«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#234, 2010-12-18 | #235, 2010-12-21 | #236, 2010-12-22


ԴԵՐԱՍԱՆ ԿԱՐԵՆ ԲՈՅԱՋՅԱՆԻ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ճանաչված ռեժիսոր Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմում պատանի Արշիլ Գորկուն մարմնավորած կանադահայ դերասան Կարեն Բոյաջյանը նորանոր հաջողություններ է արձանագրում Հոլիվուդում: Այս մասին է գրում Ջին Լաբրինը Կանադայում հրատարակվող «Ապագայ» շաբաթաթերթի անգլերեն բաժնի էջերում:

«Հայերը սովորաբար իմ անունը «Արարատ» ֆիլմի հետ են կապում: Բայց այդ ժամանակ ես ընդամենը 14 տարեկան էի եւ բնականաբար կարողություններս ամբողջությամբ չէի դրսեւորել», նշում է նա, հավելելով, որ տարբեր ժանրերում է այժմ հանդես գալիս: 2008-ին Մոնակոյում կայացած միջազգային կինոփառատոնի օրերին լավագույն դերասանի մրցանակին արժանացած հայորդին բացի «Ռեյդիո ֆրի Ռոսկո» կոմիկական հեռուստասերիալում դեր ստանձնելուց, խաղացել է նաեւ բեմում «Գազանը լուսնի վրա» պիեսի հեղինակ Ռիչարդ Կալինոսկու գրած «Խարդախ մարդը» թատերգությունում: Իսկ ռեժիսոր Ռոլա Սելբակի «Երեք քող» ֆիլմում մարմնավորել է երկու կանանց արանքում հայտնված երիտասարդի հետաքրքրական կերպարը:

«Սելբակը համարձակ է եւ չի վախենում «տաբուներին անդրադառնալուց», ասել է Կարենը հոդվածագրին: Ֆիլմը նախքան կինոթատրոններում ցուցադրվելը մասնակցելու է մի շարք կինոփառատոների: Մյուս ֆիլմը, որտեղ հանդես է եկել նա, կոչվում է «Աֆղանացի հողագործի որդին», որը պատասխանատվության ոգով հագեցած երիտասարդ ուսանողի մասին է: Բայց Կարենը սոսկ կինոդերասան չէ: Նա նաեւ իր ուժերն է փորձում պրոդյուսերական ասպարեզում: Ներկայիս երկու նման ծրագրերի վրա է աշխատում, մեկը «քաղաքական թրիլլլեր է», ըստ նրա, մյուսըՙ հայտնի ամերիկացի մի գրողի ստեղծագործության էկրանավորումը:

Հաջողություն մաղթելով մեր երիտասարդ դերասանին, ավելացնենք, որ հավելյալ տեղեկություններ նրա մասին կարելի է ստանալ այցելելով www.garenboyajian.com կայքը:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4