիպել լեգենդար երգիչ Պլասիդո Դոմինգոյին, որը որպես «Սիրանո դը Բերժըրակ» օպերայի գլխավոր մեներգիչ գտնվում էր Սան Ֆրանցիսկոյում: Նա եւս լսեց իմ կատարումները եւ, գնահատելով իմ ձայնային տվյալները, նաեւ ոգեւորված առաջիկայում Հայաստանում ելույթ ունենալու ծրագրով, առաջարկեց, որ ես նույնպես մասնակցեմ Երեւանում կայանալիք իր համերգին: Դա ինձ համար մեծ երջանկություն եւ պատիվ էր, նախ` հանդես գալ մեծանուն երգչի հետ եւ մանավանդ` հայրենի հողի վրա, որն իմ տարիների երազանքն էր: Համերգի ընթացում ես կատարեցի հատվածներ օպերաներից` «Օհ, քանի անգամ» (Վինսենցո Բելլինի, «Կապուլետիներ եւ Մոնտեկկիներ») եւ «Շուրթերը լուռ են» (Ֆրանց Լեհար, «Ուրախ այրին», դուետ Պլասիդո Դոմինգոյի հետ):

Այստեղ գալով` Պլասիդո Դոմինգոն հիացած է Հայաստանով եւ հայ ժողովրդով, միաժամանակ ափսոսանք է հայտնել, որ «ուշ է հայտնագործելՀայաստանը»: Բայց, ինչպես տեսաք, համերգի վերջում նա մեծ սիրով եւ ոգեւորությամբ բոլորիս հետ հայերենով կատարեց Երեւան քաղաքի օրհներգը:

- Որո՞նք են Ձեր ապագա ծրագրերը:

- Ես մի շարք ծրագրեր ունեմ եւ հիմա նոր եռանդով պիտի լծվեմ դրանց իրականացմանը:

- Ձեր երգացանկում ընդգրկու՞մ եք հայերեն երգեր:

- Թեպետ այս համերգում ես առիթ չունեցա կատարել հայկական ստեղծագործություններ, սակայն հույսով եմ առաջիկայում դեռ հնարավորություն կունենամ հայերենով հանդես գալ Հայաստանի խստապահանջ ունկնդիրների առաջ եւ իմ ներդրումն ունենալ հայ օպերային երգարվեստի բնագավառում: Քանի որ ես երջանիկ ու հպարտ եմ, որ հայ ժողովրդի զավակն եմ:

Հարցազրույցը վարեց ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4