«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#234, 2010-12-18 | #235, 2010-12-21 | #236, 2010-12-22


ԱՇԽԱՐՀԸ ԵՎ ԱՄՆ-Ը

Ինչպե՞ս վերականգնել «ամերիկյան երազանքը»

«Տխուր իրականությունն այն է, որ տեխնոլոգիաների զարգացումը եւ «գլոբալիզացիան» ցնցում են միջին դասակարգի հիմքերը: Մի ժամանակվա «առաջնորդ» Ամերիկան այսօր «դասեր» ունի սովորելու այլ երկրներից: Երկկուսակցական կառավարության ստեղծումը գուցե կարողանա երկիրը վերադարձնել անցյալ ժամանակների բարգավաճ վիճակին, բայց դա հեշտ չի լինելու», այսպիսի նախաբանով է սկսում իր հոդվածը CNN-ի հայտնի լրագրող-մեկնաբան Ֆարիդ Զաքարիան ամերիկյան «Թայմ» շաբաթահանդեսի նոյեմբերի 1-ի համարում, որտեղից թարգմանաբար հատվածներ ենք ներկայացնում մեր ընթերցողներին:


1970-ականներին Հնդկաստանում հասակ առնելիսՙ «Դալլաս» հեռուստասերիալն էր, իր շքեղ ավտոմեքենաներով, փայլուն երկնաքերներով եւ այլ «ախորժալի» տեսարաններով մեր առաջ բացում «ամերիկյան երազանքի» իրականությունը, հատկապես հակադրվելով այդ օրերի հետամնաց Հնդկաստանի պատկերին: Այդ երազանքը ավելին էր թվում, քան իրական կյանքը: Բոլորը հիացած էին ԱՄՆ-ով, եւ նույնիսկ քաղաքագետներ, որոնք ցերեկները դեմ էին արտահայտվում այդ երկրին, երեկոյան տուն վերադառնալիս մտածում էին իրենց երեխաներին Մ. Նահանգներ ուղարկել սովորելու:

Ճիշտ է, 1970-ականներին Ամերիկան էլ դժվար ժամանակներ էր ապրում (գործազրկություն, փողի արժեզրկում, Ուոթերգեյթ եւ վիետնամական պատերազմի այլ հետեւանքներ), բայց իրադրությունը ավելի վատ էր աշխարհի այլ երկրներում: Գերարժեզրկումը փողի սպառնում էր «3-րդ աշխարհի» երկրներին, պետական հեղաշրջումները սովորական երեւույթներ էին եւ նույնիսկ ժողովրդավարական Հնդկաստանում 1975-77 թվերին արտակարգ իրավիճակ էր հայտարարված: Այս բոլորի ֆոնի վրա Մ. Նահանգները հրաշք երկիր էր թվում:

Երբ մի քանի տարի անց ուսանելու նպատակով մեկնեցի Ամերիկա, նկատեցի, որ այդ «երազանքը» տարբեր էր «Դալլասի» սերիալներում ներկայացվածներից: Բայց միջին դասակարգի բարեկեցության աստիճանն էր ինձ առավել գրավել: Դա լավատեսություն էր պարգեւում:

Այսօր, սակայն, երբ Հնդկաստան եմ վերադառնում, տեսնում եմ, որ աշխարհն իրոք շուռ է եկել: Հնդկաստանն է այժմ ապագայի հավատով ու լավատեսությամբ «շնչում», մինչդեռ Մ. Նահանգներում տրամադրությունները այնքան էլ բարձր չեն: Հուսահատությունն է տիրում ամենուրեք: Հնդկաստանում տնտեսությունը վերելք է ապրում, Ամերիկայումՙ ճիշտ հակառակը: Սեպտեմբերին անցկացված հարցումների արդյունքովՙ ամերիկացիների 63 տոկոսը համոզված է, որ չի կարողանալու շարունակել իր «ներկայի ապրելակերպը», որ երկիրը հեռանկար չունի:

Մտահոգությունը տեղին է: Տնտեսական «Մեծ ճգնաժամից» հետո լույսը թունելի վերջում չափազանց աղոտ է: Թեեւ ոմանք հակված են մտածելու, որ դա բնորոշ է բոլոր ճգնաժամերին եւ հաղթահարելի է, ուրիշներն այն կարծիքին են, որ այս անգամ կառուցվածքային փոփոխություններ են անհրաժեշտ, որոնք նոր մարտահրավերներ են առաջացնելու ամերիկացիների միջին խավի ներկայացուցիչներին, վտանգելով նրանց «ամերիկյան երազանքը»: Նրանց կարծիքովՙ միջին խավը «դատարկվում է», դուրս է մղվում խաղից, եւ կարծում եմ, դա ճիշտ է:

Գլոբալացում

Գլոբալ տնտեսության մասին գաղափար կազմելու համար բավական է հայացք գցել դեռեւս իրենց բարգավաճումը շարունակող ամերիկյան մեծ կորպորացիաներին: IBM-ը, «Կոկա-կոլան», «Պեպսի-կոլան», «Գուգլը», «Էփըլը», «Մայքրոսոֆթը» եւ ուրիշներ շարունակում են հաջողություններ արձանագրել: Նրանք հետեւում են մի մարտավարության, որը հաջողության գրավականն է դարձել: Նախ տեխնոլոգիաների զարգացման տեմպերը փոխել են աշխատատեղերի «խաղի կանոնները»: Եթե 2007-ին որոշակի մի բիզնեսում 26 հազար մարդ էր աշխատում եւ 12 միլիարդ դոլարի եկամուտ ապահովում, ապա 2013-ին այդ նույն եկամուտը հնարավոր է լինելու ստանալ ընդամենը 14 հազար աշխատող վարձելով: Երկրորդ, այդ ընկերությունները «գլոբալացվել» են: Նրանց եկամուտների 46 եւ նույնիսկ ավելի տոկոսը գալիս է դրսից: «Կոկա-կոլան» 206 երկրներում է գործում եւ դադարել է զուտ «ամերիկյան ընկերություն» լինելուց: Ռամալլայում 2000 հոգի է աշխատում: Մասնաճյուղեր են բացվել աշխարհի տարբեր երկրներում, եւ եկամուտների 80 տոկոսը, ըստ ընկերության գործադիր տնօրենի տվյալների, դրսից է գալիս: Դրսում աշխատուժը անհամեմատ էժան է: Ճիշտ է, ամերիկյան իրենց շուկայից չեն հրաժարվելու, բայց ներդրումներ կկատարեն դրսում:

Բայց եթե կապիտալն ու տեխնոլոգիաները կարող են «շարժական» լինել, ապա սովորական ամերիկացի աշխատողը, բանվորը, չի կարող: Եվ եթե հաշվի առնենք, որ ԱՄՆ-ում աշխատավարձերը բավական բարձր են, ապա առավել հասկանալի կդառնա պատկերը: Միջին խավի աշխատողը չի կարող «օգուտ քաղել» ոչ տեխնոլոգիաների առաջխաղացումից, ոչ էլ գործարանի «գլոբալ» դառնալուց:

Եթե պատմականորեն ազատ առեւտուրը կարողացել էր արդյունաբերության մի թույլ օղակը փոխարինել մեկ ուրիշ օղակի հզորացմամբ, ապա այժմ պատկերը փոխվել է: Շատ ապրանքներ եւ ծառայություններ կարելի է ձեռք բերել աշխարհի որեւէ «անկյունում»: Չինաստանն ու Հնդկաստանը միլիոնավոր աշխատանքներով «հարստացրել» են համաշխարհային բանվորական ուժի կառույցը: Նրանք ստեղծում են նույն ապրանքները անհամեմատ ցածր գներով: Այդ երկրները այժմ դարձել են կայուն եւ վստահություն ներշնչող, եւ գործարարները կարողանում են հեշտորեն համագործակցել նրանց հետ: Ընդամենը երկու շաբաթ առաջ ես նստեցի Հնդկաստանի «Թաթա մոտորզ» ընկերության արտադրած նոր «Նանա» մակնիշի ավտոմեքենան, որը հանգստավետ եւ գեղեցիկ լինելուց բացի, արտադրողի վրա 22 հազար դոլարի փոխարեն նստել էր ընդամենը 2.400 դոլար: Երկու երեք տարուց այդ մեքենաները Մ. Նահանգներ են բերվելուՙ մեծապես հարվածելով տեղի ավտոարդյունաբերությանը, քանի որ վաճառվելու է 7 հազար դոլարով:

Նման «հարվածների» տակ է ընկնելու նաեւ ծառայությունների ոլորտը: Ըստ ականավոր տնտեսագետ Ալան Բլայնդերի, «28-ից 42 միլիոն աշխատատեղեր այս ոլորտում տուժելու են»: Խնդիրը լինելու է ոչ թե ընտրություն կատարելը բարձրորակ եւ ցածրորակ աշխատողների միջեւ, այլ այն աշխատանքների, որոնք կարող են կամ չեն կարող դրսումՙ այլ երկրներում կատարվել:

Տնտեսագետ Դեյվիդ Օտորի ուսումնասիրության համաձայն, աշխատատեղերի պահանջարկի հարցը երեք խմբի կարելի է բաժանել. առաջինը կառավարման, մասնագիտական եւ տեխնիկական խումբն է, որոնցում ընդգրկվածները բարձր որակավորում ունեցողներ են, լավ են վճարվում, եւ նրանց պահանջարկը կա: Վերջինըՙ երրորդը, զանազան ծառայություններ մատուցող խումբն է, որն օգնում, հոգ է տանում ուրիշներին: Այս խմբում ներառված են անվտանգության աշխատակիցները, խոհարարները եւ մատուցողները: Նրանց մեծ մասը բարձրագույն կրթություն չունի եւ ժամավճարային կարգով է վարձատրվում: Այստեղ էլ պահանջարկը մեծ է: Այս երկուսի արանքում ձեռքի աշխատանքի հմուտ վարպետների, վաճառողների եւ գրասենյակային աշխատողների խումբն է, որը միջին խավի զարկերակն է կազմում, բայց 2000-ից սկսած կորցնում է հետզհետե իր տեղն այս աշխարհում: Տեխնոլոգիաների զարգացումն ու գլոբալ մրցակցությունը ամենից ավելի այս խմբին են հարվածել:

Ո՞րն է ելքը

Միշտ ավելի հեշտ է սխալ պատասխան մատնանշելը, քան ճիշտ պատասխան գտնելը: Հարցումները ցույց են տալիս, որ տեխնոլոգիաների զարգացումը ավելի մեծ դեր է կատարում այդ «տեղազիջման» գործընթացում, քան ինքըՙ առեւտուրը: Եվ հնարավոր չէ կասեցնել այդ զարգացումը:

Լուծումներ անշուշտ կան, բայց կապված են դժվարագույն փոփոխությունների հետ: Վերջին ավելի քան մեկ սերունդի ընթացքում ամերիկացիներս ջանացինք սպառումը ընդլայնելու, մեծացնելու միջոցով լուծել այդ խնդիրը: 50-ականների 60 տոկոսից սպառումը բարձրացրինք 1980-ականներին 70 եւ ավելի տոկոսի: Բայց դա եկամտի ավելացման հաշվին չկատարվեց, այլ կրեդիտի հաշվին եւ այժմ ընտանիքներում առնվազն 13 կրեդիտ քարտեր են կուտակված: Արդյունքում պարտքերը 1974 թվի 680 միլիարդ դոլարից, 2008-ին հասան 14 տրիլիոն դոլարի: Կառավարության միջամտությունը անհրաժեշտություն դարձավ, եւ մենք բոլորս տեսանք արդյունքը:

Այն, ինչ հիմա պետք է անենք մենք, առաջին հերթին սպառողականից դեպի ներդրումային քաղաքականություն շրջադարձ կատարելն է: Աշխատատեղեր բացելու համար անհրաժեշտ է նոր ձեռնարկություններ եւ ընկերություններ հիմնել կամ նորոգել նախկինները: Սա նշանակում է խոշոր ներդրումներ կատարել: Եթե 1950-ականներին Մ. Նահանգները հսկայական մշակող արդյունաբերություն ուներ, այսօր դա մեր տնտեսության չնչին մասն է կազմում: Եվ դա չի դիմանում գլոբալ մրցակցությանը: 1950-ականներին Ամերիկան միակ «գիտական հետազոտությունների լաբորատորիան» էր աշխարհում, այսօր նույնիսկ Հարավային Կորեան է 35 միլիարդ դոլար ներդնում այլընտրանքային էներգիայի ծրագրերի մեջ:

Մենք պետք է ներդրում կատարենք նաեւ «մարդկանց մեջ»: Մինչ այժմ մենք տարբեր երկրներից «հավաքագրել» ենք լավագույններին, ուսում տվել եւ նրանց շնորհիվ ստեղծել հզոր տնտեսություն: Այժմ այդ գործընթացը նվազել է: Նույնիսկ այստեղ ուսում ստացողներ այլ երկրներ են տեղափոխվում եւ իրենց գիտելիքը ծառայեցնում Հնդկաստանում, Չինաստանում կամ այլուր:

Մենք նաեւ պետք է զարգացնենք մեր վերաորակավորման գործընթացները, զարկ տանք «աշկերտության ծրագրերին», որպեսզի մշակող արդյունաբերական ձեռնարկությունները գտնեն իրենց համապատասխան աշխատողներին:

Այս բոլորի կատարման համար մենք պետք է «առողջացնենք» մեր հարկային քաղաքականությունը, հսկողության տակ պահենք առողջապահության բնագավառին եւ թոշակառուներին հատկացվող գումարները:

Ներկայի գլոբալ մրցակցության պայմաններում Ամերիկան պետք է կարողանա նաեւ դասեր քաղել այն երկրներից, որոնք որոշ բնագավառներում ավելի ճիշտ եւ արդյունավետ քաղաքականություն են վարում, քան մենքՙ Մ. Նահանգներում:

Լավը մեզ մոտ այն է, որ փոքր եւ նորաստեղծ ընկերություններին մենք դյուրացված պայմաններ ենք ընձեռում: Համաշխարհային բանկի տվյալներով այդ բնագավառում մենք 4-րդ տեղն ենք զբաղեցնում աշխարհում: Բայց դա «Բիզնես սկսելուն» է վերաբերում միայն: «Հարկերի վճարման» բնագավառում մենք 61-րդ տեղն ենք գրավում, որը վատ ցուցանիշ է:

Տասնվեց հազար էջանոց մեր հարկային «սիստեմը» հրեշային է, լի «սողանցքներով» ու «արտոնություններով», որը նպաստում է կոռուպցիայի խորացմանը:

Իմ առաջարկն է միացնել «աջերի» ու «ձախերի» ջանքերը, կրճատել արտոնություններն ու ծախսերը, խոշոր ներդրումներ կատարել կրթության եւ որակավորման, ինչպես նաեւ հետազոտությունների եւ տեխնոլոգիական վերազինությունների բնագավառներում, եւ «ռացիոնալիզացնել» հարկային սիստեմը:

Տարիներ առաջ, երբ ես դուրս եկա Հնդկաստանից, հարկային շեմը 97 տոկոս էր կազմում, բիզնեսի բնագավառը կա՛մ իրեն չափազանց «ճնշված» էր զգում, կա՛մ անցնում էր «ընդհատակ»: Այսօր այլ է պատկերը, եւ մարդիկ մտածում են Նյու Յորքից Մումբայ փոխադրել իրենց բիզնեսը: Սինգապուրը բիզնես անելու դյուրություններով աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում: «Գրին քարտն» այլեւս չի իրականացնում երբեմնի «Ամերիկյան երազանքը»:

Բայց լավատեսության հիմքեր կան: Մարտահրավերների կողքին Մ. Նահանգները ունի հսկայական հնարավորություններ: Ըստ «Սիմենսի» նախկին ղեկավար գերմանացի Քլաուս Քլինֆելդի, «Ամերիկան եզակի է իր բացահայտությամբ, թափանցիկությամբ, զանազանությամբ եւ դինամիզմով: Եթե այս բոլորի վրա հենվենք, հավատում եմ, որ կկարողանանք դեռ իրականացնել ամերիկյան երազանքը»:

«Ամերիկյան երազանք» եզրը Մեծ ճգնաժամի տարիներին է հորինվել: Պատմաբան Ջեյմս Տրուսլոու Ադամսը 1931-ին, երբ հրատարակեց իր «Էպիկ ըվ Ամերիկա» (Ամերիկայի դյուցազներգությունը) գիրքը, նա սկզբնական շրջանում մտածում էր «Ամերիկյան երազանք» կոչել այն, բայց հրատարակիչները մերժեցին, պատճառաբանելով, որ ոչ ոք 3.50 դոլար չի վճարի «երազանքի» մասին գիրք գնելու համար: Սակայն հեղինակը այնքան շատ էր օգտագործել այդ եզրը, որ հիմնավորապես մտավ մեր բառապաշարի մեջ:

Դժվարությունները հսկայական են թվում, բայց նախկինում մենք կարողացել ենք հաղթահարել դրանք, վստահ եմ, որ հիմա էլ կարող ենք, երկկուսակցական կառավարության համատեղ ջանքերով:

Թարգմ. Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4