«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#225, 2010-12-07 | #226, 2010-12-08 | #227, 2010-12-09


ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՍՏԱՆ Է ԳՏԵԼ ԴԵՐՍԻՄՈՒՄ

«Դերսիմի հարցը» կարծես դարձյալ լրատվամիջոցների ուշադրությանն է արժանանում: Հոկտեմբերի 26-ի համարում, օրինակ, թուրքական «Եշիլգազեթե» կայքը տեղեկացրել էր, որ նախորդ օրը Միհրան Փրկիչ Գյուլթեքինի եւ նրա զինակիցների նախաձեռնությամբ հիմնադրվել եւ պաշտոնապես Թուրքիայում գործունեության է անցել «Դերսիմի հայերի դավանանքի եւ փոխօգնության» առաջին միությունը, որի գլխավոր առաջադրանքն է Թուրքիայում բնակվող ժողովուրդների մշակութային արժեքների եւ դավանանքի պահպանման համար համապատասխան մթնոլորտի ձեւավորմանը նպաստելը: Իսկ վերջերս «Գեղարդ.կոմ» (keghart.com) կայքը տնօրինող լրագրող Համո Մոսկոֆյանը հարցազրույց է ունեցել Desmala Sure journal պարբերականի խմբագիր եւ «Դերսիմի ազատության կուսակցության» հիմնադիր Սեյֆի Չենգիզի հետ: Ստորեւ թարգմանաբար այդ հարցազրույցը` վերոնշյալ վերնագրով:


Հ. Մ. - Խնդրում եմ ներկայանաք եւ նշեք Ձեր դերը Դերսիմի շարժման գործընթացում:

Ս. Չ. - Desmala Sure պարբերականի հրատարակումով 1991 թվին սկսվեց Դերսիմի շարժման նոր փուլը, չնայած դրանից առաջ Դերսիմի ինքնության որոշակի գաղափարը եղել էր իմ ուշադրության կենտրոնում: Պարբերականի հրատարակումով առաջին անգամ քննարկման առարկա դարձավ Դերսիմի հարցը, որն էլ իր հերթին իրազեկման նոր խթան էր դերսիմցիների շրջանում ինչպես Դերսիմում, այնպես էլ դրանից դուրս: 1997-ին պարբերականի համախոհները մտահղացան ստեղծել քաղաքական մի կուսակցություն «Պարտիա Սերբեստիյա Դերսիմ» (ՊՍԴ) անունով, որը նշանակում է «Դերսիմի ազատության կուսակցություն»: Ես հիմնադիր-խմբագիրն եմ վերոնշյալ պարբերականի եւ կուսակցության ստեղծման նախաձեռնողներից մեկը:

- Որո՞նք են Ձեր կազմակերպության նպատակները եւ ապագայի ծրագրերը:

- ՊՍԴ-ն հետամուտ է լինում Անատոլիայում ժողովրդավարություն եւ Դերսիմում ժողովրդավարական ինքնակառավարում հաստատելուն: Այս «ինքնակառավարում» եզրը չպետք է հասկանալ անպայման ինքնուրույն պետություն իմաստով: Կուսակցությունը նախապատվությունը տալիս է Դերսիմի ինքնավարությանը, այսինքնՙ այն կարգավիճակին, որ ունեցել է նախքան 1938 թիվը: Հավատացած ենք, որ դրանով Դերսիմի հարցը կստանա իր արդարացի լուծումը: Մենք հարգում ենք տարբերությունները Դերսիմում: Պետք է նշել, որ էթնիկական, կրոնական եւ լեզվական այդ տարբերությունները երբեք էլ հակամարտության առիթ չեն եղել, այսինքնՙ գոնե մինչեւ այն ժամանակ, երբ Դերսիմը դարձավ վիճելի տարածք շրջակա մահմեդական համայանքների թուրք, քուրդ եւ վերջերս նաեւ զազա ազգայնականների միջեւ, որոնք բազմազանությունը որպես խնդիր են դիտարկում եւ ձգտում են միատարրության: Մենք կողմ ենք ժողովրդավարական ինքնիշխանության եւ բազմատարր հասարակության հաստատմանը Դերսիմում եւ կարծում ենքՙ դա լավ օրինակ կդառնա որպես հակակշիռ այն ծրագրերի, որոնք տարածքը ցանկանում են բաժանել էթնիկական կամ լեզվական մասերի: Եվրոպայում մենք ցանկանում ենք մեր ջանքերը կենտրոնացնել «Դերսիմ-38-ի նախաձեռնության» վրա, որի նպատակն է միջազգային հանրության ուշադրությունը բեւեռել Դերսիմի ցեղասպանության վրա եւ ըստ այդմ թուրքական պետությանը պատասխանատվության կանչել միջազգային դատարանում:

- Ո՞րն է Ձեր քաղաքական եւ մարդասիրական դիրքորոշումը զազաների, կզըլբաշցիների, հայերի եւ այլ փոքրամասնությունների հանդեպ քեմալական Թուրքիայի իրականացրած 1937 թվի Դերսիմի ցեղասպանության հարցում:

- 2005 թվի մարտին սկզբնավորված «Դերսիմ-38-ի նախաձեռնությունը» մեր ՊՍԴ կուսակցության ծրագրերից է, որն արդեն շատ մարդկանց է (Դերսիմում եւ դրա սահմաններից դուրս) իրազեկել 1937-38 թվերին կատարված ցեղասպանության մասին: Մարդկանց մտայնությունը փոխվել է: Մեր դիրքորոշումը շատ հստակ է: Մենք արդեն Բեռլինում ունենք լոբբիստական մի կենտրոն («Դերսիմ ցենտրում-38»), որը 2007-ին է բացվել, եւ հիմա աշխատում ենք նոր կենտրոններ բացել եվրոպական այլ մայրաքաղաքներում: Մի փոքր պարզաբանում այստեղ տեղին կլինի: 1937-38 թվերին տեղի ունեցավ կզըլբաշցիների ցեղասպանությունը: Կզըլբաշցիները նույն դերսիմցիներն են, որոնց կոտորեցին միայն այն պատճառով, որ մահմեդական չէին: Իսկ զազաները մեր մահմեդական հարեւաններն են: Նրանց կոտորեցին 1925-ին:

Ընկերներս եւ ես առաջիններից էինք, որ 1980-ականներից սկսած ճանաչում ենք զազա փոքրամասնության առկայությունը եւ պաշտպանում ինչպես նրանց էթնիկական ինքնությունը այստեղ, այնպես էլ նրանց ինքնիշխանության իրավունքն այն վայրերում, որտեղ մեծամասնություն են կազմում: Միաժամանակ քանիցս նշել ենք, որ դերսիմցիներն ու զազաները երկու իրարից տարբեր համայնքներ են, չնայած իրենց էթնիկական արմատներով իրար շատ մոտիկ են եւ խոսում են միեւնույն «դիմիլքի» կոչված լեզվով: Կան, անշուշտ, կրթյալ դասակարգի մեջ մարդիկ, որոնք դերսիմցիներին ստորադաս են համարում, բայց ժողովրդի մեծամասնությունը չի ընդունում նման տարբերակումը: Դերսիմի ինքնությունը չի սահմանվում ցեղի, արյան կամ լեզվի օգտագործման տվյալներով, այլ պատմական, աշխարհագրական եւ մշակութային հանգամանքներով: Դերսիմը կարիք չունի կառչելու թուրքական, քրդական կամ զազայական ինքնությունից: Նա ունի իր ուրույն ինքնությունը, որի արմատները կարելի է գտնել 1514 թվի Չալդրանի պատերազմի ժամանակներում իրագործված կզըլբաշցիների ցեղասպանության հիմքում: 1937-38 թվերին կատարվածը այդ շղթայի մի օղակն է սոսկ: Կարճ ասած, Դերսիմի հարցը հինգհարյուրամյա պատմություն ունի:

Պետականություն կազմելու մարտավարության թուրքական մոդելը հիմնված էր փոքրամասնություններին (հայ, հույն, ասորի, զազա, քուրդ, դերսիմցի) կոտորելու եւ նրանց բնաջնջելու վրա: Սրանք ապացուցված փաստեր են, եւ անհրաժեշտ է ճնշում բանեցնել թուրքերի վրա, որ նրանք ընդունեն այս բոլորը: Ներկայումս շատ քիչ թվով հույներ եւ ասորիներ կան Թուրքիայում: Այդ քչերին սպառնացող վտանգը վերացնելու կամ մեղմելու համար անշահախնդիր համագործակցություն է պետք: Մենք կողմնակից ենք, որ Թուրքիան ճանաչի 1915-ին հայերին պատուհասած ցեղասպանությունը եւ բացի Հայաստանի հետ ունեցած իր սահմանը: Թուրքիայում ապրող բոլոր հայերը պետք է վայելեն միեւնույն, թուրքերին հավասար, քաղաքացիական իրավունքները, եւ բոլոր նրանք, ովքեր ցանկանում են վերադառնալ իրենց պապենական երկիրը, պետք է կարողանան գալ եւ ստանալ (անվտանգության) համապատասխան երաշխավորություն:

- Ձեր երկարամյա փորձառությունից ելնելովՙ ի՞նչ կցանկանայիք հաղորդել մեր ընթերցողներին:

- Դերսիմը պարպվում է իր բնակչությունից: Դրա համար շրջանառվում են 2 հիմնական պատճառներ. մեկը Մունչուր գետի վրա ջրամբարի շինարարության ծրագիրն է, մյուսըՙ այսպես կոչված «պայքարը ընդդեմ ահաբեկչության»: Երկուսն էլ կեղծ պատճառաբանություններ, պատրվակներ են իր լրումին հասցնելու համար 1937-38 թվերի գործընթացը: Դրա համար էլ անհրաժեշտ է շտապ համախմբվել: Դա պետք է արվի ոչ թե սոսկ դերսիմցիներին փրկելու համար կամ հանուն նրանց, այլ հանուն մարդկության պատմության, քանի որ պատմությունը միշտ էլ ապաստան է գտել Դերսիմում: Դարեր շարունակ տարբեր ազգությունների (այդ թվումՙ հայ) մտավորականներ, փիլիսոփաներ եւ կրոնավորներ, որոնք հետապնդվել են իշխանությունների կողմից, ապաստան են գտել Դերսիմում, այնպես որ ոչ միայն դերսիմցիներն ու հայերը, այլեւ ամբողջ մարդկությունն է շահելու այս հողատարածքի վերակենդանացմամբ:

Թարգմ. Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4