«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#226, 2010-12-08 | #227, 2010-12-09 | #228, 2010-12-10


ԴՈՂԱՆ ԱՔՀԱՆԼԻՆ ԱԶԱՏ Է, ԱՐԴԱՐԱՑՄԱՆ ՎՃՌԻՆ ԴԵՌ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ

Թուրք գրող Դողան Աքհանլին իր ձերբակալությունից 4 ամիս անց ազատ արձակվեց: Օգոստոսի 20-ից նա գտնվում էր նախնական կալանքի տակ: Թեեւ նա դեռ չի արդարացվում, բայց դրա հնարավորությունը մեծանում է, դեկտեմբերի 8-ի ուշ երեկոյան Ստամբուլից հաղորդեց ARD-ի թղթակիցըՙ իրազեկելով, թե դատավարությունը շարունակվելու է 2011-ի մարտի 9-ին: Ինչպես տեղեկացրել էինք մեր ընթերցողներին երեկվա «Ազգում» , Ստամբուլի դատարանը դեկտեմբերի 8-ին սկսել էր նրա դեմ հարուցված գործի քննությունը: «Դատարանի վճիռը դրական եմ գնահատում, կարծիք է հայտնել Աքհանլիի քյոլնաբնակ փաստաբան հայազգի Իլիաս Ույարը , թեեւ մենք պահանջում էինք անհրաժեշտ արդարացումը: Բայց լավատես ենք»:

Չորեքշաբթի օրը դատարանը լսել է վկաներին, որոնք փաստել են, թե ոստիկանությունը մեղադրական հայտարարությունները կորզել է խոշտանգումների, ճնշման տակ: Վկաներն այնուհետեւ հետ էին վերցրել իրենց ցուցմունքները: Դատարանը քննության հենց առաջին օրը անհիմն է համարել, թե թուրք գրողն է 20 տարի առաջ տեղի ունեցած ավազակային մի հարձակման ու դրան ի հետեւանք սպանության գլխավոր կասկածյալը: Նրա դեմ ներկայացված հայցն ու մեղադրանքը, ինչպես եզրակացնում են գերմանացի դիտորդները, երերուն են: ARD-ի իրավական հարցերի փորձագետ Քյուննեքեի կարծիքով, 2011-ի մարտին արդարացման դատավճիռ կայացնելու առումով որեւէ արգելք չկա:

Հիշեցնենք, որ թուրք գրողի դատավարությանը ներկա են եղել նրա բազմաթիվ երկրպագուներ, համակիրներ Քյոլնից, որտեղ 2001-ից ապրում է: Քյոլնաբնակ լրագրող Գյունտեր Վալլրաֆֆը դատարանում տիրող մթնոլորտի մասին դրական կարծիք է հայտնելՙ մեծ ուրախություն որակելով թուրքական դատարանիՙ գրչակից ընկերոջն ազատ արձակելու վճիռը: Ինչպես ավելի ուշ փոխանցել է dpa-ին, Աքհանլին մինչեւ Ծննդյան տոները Գերմանիայում կլինի: Ֆիզիկապես իրեն լավ է զգում, մինչեւ առավոտվա 3-ը միասին տոնել ենք, ասել է Վալլրաֆֆըՙ փոխանցելով, թե Դողան Աքհանլին ուրախության հետ մեկտեղ նաեւ տխուր էՙ նոյեմբերի վերջին մահկանացուն կնքած հորն այլեւս չի կարող տեսնել, մեղավորը թուրքական արդարադատությունն է, իրավապահները: Երեկ Աքհանլին մեկնել է Թուրքիայում գտնվող հայրական գյուղՙ ընտանիքին այցելության:

«Հիմա ազատ եմ, բայց մտածեք նրանց մասին, ում պատմությունները հրապարակային մեծ քննարկման չեն արժանանում», Վալլրաֆֆին ասել է Դողան Աքհանլին:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4