«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#225, 2010-12-07 | #226, 2010-12-08 | #227, 2010-12-09


ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ՍԿՍՎԵՑ ԴՈՂԱՆ ԱՔՀԱՆԼԻԻ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Առիթ տալով գերմանական լրատվամիջոցներին նորից անդրադառնալու Հայոց ցեղասպանությանը

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

Դեկտեմբերի 8-ին գերմանական լրատվամիջոցները, մասնավորապես ARD հեռուստաալիքի առավոտյան լրատվական Morgenmagazin հաղորդումըՙ իրազեկեցին, թե նույն օրը Ստամբուլում սկսվում է 2010-ի օգոստոսից կալանավայրում գտնվող Գերմանիայի քաղաքացիություն ունեցող թուրք գրող Դողան Աքհանլիի դատավարությունը, որ ավելի վաղ ցմահ ազատազրկման էր դատապարտվել:

Ինչպես իրազեկել ենք մեր ընթերցողներին ժամանակին, Աքհանլին օգոստոսի 10-ին առաջին անգամ այցելում է Ստամբուլՙ տեսակցելու հիվանդ հորը (հայրն արդեն մահացել է- Ան. Հ.), նրան հենց օդանավակայանում ձերբակալում են: Օգոստոսի 20-ից Ստամբուլից արեւմուտք Թեքիրդաղ մարզի մեկուսարանում գտնվող Աքհանլիին մեղադրում են 1989-ի հոկտեմբերին մահվան ելքով զինված ավազակային մի հարձակման մասնակցության մեջ: Վկաները ժամանակին հետ էին վերցրել իրենց ցուցմունքները: Թուրքիայում, ինչպես նաեւ Գերմանիայում գնահատանքի արժանացած գրողը հերքում է իր դեմ ներկայացված բոլոր մեղադրանքները: Դատախազությունը պահանջել էր ցմահ ազատազրկում, դատարանը մերժել էր Աքհանլիի ազատ արձակումը:

Գերմանական ռադիոն, տպագիր եւ էլեկտրոնային բազմաթիվ լրատվամիջոցներ, հակիրճ անդրադառնալով Քյոլնում բնակվող ու Գերմանիայի քաղաքացիություն ունեցող գրողի ձերբակալությանը, շեշտում են, թե նրան «պատժում են» հատկապես իր քաղաքական հայացքների, Թուրքիայի պատմությունը վերանայելու, տաբու թեմաներին անդրադառնալու համար: Մասնավորապես շեշտվում է, թե «Ահեղ դատաստանի դատավորը» վեպում գրողն անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը:

Ի պաշտպանություն Աքհանլիի ազատ արձակմանՙ օգոստոսից Գերմանիայում բողոքի ակցիաներ են կազմակերպվում: Գերմանացի իրավապաշտպաններ, գերմանահայ ամենատարբեր կազմակերպություններ, ինչպես նաեւ Շվեյցարիա-Հայաստան ընկերակցությունը, բողոքի նամակներ են հղել թուրքական իշխանություններին, մասնավորապես արդարադատության նախարարինՙ Դողան Աքհանլիին ազատ արձակելու խնդրանքով:

ARD-ի լրատվական թողարկումներից երեկ պարզ դարձավ, որ Ստամբուլի դատարանի առջեւ հանրահայտ մարդկանցՙ գերմանացի եւ թուրք մտավորականների բողոքի ցույցը աճի միտում ունի: Նրան սատարում են Նոբելյան մրցանակակիր գրողներ Գյունտեր Գրասսն ու Օրհան Փամուկը, Գերմանիայի քաղաքական գործիչներից Կանաչների նախագահ Կլաուդիա Ռոթը: Աքհանլիի ընկեր, գերմանացի հայտնի լրագրող Գյունտեր Վալրաֆֆը, որ նրան սատարելու համար Ստամբուլ է մեկնել, գերմանական ARD-ին կարծիք հայտնեց, թեՙ Թուրքիայի արդարադատության որոշ շրջանակներ վրեժ են լուծում մի անհաճո հեղինակից, որ տարիներ առաջ Հայոց ցեղասպանությունը թեմա է դարձրել: Արդարադատության մարմիններին թվում էր, թե կարող են սուս ու փուս վրեժ լուծելՙ իրենց ծրագիրն իրականացնել: Ենթադրությունը հօդս ցնդեց, ասաց գերմանացի գրողըՙ դատավարության հանդեպ հանրության հետաքրքրությունը նկատի ունենալով: Նա ավելի վաղ իր ելույթում քննադատել էր Գերմանիայի կառավարությանը, արտգործնախարարությանըՙ որեւէ հայտարարություն չանելու համար: Եթե տնտեսական մի կոնցեռնի ղեկավարի մասին լիներ խոսքը, ի՛նչ աղմուկ կհանեին, իսկ երբ խոսքը գրողի մասին է, այն էլ ծագումով թուրքի, մեր իշխանությունները լռում են, իր քննադատությունը այսպես ձեւակերպեց Վալրաֆֆը:

ARD-ի երեկվա կադրում Դողան Աքհանլին ժպիտը դեմքին էր պահում: Իր փաստաբանին ասել էրՙ եթե ցմահ ազատազրկված չլինեի, այն իրավիճակը, որում գտնվում եմ, ծիծաղս կհարուցեր: Ինձ նմանեցնում եմ Ֆրանց Կաֆկայի վեպի հերոսին, ոչ միայն այն պատճառով, որ անմեղ տեղն եմ բանտարկվել:

Դողան Աքհանլին ծնվել է 1957-ին: 1980-ի ռազմական պուտչից հետո հայտնվել է ընդհատակում: 1985-87-ին նա Ստամբուլում ձերբակալվել է որպես ընդդիմադիր եւ կտտանքների ենթարկվել: 1991-ին փախել է Գերմանիա, ճանաչվել որպես քաղաքական ապաստանյալ, դուրս է եկել Թուրքիայի քաղաքացիությունից, դարձել գերմանահպատակ: 1992-ից ապրում է Քյոլնում: Աքհանլին իր վեպերում, հարցազրույցներում միշտ խոսում է պատմական բռնարարքների եւ մարդու իրավունքների պաշտպանությունից: Աքհանլիիՙ «Հիշողություն, պատասխանատվություն, ապագա» հիմնադրամի կողմից խրախուսվող քաղաքացիական նախաձեռնության մեջ կարեւորագույնը հայերի հանդեպ ցեղասպանության հիշատակումն է եւ հաշտեցմանն ուղղված միջմշակութային երկխոսությունը:

Աքհանլիի վեպերը Թուրքիայում լավագույնների շարքում են նկատվել: 2005-ին հեղինակած «Տիրամոր վերջին երազը» վեպն արժանացել է «Հյուրիեթի» 2009-ի մրցանակին: Վեպը պատմում է 1942-ին 700 հրեա ուղեւորներով Սեւ ծովում խորտակված «Շտուրմա» նավի մասին: Գիրքը 2005-ին թուրք քննադատների եւ գրողների կարծիքով դասվել է 10 լավագույն վեպերի շարքին: 1998-99-ին թուրքերեն լույս է տեսել «Անհետացած ծովերը» ընդհանուր վերնագրով եռագրությունը, որը ներառում է «Ծովին սպասելով» «Կակաչների դաշտը», «Ահեղ դատաստանի դատավորը» ստեղծագործությունները:

Դողան Աքհանլին ակտիվորեն մասնակցում էր Քյոլնի հայ համայնքի կազմակերպած ապրիլ-24-յան հիշատակի միջոցառումներին: Նա եղել է Երեւանում, հանդիպել հայ լրագրողների հետ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4