«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#230, 2010-12-14 | #231, 2010-12-15 | #232, 2010-12-16


ՆՈՐԻՆ ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹՅՈՒՆ` ԽՈՍՔ

Օրերս կարդում էի Սուրեն Հարությունյանի «Անցյալի եւ ներկայի մասին» գիրքը: Ոչ, ասելիքս գրախոսություն չէ: Ոչ էլ` ընդդիմախոսություն, որովհետեւ նա գրել է իր մասին եւ երկրի, որի քաղաքացին ու քաղաքական գործիչն է եղել: Իսկ այդ դեպքում հակառակը պնդելն անիմաստ է. երբ մարդ ինքնանկար է անում, ճիշտ չէր լինի կողքից խորհուրդ տալ կամ հակաճառել, թե ինչո՞ւ այսինչ գիծը թանձր է, մյուսը` ուրվապատկեր:

Եվ, այդուհանդերձ` ինչո՞ւ են մարդիկ գրքեր գրում, հրապարակում, ընծայաբերում: Ինչպես Սուրեն Հարությունյանը, ով «Անցյալի եւ ներկայի մասին»-ը նվիրել է հայ ժողովրդին:

Կարծում եմ, շատ դեպքերում հեղինակը չափազանց անկեղծորեն է անդրադարձել անցյալին: Այնքան, որ հասել է Ստալինի դերի վերագնահատմանը:

Այս դեպքում է, որ ասվում է. «Խոսքի գինը սոսկ խոսքը չէ»: Քանի որ Սուրեն Հարությունյանը բավական զգալի խորհրդածություններ է անում նաեւ ԼՂ հարցի, դրա նկատմամբ Խորհրդային Միության կենտրոնական իշխանությունների վերաբերմունքի մասին: Իհարկե, վերջիններիս հանդեպ մնալով ընդդիմադիր: Բայց այդ դեպքում ինչպե՞ս հասկանալ, մանավանդ, նրա դիտարկումներն այն մասին, որ, թերեւս, ազգային հարցում ավելի հետեւողական էր Ստալինը, երբ դեմ էր արտահայտվում ֆեդերալիզմին եւ առաջադրում ունիտար պետության եւ ազգային ավտոնոմիայի համատեղման գաղափարը:

Հեղինակն արդարացնում է Ստալինին այն իմաստով, որ նրա քայլերը, ծրագրումներն ու նախանշումները հետապնդել են ԽՍՀՄ` որպես միասնական պետության պահպանման եւ զարգացման նպատակ: Անհասկանալի է, սակայն, թե նա ինչո՞ւ քննադատաբար է տրամադրված Գորբաչովի հանդեպ, ով նույնպես ամեն ինչ անում էր, որպեսզի այդ` Ստալինի ստեղծած Միությունն անխախտ մնա:

Այլ հարցերի եթե չանդրադառնանք, ապա հայտնի է ազգային հարցի «ստալինյան լուծման» երկու օրինակ` ԼՂ-ի «թողնելը Ադրբեջանի կազմում» եւ Աբխազիայի` միութենական հանրապետության կարգավիճակի լուծարումն ու Վրաստանի կազմում որպես ինքնավար հանրապետություն վերակազմավորումը:

Այսօր Անդրկովկասի կայունության եւ տարածաշրջանի ժողովուրդների անվտանգության հեռանկարը մեծապես պայմանավորված է նրանով, թե ի՞նչ վերջնական լուծում կգտնվի այն իրավիճակին, որ ստեղծվել է ԼՂ-ի եւ Աբխազիայի շուրջը:

Եվ, իհարկե, պետք է խորապես ցավել ու ափսոսալ, որ ԼՂ հարցի լուծման որոնումների մի շատ կարեւոր փուլում Հայաստանի փաստացի առաջնորդ է եղել մի մարդ, ով հոգու խորքում հարգանք է տածել Ստալինի անձի եւ գործի հանդեպ: Հակառակ դեպքում պիտի ենթադրել, որ նա ստալինիստ է դարձել արդեն պաշտոնաթողությունից հետո, ինչը, թվում է, դարձյալ չի զարդարում նրան:

Մարդ, իհարկե, ազատ է բնութագրումներ եւ գնահատականներ ընտրելիս: Բայց պետական ու քաղաքական գործիչների հեղինակած հուշերի շարքում Սուրեն Հարությունյանի «Անցյալի եւ ներկայի մասին»-ը, թերեւս, հազվագյուտներից է, որտեղ, ինչպես խորհրդային ժամանակներում էին ասում, «կարմիր թելի պես անցնում է» սեփական առաքելության եւ դրան հետեւողականորեն հետամուտ լինելու գաղափարը:

Նա իրեն երկար է նախապատրաստել Հայաստանում առաջին դեմքի դերակատարության: Այնքան եւ այն աստիճան նպատակադրված, որ չի էլ կարողանում թաքցնել, որ արդեն 1988թ. փետրվարին Կրեմլում իր համար Գորբաչովին բարեխոսել են: Սա՞ էր, միթե, ժամանակի հրամայականը: Մոսկվայի համար` իհարկե: Մոսկվան կուզենար պահել պարիտետը. ԼՂ-ում իշխանությունից հեռացվել էր Կեւորկովը, Սումգայիթից հետո ակնհայտ էր, որ Քյամրան Բաղիրովը բարոյական իրավունք չունի համարվելու «խորհրդային տիպի ղեկավար», իսկ Հայաստանում ի՞նչ էր եղել:

Սկզբունքորեն` ոչինչ: Ոչ անկարգություններ էին գրանցվել, ոչ ազգամիջյան ընդհարումներ, չնայած ՊԱԿ-ի սադրանքներին: Արտառոց ոչինչ չէր եղել: Եվ գոնե հանուն այն բանի, որ Մոսկվային չհաջողվի «կշեռքի նույն նժարին դնել» Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարությանը, հարկ էր, որ մտավորականությունը, կուսակցական-պետական չինովնիկությունը, բոլորով թույլ չտային, որ Երեւանում էլ իշխանափոխություն իրականացվեր:

Դատելով Սուրեն Հարությունյանի գրքի մի շարք անթաքույց ակնարկներից, նա «սպասում էր իր ժամին»` մեղմ ասած: Իրականում թերեւս կարելի է ենթադրել, որ ստեղծվել էր մի իրավիճակ, երբ «վերեւները մտադիր էին, իսկ ներքեւները դեմ չէին», որպեսզի պարիտետը պահպանվի, ու Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդները հեռանան նույն օրը, նույն ժամին եւ, բնականաբար, կիսեն նույն պատասխանատվությունը:

Մինչդեռ, կրկնենք, Ադրբեջանում տեղի էր ունեցել ազգությամբ հայ քաղաքացիների զանգվածային սպանդ, սկսվել էր Հայաստանի տրանսպորտային շրջափակումը, բացահայտ հնչում էին «ԼՂ 100 հազար կամավորականներ մտցնելու եւ գերեզմանոցի վերածելու» կոչեր, իսկ Հայաստանում տեղի էին ունենում միայն խաղաղ երթեր եւ ցույցեր: Իրավիճակն այնքան հանդուրժողական էր, որ, ինչպես ինքը` Սուրեն Հարությունյանն է վկայում, Արարատի շրջանի ադրբեջանցիները «պատրաստ էին հոշոտել շրջանի ղեկավարներին»: Այսինքն, մի բան էլ ավելի` դեռ իրենք էին պահանջներ ներկայացնում:

Սուրեն Հարությունյանը թռուցիկ ակնարկում է, թե ի՞նչ քննարկումներ է ունեցել Կրեմլում: Ամփոփ դրանց մասին պատկերացում կարելի է կազմել նրա այն կեսբերան խոսքից, որ «Գորբաչովը համաձայն էր, որ ԼՂ-ն ունենա ինքնավար հանրապետության կարգավիճակ»: Բայց` մի վերապահումով, որ «այդ մասին պիտի պայմանավորվեն իրենք` Ադրբեջանը եւ Հայաստանը»:

Ահա այդ քննարկումներն են, որ ի վերջո հանգել են ԼՂԻՄ Հատուկ կառավարման կոմիտեի ստեղծման գաղափարին: Ոմանք, այդ թվում եւ Սուրեն Հարությունյանը, մինչ օրս դա համարում են լուրջ հաջողություն: Այդպես կլիներ, եթե ԼՂԻՄ Հատուկ կառավարման կոմիտե ստեղծելու գինը չլիներ մարզային իշխանության սահմանադրական մարմինների լուծարումը: Դա, ահա, Ադրբեջանի բոլոր ժամանակների ամենավարդագույն երազանքն էր` հասնել ԼՂ ինքնավարության լուծարմանը: Ինչին եւ Բաքուն հասավ` շատ ճարպկորեն օգտագործելով մեր ավանդական կանխատրամադրվածությունը կենտրոնական իշխանության հանդեպ:

Իհարկե, անցյալի բացթողումները, վրիպումները, ձախողումները շտկելու համար այսօր ոչինչ անել հնարավոր չէ: Ոչ էլ այդ կարգի որոշումներ ընդունողներին քննադատելով է հնարավոր ինչ-որ բանի հասնել: Բայց երբ դեպքերն ու իրադարձությունները գնահատում է նա, ով դրանց մասնակիցն ու ժամանակի գլխավոր դերակատարներից է եղել, ոչինչ չէր խանգարի, եթե նա փորձեր գոնե ընդհանուր գծերով տեսնել նաեւ սեփական թերացումները: Այլապես չի լինում այնպես, որ մեկը, եթե նա անգամ հանրապետության առաջին դեմքն էր, միշտ ճիշտ էր դատում, բայց արդյունքում ոչինչ չստացվեց:

Քաղաքական, պետական գործչի մեծությունը չափվում է նրա գործով: Տեսական բնույթի մտավարժանքների համար բազում կոչեցյալներ կան, իսկ ընտրյալը նա է, ում հաջողվում է ճակատագրական պահերին ընդունել ճիշտ որոշումներ, բարձր կանգնել անձնական համակրանքից եւ հակակրանքից` հանուն ընդհանուր նպատակի, ով կարողանում է սեփական հնարավորություններն ու գործի ծանրությունը չափել ոչ թե անմարմին խոստումների ապահովությամբ, այլ` սեփական մտահորիզոնի եւ հանրային հեղինակության չափով:

Ըստ երեւույթին, Սուրեն Հարությունյանն «Անցյալի եւ ներկայի մասին»-ը գրել է, որպեսզի ինչ-որ չափով ցրի իր վերաբերյալ Հայաստանում ձեւավորված թերահավատությունը: Ցավալի է, բայց` փաստ, որ դա ոչ միայն չի հաջողվել, այլեւ նա կարծես ավելի է խտացրել վրիպանքի, ձախողման պատկերի զգացողությունը` որպես անձնական դրամա:

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4