«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#231, 2010-12-15 | #232, 2010-12-16 | #233, 2010-12-17


«ՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅԱՆ» ԵՎ «ԱՆՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅԱՆ» ՄԱՍԻՆ

Բավական էր, որ խոսվեր Մոսկվայում «Ընդհատված երգը» ֆիլմի նկարահանման մասին, որպեսզի ադրբեջանական մամուլը կրկին շահարկի «էթնիկական անհամատեղելիության» թեման:

Թե ով, երբ եւ որտեղ է ասել, որ «հայերը եւ ադրբեջանցիներն էթնիկապես անհամատեղելի են»` հղումներ անելը տվյալ դեպքում կարեւոր չէ. պե՞տք է պնդել, որ «հայերը ֆաշիզմ են քարոզում», եւ Բաքվում իսկույն գտնվում են ամենատարբեր տրամաչափի քարոզիչներ: Ընդ որում, բանը երբեմն հասնում է պարզապես զավեշտի:

Մի ադրբեջանցի լրագրող, մասնավորապես, օրերս լուրջ ոճով վկայակոչել էր Ջալիլ Մամեդկուլիզադեի «Քամանչա» պիեսը, որտեղ ադրբեջանցիներն ազատ են արձակում մի հայ մարդու, որը շրջակայքում հայտնի էր որպես ընդունված քամանչահար: Դեպքը, բնականաբար, տեղի է ունենում անցյալ դարասկզբի ազգամիջյան բախումների տարիներին:

Եթե ամեն ինչ գրականությամբ չափվեր, ապա, թերեւս, մենք հանդուրժողականության մարմնացում պիտի ներկայացնեինք Աբովյանի «Թուրքի աղջիկը»: Բայց հիշեցնենք, որ երբ Ջալիլ Մամեդկուլիզադեն կամ Ջաբար Ջաբարլին պիես էին գրում, Հովհաննես Թումանյանն ամեն ինչ թողած` գյուղեգյուղ շրջում եւ հաշտեցնում էր հայերին եւ ադրբեջանցիներին, որի համար հետո ստիպված էր պատասխան տալ ցարական հավատաքննիչներին: Այնպես որ` աշխարհը, ցավոք, ոչ Թումանյանով է կառուցվել, ոչ էլ Մամեդկուլիզադեով:

Իրականությունն ավելի բարդ եւ բազմաշերտ է, որպեսզի թաքցվի գրականության, կինոյի «բարալիկ թաղանթի տակ»: Ծագումով ադրբեջանցի կին գրող Բանինը, որ ապրել է Փարիզում, ինքնակենսագրական վեպ ունի` «Կովկասյան օրեր»: Նրանում գեղարվեստական քիչ բան կա: Փոխարենը պատմվում է հարուստ նավթարդյունաբերող Միրզա Ասադուլլաեւի ընտանիքի կյանքը: Խոսքը անցյալ դարասկզբի Բաքվի մասին է: Հեղինակը, որ արեւմտյան ազատամտությամբ իրեն կաշկանդված չի զգացել, պատմում է, թե ինչպես իրենք` ընտանիքի մանկահասակ աղջիկները տոն օրերին «հայերի ջարդ էին խաղում»: Եվ ոչ ոք նրանց չէր արգելում: Ընդհակառակը, նրա տատը, ինչպես հեղինակն է հիշում, ատելությամբ էր խոսում «անհավատների» մասին, հայհոյում նրանց` անվանելով «շան ծնունդ»:

Սա թերեւս իրականին մոտ է: Ինչպես եւ այն, որ հոր` միլիոնատեր Միրզա Ասադուլլաեւի բազմաթիվ ծանոթների եւ գործընկերների մեջ հեղինակը չի հիշում այլազգի որեւէ մեկին: Ահա այդ կյանքով էր ապրում ադրբեջանցի բուրժուան անցյալ դարասկզբի Բաքվում, որտեղ բնակչության կեսից ավելին հայեր, ռուսներ եւ եվրոպական այլ ազգությունների ներկայացուցիչներ էին:

Երկու մասից բաղկացած այդ ծավալուն վեպում հեղինակը միայն մի անգամ է հիշատակում հայերին, որ իրենց հարեւանությամբ էին ապրում եւ պատսպարել էին Ասադուլլաեւներին` 1918 թ. մարտի քաղաքացիական ընդհարումների ժամանակ: Եվ շատ զարմանալի է, որ կին գրողը չի հիշում իրենց բարերարներից եւ ոչ մեկի անունը: Մինչդեռ կարծես պարտավոր էր:

Ի՞նչ է վկայում այս ինքնակենսագրությունը: Մի բան` Բաքվի նույնիսկ զարգացած, այսպես ասած` եվրոպականացած խավը, որին պատկանում էր Ասադուլլաեւների ընտանիքը, անցյալ դարասկզբին հայերին համարում էր օտար: Իրականության մեջ շատ քիչ բան է փոխվել խորհրդային իշխանության տարիներին: Ապացո՞ւյց: Միայն մեկը, բայց` ամենաբնութագրականը. մահվանից մի քանի ամիս առաջ Նարիմանովը նամակ է հղել Ռուսաստանի կոմկուսի կենտկոմի «հարգելի անդամներին», որով բացահայտ դժգոհում է, թե ինչո՞ւ Ադրբեջանի կուսակցական եւ պետական ղեկավարության մեջ «այդքան շատ հայեր կան»: Նարիմանովը բացառություն չէ: Եթե այդպես լիներ, ապա տեղի չէր ունենա Սումգայիթը: Բաքուն չէր հայաթափվի: Չէր հայրենազրկվի Գանձակի եւ շրջակայքի հայությունը:

Մի երկրում, եթե իշխանությունը չի ցանկանում, ոչինչ հենց այնպես տեղի չի ունենում: Ադրբեջանի հոծ հայությունը բռնատեղահանվել, հայրենազրկվել է իշխանությունների թողտվությամբ, նրա անմիջական ցուցմամբ: Այլ բացատրություն գոյություն չունի: Հուշերի գրքում ՀԿԿ ԿԿ նախկին առաջին քարտուղար Սուրեն Հարությունյանը պատմում է 1988 թ. գարնանը Արարատի շրջանում ադրբեջանցի բնակչության կազմակերպած ցույցի մասին: Որեւէ ադրբեջանցի պաշտոնյա կարո՞ղ է նման մի դեպք հիշել Բաքվում, Կիրովաբադում, Շամխորում, Դաշքեսանում ապրող հայերի նախաձեռնությամբ: Բացառված է:

Ադրբեջանի իշխանությունները, նույն օրերին, երբ Արարատում իրենց ազգակիցները սպառնում էին բզկտել շրջկոմի առաջին քարտուղարին, մահվան սպառնալիքի տակ Բաքվի հայ մտավորականության, իշխանության ստորին օղակներում պաշտոնավարող վերջին մոհիկաններին մղում էին դեպի հեռուստաէկրաններ, թերթերի էջեր, որպեսզի նրանք «դատապարտեն ԼՂԻՄ-ում սկիզբ առած ազգայնականությունը»:

Ահա եւ կարծես պարզ է դառնում, թե ի՞նչ «համատեղելիություն» նկատի ունեն ադրբեջանցի գաղափարախոսները: Բայց դա, ըստ էության, նույն անհամատեղելիությունն է: Քանի որ եթե մարդ չի կարող ասել, որ ինքը պատկանում է այլ ազգության, ունի ինքնուրույն լեզու, մշակույթ, ապա ի՞նչ խոսք կարող է լինել «էթնիկական համատեղելիության» մասին: Համատեղելիությունը երկու եւ ավելի էթնիկ հանրությունների խաղաղ գոյակցությունն է այնպիսի պայմաններում, երբ նրանցից ոչ մեկը մյուսի հանդեպ գերիշխանություն չունի: Իսկ երբ մեկը թելադրում է իր պայմանները, ապա մյուսն արդեն ոչ թե ապրում, այլ ընդամենը... դանդաղ մեռնում է: Դա կոչվում է ուծացում, ասիմիլյացիա:

Ադրբեջանում այդ ճանապարհով են ձուլվել քրդերը, լեզգիները, ուդիները, թաթերը, թալիշները, հրեաների եւ ռուսախոս բնակչության զգալի մասը: Չկան, նրանք բոլորն այսօր ունեն մի անուն` «ադրբեջանցի», որն օրենքով իբր քաղաքացիություն է նշում, բայց իրականում հենց էթնիկական անվանում է:

Այն իմաստով, որ հայերը երբեք չեն համաձայնի ենթարկվել ուծացման վտանգի, իսկ ադրբեջանական իշխանությունները չեն հրաժարվում Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ուժի կիրառմամբ «իրավազորություն հաստատելու» գաղափարից, այո` այս իրավիճակում հայերը եւ ադրբեջանցիները անհամատեղելի են: Բայց դա էթնիկական անհամատեղելիություն չէ, այլ` քաղաքական եւ իրավական: Պարզ ասած` հայերս չենք ընդունում, որ ադրբեջանիցները կրկին կարող են լինել «իշխող», մենք` «հպատակ»:

Մնացածը զուտ շաղակրատանք է: Ընդամենը` էժան քարոզչություն, որ ամեն օր եւ ժամ իրենք իսկ հերքում են: Օրինակներ կարելի է անվերջ բերել, բայց մեկով բավարարվենք. խորհրդարանական վերջին ընտրություններից առաջ ադրբեջանական մամուլում վերստին թեժացավ «կառավարության անդամների մեջ ծպտված հայերի եւ քրդերի» թեման: Հանդուրժողականության եւ էթնիկական համատեղելիության ջատագով երկիրն, ընդհակառակը, կհպարտանար, որ կառավարության անդամների մի մասը պատկանում է այլ ազգության, այլ հավատի կրող է: Մինչդեռ մամուլի հրապարակումները հիշեցնում էին վհուկորսի կոչեր: Այնքան, որ իշխանությունները շտապ Մոսկվա գործուղեցին կառավարության անդամին, եւ նա այնտեղ խափանեց իր դստեր եւ մի հայ երիտասարդի ամուսնության գործը: Եվ որեւէ լրատվամիջոցի այդպես էլ չհաջողվեց պարզել այդ նախարարի անունը: Երեւի անվտանգության նկատառումով ստիպված էին չգաղտնազերծել «ուրացողի» ինքնությունը:

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4