«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#229, 2010-12-11 | #230, 2010-12-14 | #231, 2010-12-15


«ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԿԱՐՈՂԱՆԱ՞ ՃԱՆԱՉԵԼ ՂԱՐԱԲԱՂԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ»

«Ժառանգության» օրինագծի ձախողման թուրք-ադրբեջանական արձագանքը

Հ. ՉԱՔՐՅԱՆ

ԵԱՀԿ-ի Աստանայում հրավիրված գագաթաժողովից հետո «Ժառանգության» կուսակցության նախաձեռնությամբ Հայաստանում վերստին աշխուժորեն քննարկվեց դեռեւս 1991-ի սեպտեմբերի 2-ին անկախության հռչակած Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու հարցը: Ինչ խոսք, սա նուրբ հարց է, քննարկումներում զգուշություն եւ սառնասրտություն էր ենթադրում, որպեսզի զերծ մնա ավելորդ չարչրկումներից:

Փոխադարձ մեղադրանքները, սակայն, հանգեցրին ոչ միայն հարցի չարչրկմանը, այլեւ անտեղի շահարկմանը: Դրա թերեւս ամենավառ օրինակը «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանին հասցեագրված մեղադրանքներն էին, թե ինքը ինչո՞ւ ԼՂՀ ճանաչման հարցը չէր բարձրացնում, երբ ՀՀ արտգործնախարարի պաշտոնում էր: Արդարությունը պահանջում է ասել, որ 1992-ին որպես արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը հենց ՀՀ ազգային ժողովում բարձրացրել է ճանաչման հարցը, նույնիսկ նշել է լատինամերիկյան մի քանի քանի երկրների անուն, որոնք Արգենտինայի գլխավորությամբ ճանաչելու պատրաստակամություն էին դրսեւորել, բայց ապարդյուն:

Համենայն դեպս, դեկտեմբերի 9-ին ՀՀ ԱԺ-ում քվորումի բացակայությամբ հերթական անգամ տապալվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու վերաբերյալ «Ժառանգություն» խմբակցության օրինագիծը, որի օգտին քվեարկել էին ընդամենը 13 պատգամավորներ, որոնց թվումՙ Հայ հեղափոխական դաշնակցությանՙ նիստին ներկա անդամները:

Հարկ է սակայն նշել, որ ԼՂՀ անկախության ճանաչման հարցը բարձրացնելու պարագայում խնդիրը սոսկ քվեարկության արդյունքները կամ ԱԺ-ում օրինագծի տապալումը չեն, այլ այս ամենի թուրք-ադրբեջանական արձագանքներն են նաեւ: Այդ առումով հատկանշական է ադրբեջանցի հեղինակ Ջավիդ Վելիեւի դեկտեմբերի 14-ին Նյու Յորքի turkishny.com կայքէջում «Հայաստանը կարո՞ղ է ճանաչել Ղարաբաղը» վերնագրով հրապարակված հոդվածը, որի կրճատ տարբերակը ուշադրության ենք ներկայացնում:

«Որքան էլ Հայաստանը, զավթելով Ադրբեջանի Ղարաբաղ շրջանը, այնտեղ ստեղծի միջազգային իրավունքի նորմերին հակասող (պետական) կառույց, անցած 16 տարիների ընթացքում ի վիճակի չի եղել ճանաչելու այս կառույցի «անկախությունը»: Թեեւ տարբեր ժամանակներում Հայաստանի օրակարգի խնդիր էր դարձել Ղարաբաղի «անկախության» ճանաչման անհրաժեշտությունը, բայց ապարդյուն: Օրինակ, ըստ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի, Ղարաբաղի «անկախությունը» ճանաչելու դեպքում Հայաստանը հայտնվելու էր օկուպանտ պետության կարգավիճակում: Այդ իսկ պատճառով Տեր-Պետրոսյանը ձգտում էր, որ Ղարաբաղի հիմնահարցում Հայաստանը կողմ չլինի: Տեր-Պետրոսյանից հետո իշխանության եկած ղարաբաղյան կլանին նույնպես չհաջողվեց հասնել Հայաստանում Ղարաբաղի «անկախության» ճանաչման»:

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում հրավիրված ԵԱՀԿ գագաթաժողովը Ղարաբաղի առնչությամբ չընդունեց հայկական եւ ադրբեջանական կողմերին գոհացնող որոշումներ, ինչը տարածաշրջանում սրում է լարվածությունը: Ադրբեջանում վերստին օրակարգ մտավ հակամարտությունը ռազմական տարբերակով լուծելու հարցը, քանի որ Աստանայի գագաթաժողովը չարդարացրեց նաեւ օկուպացված տարածքների ազատման վերաբերյալ Ադրբեջանի ակնկալիքները:

Թերեւս այդ առումով պատահական չէին Ադրբեջանի Միլի մեջլիսի փոխնախագահ Զիաֆեթ Ասկերովի հայտարարությունները. «Մենք դեռեւս մեզ ենք վերապահում մեր տարածքների վերադարձման իրավունքը: Ադրբեջանը տիրապետում է իր իրավունքները պաշտպանելու բոլոր միջոցներին եւ դա ցույց կտա առաջիկա ամիսներին: Սարգսյանի հետ զրուցելու ժամանակ չունենք»: Նրա ասածները տեղիք տվեցին պատերազմի մոտալուտ վերսկսման մեկնաբանություններին: Մինչ այդ պատերազմ սկսելու դեպքում Ղարաբաղի հիմնահարցն արմատապես լուծելու եւ Ադրբեջանի օկուպացիան ընդարձակելու սպառնալիքներով հանդես եկող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, հաշվի առնելով միջազգային հակազդեցությունը, այս անգամ ասաց, որ եթե Ադրբեջանը ռազմական գործողությունների դիմի, ապա Հայաստանը կճանաչի Ղարաբաղի Հանրապետության անկախությունը:

Սարգսյանի այս հայտարարությունը զուգորդվում էր ՀՀ ԱԺ-ում Ղարաբաղի Հանրապետության անկախությունը ճանաչելու վերաբերյալ օրինագծի քննարկումներով, որը դեռեւս հոկտեմբերի 5-ին օրակարգ էր մտցրել ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցությունը: 131-տեղանոց խորհրդարանում օրինագծի օգտին քվեարկեց ընդամենը 13 պատգամավոր, եւ դա մերժվեց: Կառավարող կոալիցիայի անդամ 3 կուսակցությունները պատճառաբանելով, թե կվնասի Ղարաբաղյան խաղաղ կարգավորման բանակցություններին եւ տարածաշրջանում կսրի լարվածությունը, հակադրվեցին օրինագծին: Թեեւ օրինագծին առերեւույթ հակադրվում է նաեւ Հայ հեղափոխական դաշնակցությունը, սակայն իրականում կողմնակից է, որ Հայաստանը նախքան նոր պատերազմը ճանաչի Ղարաբաղի «անկախությունը»: Այդ առումով հատկանշական է Հայաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանի խոսքը: Նրա կարծիքով, Ադրբեջանը պատերազմական գործողությունների կանցնի, հենց որ պատրաստ կլինի, իսկ պատերազմի վերսկսման դեպքում արդեն ուշ է լինելու Ղարաբաղի անկախության ճանաչումը. Հայաստանը, ճանաչելով անկախությունը, պետք է ցույց տա, որ Ղարաբաղի երաշխավորն է եւ դրանով կանխի պատերազմը»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4