«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#233, 2010-12-17 | #234, 2010-12-18 | #235, 2010-12-21


«ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ»-Ը ՆԵՐԴՐԵՑ 4-ՐԴ ՍԵՐՆԴԻ ՆՈՐ ՑԱՆՑ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Ռալֆ Յիրիկյանի հավաստմամբՙ մի քանի ամիս անց ցանցը մատչելի կլինի զանգվածային օգտագործման համար

Հայաստանը երեկ հայտնվեց աշխարհի այն 10 երկրների ցանկում, որտեղ գործում է 4-րդ սերնդի կամ 4G/LTE հեռահաղորդակցության ցանցը: Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի, տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանի եւ այլ հյուրերի ներկայությամբ «Վիվասել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը ցուցադրեց LTE մոդեմի Երեւանի տարածքում փորձնական գործարկումը: Ցուցադրմանը զուգահեռ, ընկերության գլխավոր տնօրենը տեղեկացրեց, որ դեռ 2009-ին հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշեց թույլ տալ «Վիվասել-ՄՏՍ»-ին կառուցել 4G ցանցը: Այս ընթացքում ընկերությունը բանակցություններ վարեց մատակարար ընկերությունններիՙ Ericsson-ի եւ Huawei-ի հետ եւ սկսեց կառուցել ցանցը: Ինչպես հայտնեց Ռալֆ Յիրիկյանը, ներկայումս Երեւանի երկու շրջաններումՙ Կենտրոնում եւ Արաբկիրում գործարկվելուց հետո, ընկերությունը կզարգացնի ցանցը եւ կտարածի Երեւանի մնացած մասի, ապա Գյումրիի եւ Վանաձորի, 1-2 տարումՙ նաեւ Հայաստանի ամբողջ տարածքի վրա: Ընկերության ղեկավարն ընդգծեց նաեւ, որ տարածաշրջանի ոչ մի երկրում այս տեխնոլոգիան ներդրված չէ: «4G-ի մասին խոսելիս, երբ նշեն ԱՄՆ-ի կամ Շվեդիայի մասին, կնշեն նաեւ Հայաստանի մասին», փաստեց Ռալֆ Յիրիկյանը:

Տեղեկացվեց, որ 4G/LTE նոր սերնդի շարժական հեռահաղորդակցության տեխնոլոգիան թույլ է տալիս տվյալների փոխանակման միջոցով մատուցել որակապես նոր եւ ավելի մեծ թողունակություն պահանջող ծառայություններ: Այն օժտված է բարձր արագությամբ, հաճախականությունների առավելագույն օգտագործելու հնարավորությամբ եւ բարձր արդյունավետությամբ: Առավել մանրամասնելով, «Վիվասել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրենը հայտնեց, որ մինչեւ 2011-ի մարտ ամիսը կտեւի նոր սերնդի ցանցի փորձարկումը, որից հետո արդեն մատչելի կդառնա զանգվածային օգտագործողների համար: Ծառայության սակագների մասին եւս կհայտարարվի այդ ժամանակ, թեեւ Ռալֆ Յիրիկյանը խոստացավ, որ 3G-ից ավելի թանկ չի լինի:

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն իր ելույթում այն համոզմունքը հայտնեց, որ 4G տեխնոլոգիաների մուտքը Հայաստան կխթանի մեր երկրում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը: Նա այս նախաձեռնությունն օրինակելի համարեց եւ նշեց, որ այն մղում է ոլորտում նոր նեդրումներ կատարելուն:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4