«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#232, 2010-12-16 | #233, 2010-12-17 | #234, 2010-12-18


ԼԵՎՈՆ ԼԱՃԻԿՅԱՆ. «ԳՅՈՒՄՐԻ, ԻՄ ՍԵՐ»

Մշակույթի նախարարության «Ոսկե մեդալ» անվանի գեղագետին

Ճանաչված գեղագետ, մշակութային մեկնաբան, այժմ նաեւ նկարիչ Լեւոն Լաճիկյանի համար իր ծննդավայր Գյումրին, միաժամանակ, հոգու ծննդավայր է: Հենց յուրօրինակ այս քաղաքն է իր ուրույն կերպարով ու մշակութաստեղծ միջավայրով, գումարվելով ժառանգաբար ստացած շնորհին, նրան ներշնչել գեղեցիկի զգացողությունը, որը հետո զարգանալով` դարձել է գեղագետի մասնագիտական հայացք, ապա` նաեւ առինքնող գիծ ու պատկեր... Եթե սրան ավելացնենք եւ մայրաքաղաքում ապրող արվեստագետի չընդհատվող մշտական կապը հարազատ քաղաքի հետ, եւ վերջինիս պատկերների, տեսարանների ծանրակշիռ ներկայությունը իր ստեղծած գրաֆիկական գործերի շարքում, ապա Գորիսում ու Երեւանում այս տարի կազմակերպված առաջին երկու անհատական ցուցահանդեսներից հետո բնական ու սպասելի էր, որ այդ գործերը ցուցադրվեն նաեւ հեղինակի ծննդավայրում:

Լաճիկյանի երրորդ անհատական ցուցահանդեսը, «Գյումրի, իմ սեր» խորագրով, դեկտեմբերի 15-ին բացվեց Գյումրու քաղաքապետարանի նորակառույց շենքի գեղեցիկ ճեմասրահում, այստեղ նաեւ հիմք դնելով նոր ավանդույթի: Այս վերջին հանգամանքն իր ողջույնի խոսքում նշեց նաեւ քաղաքապետ Վարդան Ղուկասյանը : Ցուցադրանքում ներկայացված են չորս տասնյակ գծանկարչական աշխատանքներ, որոնց թվում ուղիղ կեսը Գյումրու շարքն է:

Միքայել Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտի նկարչության ամբիոնի վարիչ, արվեստաբան Լաուրա Աթանեսյանը , քաղաքի գեղագիտական կենտրոնի տնօրեն, նկարչուհի Սուսաննա Մկրտչյանը եւ ուրիշներ, ողջունելով այս ցուցահանդեսի բացումը, ջերմ խոսքով գնահատեցին Լաճիկյանի արվեստը: Թերեւս խորհրդանշական էր նաեւ, որ հենց այստեղ հրապարակվեց ՀՀ մշակույթի նախարարի հրամանագիրը նրան նախարարության բարձրագույն պարգեւով` ոսկե մեդալով պարգեւատրելու մասին: Անվանի գեղագետը նման գնահատանքի արժանացել է արդի հայ մշակույթին մատուցած նշանակալի ծառայությունների համար, ինչպես նաեւ ստեղծագործական գործունեության 30-ամյա հոբելյանի առթիվ:

- Այս ցուցահանդեսը ես ներկայացնում եմ որպես հոգու պարտք իմ քաղաքին,- բացման շնորհակալական խոսքում մասնավորապես ասաց Լեւոն Լաճիկյանը: -Ես ինձ համար վերջնականապես պարզել եմ այն հարցի պատասխանը, թե ինչու են այստեղ շատ արվեստագետներ ծնվում: Որովհետեւ միջավայրը նպաստավոր է: Որովհետեւ այստեղ գեղեցիկի հանդեպ նախաստեղծ սեր կա, աստվածային սեր...

Այդ սիրով են ներշնչված Լաճիկյան-նկարչի գործերը: Ու նաեւ` իր համար Գյումրին եղել ու մնում է արվեստի կամ ճշմարիտ արժեքի գնահատման, այդ իմաստով լակմուսի թղթի արժեք ունեցող ամենալուրջ փորձաքարը: Ահա թե ինչու նա միայն առաջին երկու ցուցահանդեսների հաջողությունից հետո համարձակվեց իր գործերը այստեղ ներկայացնել:

Բայց Լաճիկյանի ներկայացրած ցուցադրանքը հետաքրքրական է նաեւ նրանով, որ ինքը Գյումրին չի զատում մնացյալ աշխարհից ու իր գծանկարներում ցույց տալով նաեւ, ասենք, Փարիզը, Նյու Յորքը ու դրանց կողքին` Գյումրին, բոլորին տեսանելի է դարձնում, որ վերջինս որպես քաղաքային միջավայր բնավ չի զիջում, եթե ոչ ինչ-ինչ կողմերով նաեւ գերազանցում է նույնիսկ նշանավոր շատ քաղաքների: Այսինքն նկարչի նպատակը, գեղագիտականից զատ, նաեւ այս քաղաքի իրական արժեքն ու գեղեցկությունը այլոց ցույց տալը, այն ճանաչել ու սիրել տալն է: Պատահական չէ, որ հատկապես Երեւանում նրա գործերը դիտողներից շատերն ասել են, թե ուզում են գալ, տեսնել Գյումրին:

Իսկ քաղաքի այսօրվա դեռ չթոթափված խեղճությունն արվեստագետը ժամանակավոր է համարում: «Ես ամեն օր աղոթում եմ,- ասաց նա,- որ ժողովուրդն այդ տնակներից ի վերջո ձերբազատվի, վերջնականապես դուրս գանք այս վիճակից ու քաղաքը քայլի այն արժանապատիվ հունով, որին ինքը կոչված է...»:

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4