«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#225, 2010-12-07 | #226, 2010-12-08 | #227, 2010-12-09


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԹՈՒՐՔ ԺՈՂՈՎՐԴԻ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ ՀԱՅ ԴԱՅԱԿՆԵՐՈՎ ՉԵՆ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՈՒՄ

Որքան էլ պետնախարար Բաղիշը, մատնացույց անելով նրանց, շրջանցի ֆուտբոլասերների հայատյաց բացականչությունները

Երբ հրավիրվում է միջազգային որեւէ ֆորում կամ հանդիպում, Թուրքիայի ղեկավարները կամա թե ակամա անդրադառնում են հայ-թուրքական հարաբերություններին: Նրանք, որպես կանոն, հարկ են համարում ընդգծել, որ իրենք ամենեւին էլ չեն հրաժարվել հայ-թուրքական արձանագրություններից եւ հետամուտ են Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացման գործընթացին: Այդպիսի արտահայտությունների հիմքում արձանագրությունների վավերացումը Թուրքիայի ազգային մեծ ժողովում հայկական կողմին առաջադրած նախապայմաններով ձախողելու պատասխանատվությունն է, Հայաստան-Թուրքիա նորմալացման գործընթացի նկատմամբ միջազգային ուժերի շահագրգռություններն են, ինչպես նաեւ ԱՄՆ-ի, Եվրոմիության եւ Ռուսաստանի բուռն հակազդեցությունը հայկական կողմին առաջադրվող թուրքական նախապայմաններին:

Վերջին անգամ դեկտեմբերի 1-ին Աստանայում ԵԱՀԿ-ի գագաթաժողովի բացման օրը Հայաստանի հետ հարաբերություններին անդրադարձավ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը: «Ազգը» դեկտեմբերի 3-ին արձագանքել էր նրա անդրադարձին: Դեկտեմբերի 8-ին էլ Կոպենհագենում հայ-թուրքական հարաբերությունների հարցն արծարծել է պետնախարար եւ ԵՄ-ի հետ բանակցություններում գլխավոր բանակցող Էգեմեն Բաղիշը, պատասխանելով եվրոպացի լրագրողների հարցերին: Բաղիշի անդրադարձին նույն օրը կայքէջում արձագանքել է «Հյուրիեթը»:

Ըստ թուրքական թերթի, պետնախարար եւ գլխավոր բանակցող Բաղիշը ներկաներին իրազեկել է այն քայլերի մասին, որոնք Թուրքիան կատարել է «Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացման» համար, «անհնար է» համարել հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը խորհրդարանում, քանի դեռ լուծված չէ Ղարաբաղի հիմնահարցը:

Այնուհետեւ նա պատմել է Հայաստանի նկատմամբ թուրք ժողովրդի վերաբերմունքի մասին, ասելով. «Տնտեսական դժվարությունների պատճառով Հայաստանում բնակչությունը արտագաղթի է դիմում: Երկրում բնակիչների թիվը կիսով չափ կրճատվել է: Հայաստանի քաղաքացիներից 70 հազարը ապաստանել է Թուրքիայում: Հայերն այստեղ ապօրինի աշխատում են, իսկ մենք աչք ենք փակում այս հանգամանքի վրա: Թուրքիայում հայաստանցիների ճնշող մեծամասնությունը որպես դայակ է աշխատում: Այսինքն մենք հայ դայակներին ենք վստահում մեր երեխաներին: Մի՞թե այդպես կվարվեինք, եթե հայերի նկատմամբ ատելություն լիներ»:

Բաղիշիՙ Հայաստանում բնակչության թվի կիսով չափ կրճատման կամ Թուրքիայի 70 հազար հայաստանցիների առկայության մասին ասածները ճիշտ չեն: Նա պարզապես, ուռճացնելով ցուցանիշները, փորձել է եվրոպացիներին տպավորել: Թերեւս ճիշտ է Թուրքիայում հայաստանցիների ապօրինի բնակությունն ու աշխատանքը աչքաթող անելը, ընդ որում թուրքահայության շրջանակներում տիրող կարծիքի համաձայն, դա արվում է հենց վարչապետ Էրդողանի բանավոր կարգադրությամբ:

Ինչ վերաբերում է երեխաներին հայաստանցի դայակներին վստահելու հանգամանքին, որը, Բաղիշի մատուցմամբ, Հայաստանի նկատմամբ թուրք ժողովրդի վերաբերմունքի դրսեւորման ցուցանիշն է, ապա պետք է ասել, որ դայակների ազգային պատկանելությունը չի կարող որեւէ դեր ունենալ ժողովուրդների փոխհարաբերություններում: Եթե ունենար, ապա կիրակի օրը Ստամբուլի «Ինյոնու» մարզադաշտում «Բուրսասպորի» երկրպագուները ամբողջ խաղի ընթացքում անդադար չէին բացականչի. «Հայ շները «Բեշիքթաշին» են աջակցում»:

Ֆուտբոլասեր կոչված այս թափթփուկների բացականչություններին էլ դեկտեմբերի 7-ի համարում «Նողկալի կարգախոս» վերնագրով հոդվածում արձագանքել է «Բուգյունը»: Թուրքական այս թերթը հայերի նկատմամբ ատելություն սերմանող այս կարգախոսի համար դատապարտում է «Բուրսասպորի» երկրպագուներին, նրանց արածը համարում է շովինիզմի դրսեւորում, հիշեցնելով, որ նույն երկրպագուները անցյալ տարի Բուրսայում «Դիարբեքիրսպորի» հետ ֆուտբոլային հանդիպմանը «Կորչի PKK-ն» կարգախոսով մարզադաշտից դուրս էին հրավիրում վերջինին աջակցող մարզասերներին, իսկ Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան, փոխանակ պատժամիջոցներ սահմանի, պարգեւատրում է «Բուրսասպորին»: Ի դեպ, Դիարբեքիրը քրդական շրջանակներում ունի Հյուսիսային «Քուրդիստանի» մայրաքաղաքի համարում, քրդաբնակ է, իսկ PKK-նՙ Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը:

Հ. ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4