«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#229, 2010-12-11 | #230, 2010-12-14 | #231, 2010-12-15


«ԷԼԻԱ ԿԱԶԱՆԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ»ՙ ԿԱՐԵՎՈՐ ՆԵՐԴՐՈՒՄ ԿԻՆՈԱՐՎԵՍՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

«20-րդ դար Ֆոքս» կինոընկերության «Հոում էնտրտեյնմընթ» բաժինը վերջերս 18 տեսաժապավեններից կազմված մի եզակի «գանձարան» է թողարկել «Էլիա Կազանի հավաքածուն» ընդհանուր խորագրով, որտեղ ընդգրկված են աշխարհահռչակ ռեժիսորի 15 կարեւորագույն ֆիլմերը, մեկ նոր անձնական վավերագրական ֆիլմ եւ 2 «Նամակ Էլիային» ֆիլմեր նրա մտերիմ ռեժիսոր-ընկերներիցՙ Մարտին Սկորսեզեյից եւ Քենթ Ջոնսից: Այդ առթիվ լրագրող-կինոքննադատ Բրուս Դենսիզը հանդես է եկել «Քանզաս Սիթի Սթար» թերթում, որտեղից հոդվածը արտատպել է «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթն իր նոյեմբերի 20-ի համարում: Ստորեւ թարգմանաբար քաղվածքներ այդ հոդվածից:

Էլիա Կազանը Բրոդվեյի բեմերում եւ Հոլիվուդի էկրաններում իր բարձրակետին հասավ 1930-70-ական թվականներինՙ նախ լեգենդար «խմբակային թատրոնի» ջանքերով հանդիսատեսին ներկայացնելով Թենեսի Ուիլյամսի «Ցանկության տրամվայը», «Կատուն թիթեղյա տաք տանիքի վրա», Արթուր Միլլերի «Իմ բոլոր որդիները» եւ «Վաճառականի մահը» պիեսները, իսկ այնուհետեւ էկրան բարձրացնելով «Մի ծառ է աճում Բրուկլինում» (1945), «Վիվա Զապատա» (1952), «Քարափում» (1954), «Դրախտից արեւելք» (1955), «Վայրի գետը» (1960), «Ամերիկա, Ամերիկա» (1963) եւ «Վերջին մագնատը» (1976) ֆիլմերը, որոնցում զբաղված դերասաններ Մառլոն Բրանդոն, Ջեյմս Դինը, Էվա Մարի Սենտը, Ջուլի Հարիսը, Կառլ Մոլդենը եւ ուրիշներ համաշխարհային ճանաչման արժանացան: Ընդհանուր առմամբ նրանցից ինը ստացան «Օսկար» մրցանակ, իսկ ինքըՙ ռեժիսորը, 2 Օսկարի արժանացավ իր «Ջենտլմենների համաձայնությունը» եւ «Քարափում» ֆիլմերի համար:

Բայց «լուրջ, ինտելեկտուալ ու ամենահնարամիտ» ռեժիսորներից մեկը հորջորջված Կազանի կենսագրությունը հարուստ է նաեւ այլ մանրամասներով: 1930-ականների կեսերին, ընդամենը 18 ամիս կոմունիստական կուսակցությանը անդամակցած ռեժիսորը, հետագայում հանրապետական Մակարտիի ծավալած հակակոմունիստական հիստերայի օրերին դարձավ ամենահայտնի «մատնիչը»ՙ իր նախկին ընկերների անունները թվարկողը: 1952-ին, երբ Կազանը Հոլիվուդում համարվում էր «առաջադիմական ֆիլմարտադրող», նրան երկու անգամ Ներկայացուցիչների պալատի «Հակաամերիկյան գործունեություն ծավալողների» հետաքննությամբ զբաղվող կոմիտեի նիստերին են հրավիրել, որոնցից առաջինում նա միայն իր մասին է պատմելՙ որպես կոմունիստական կուսակցության նախկին անդամի, շեշտելով իր հետագա հիասթափությունն ու ընդվզումը ինչպես դրա ամերիկյան «մասնաճյուղից», այնպես էլ ընդհանրապես Խորհրդային Միությունից, եւ մերժել «այլոց անունները տալ»: Բայց մի քանի ամիս անց, երբ երկրորդ անգամ են նրան հրավիրել, նա որոշ մարդկանց անուններ այնուամենայնիվ տվել է: Այնուհետեւ «Նյու Յորք թայմս» թերթում նա մի ամբողջ էջ է զբաղեցրելՙ հայտարարելու իր ներկայի ազատական հայացքները, իր տեսակետները ներկայացնելու Խորհրդային Միության հանդեպՙ որպես բռնատիրական պետության եւ աշխարհի խաղաղությանը վտանգ սպառնացողի: «Թվում է, թե իր արվեստի սոցիալական բովանդակությունը այդքան լուրջ ընդունելու նրա կարողությունն էր, որ կոմիտեի առաջ հայտնվելը զայրացրել էր իր ընկերներին», գրելու էր հետագայում Վիկտոր Նավասկին իր «Նեյմինգ նեյմզ» («Անուններ մատնանշելը») գրքում:

Իսկ ինքըՙ Կազանը, փորձելով բացատրել էր վերաբերմունքը, նշել է, որ ինքը պետք է «չարյաց փոքրագույնը» ընտրերՙ կա՛մ համագործակցեր նրանց (կոմիտեի ներկայացուցիչների) հետ եւ փրկեր իր կարիերան, կա՛մ էլ մերժեր համագործակցել եւ նպաստել այդ (կոմունիստական) շարժմանը եւ այդ երկրինՙ Խորհրդային Միությանը (որին ատում էր այժմ), վտանգի ենթարկելով իր կարիերան:

Կազանը, շարունակելով իր կարիերան կինոարվեստի ասպարեզում անմիջապես հետո երկու կինոնկար նկարահանեց իր դիրքորոշումը «արդարացնելու» նպատակով: Մեկըՙ «Քարափում» ֆիլմն էր, որտեղ հերոսը (Մարլոն Բրանդոն) դատարանում վկայություն է տալիս ընդդեմ արհմիության կոռումպացված աշխատողների, իսկ մյուսըՙ «Այցելուն» (1972 թ.) հակավիետնամական պատերազմի ֆիլմը (որը ներառված չէ հավաքածուում), որտեղ հերոսըՙ ամերիկացի նախկին զինվորը (Ջեյմս Վուդ) մեղադրում է իր դասակի ընկերներին մի վիետնամուհու բռնաբարելու եւ սպանելու մեջ:

Բայց նրա արարքը որպես խարան ուղեկցեց նրան մինչեւ իր կյանքի վերջը: Որոշ մարդիկ մատնելու այդ արարքը ճիշտ համարեցին, ուրիշներըՙ սխալ: Հավաքածուն թեեւ չի անտեսում այդ «փաստը», բայց դրան այնքան մեծ ուշադրություն չի դարձնում: Դրա մասին ինչպես Սկորսեզեի վավերագրական ֆիլմում, այնպես էլ դրան ուղեկցող 100-էջանոց պատկերազարդ «գրքում» անդրադարձ կա, երբ խոսվում է 1999-ին նրան պատվավոր Օսկարի կոչում շնորհելու որոշման առաջացրած տարաձայնությունների մասին: Ռոբերտ դը Նիրոն, Ուորեն Բիթին, Կարլ Մոլդինը եւ Սկորսեզը կողմ են եղել, մինչ ուրիշները, չներելով նրան, դեմՙ այդ որոշմանը:

«Հավաքածուն», այդուհանդերձ, կինոարվեստի սիրահարների համար մեծ պարգեւ է, քանի որ բացի առաջին անգամ DVD-ով ներկայացված Կազանի հինգՙ «Մի ծառ է աճում Բրուկլինում», «Վիվա Զապատա», «Լարախաղացը», «Վայրի գետը» եւ «Ամերիկա, Ամերիկա» գլուխգործոց-ֆիլմերից, որոնք քաղաքական-տնտեսական հարցեր են շոշափում եւ տարփողում «մեթոդ էքթինգի» հաղթանակը, ընդգրկում է նաեւ «Ջենտլմենների համաձայնությունը», որը հակասեմական թեման շոշափող առաջին ֆիլմերից մեկն է, «Բումերանգը» (1947) եւ «Խուճապ փողոցում» (1950) ֆիլմերը, որոնք ցույց են տալիս նրա ռեալիստական մեթոդին հավատարիմ մնալու հաստատ համոզմունքը:

Կազանը համարձակորեն կարողանում է խորանալ կեցության ամենաբարդ խնդիրների մեջ, կյանքի ամենասուր հակասությունների ու բախումների մեջ: Բայց նրա «Ամերիկա, Ամերիկա» ֆիլմը, ըստ իս, բավական ձգձգված է, չնայած 19-րդ դարի վերջում եւ 20-րդի սկզբում Թուրքիայից ճնշված բռնագաղթածների (հույների եւ հայերի) դեպի ազատության երկիրը (Ամերիկան) ձգտումն է առինքնող ձեւով ներկայացնում:

Էլիա Կազանը ծնվել է 1909 թ. Կոստանդնուպոլսում, հույն ծնողների ընտանիքում: Նրա իսկական անունը Էլիա Կազանօղլու է եղել: Ընտանիքը ԱՄՆ է տեղափոխվել, երբ Էլիան ընդամենը 4 տարեկան է եղել: Իր «Նամակ Էլիային» ուղերձում Սկորսեզը մեջբերել է Կազանի խոսքերը, որ «դրաման իրական հուզումներ (սիրո, ատելության, ցանկության, բարկության եւ այլն) առաջացնելն է: Եթե ձեռք բերեցիր այն, ուրեմն ստեղծածդ եզակի է եւ անսովոր»:

Նա իրոք կարողանում էր առաջացնել այդ «իրական հուզումները ինչպես բեմերումՙ պիեսներում, այնպես էլ էկրաններում, ֆիլմերում: Կազանը վախճանվեց 2003 թվին:

Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4