«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#236, 2010-12-22 | #237, 2010-12-23 | #238, 2010-12-24


«ԱԿՆԿԱԼՈՒՄ ԵՆՔ, ՈՐ ԹՈՒՐՔ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲԱՆԱՁԵՎԻ ՊԱՏԱՆԴԸ ՉԵՆ ԴԱՌՆԱ»

Արդարացան Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի ակնկալիքները

Հայությանը վերստին հիասթափություն պատճառեց ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի դեկտեմբերի 21-ի լիագումար նիստը: Թեեւ պալատի դեմոկրատ նախագահ տկն Նենսի Փելոսին Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը պաշտպանող կոնգրեսականների ներկայությունը նիստում ապահովելու համար հեռաձայնել էր վերջիններիս, նույնիսկ Հանրապետական կուսակցությունը եւս կոչով դիմել էր իր խմբակցության անդամներին, բայցՙ ապարդյուն: Բանաձեւը չդրվեց նիստի օրակարգում:

Հատկանշական է, որ ԱՄՆ-ի դեմոկրատ նախագահ Բարաք Օբաման բանաձեւի հարցում չպաշտպանեց դեմոկրատականների նախաձեռնությունը, իսկ նրա վարչակարգը պարզապես ճնշում գործադրեց լիազորությունների ժամկետն ավարտող Ներկայացուցիչների պալատի դեմոկրատական մեծամասնության վրա: Այսպիսով Թուրքիան երկար տառապանքներից հետո հանգիստ շունչ քաշեց: Դրան հետեւեցին Կոնգրեսին հասցեագրված շնորհակալական ուղերձները:

Ուղերձի պարագայում խոսքն առաջին հերթին վերաբերում է ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Նամըք Թանին: Նա, «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի թուրքական ծառայության վկայությամբ, նախ Հայոց ցեղասպանության բանաձեւը օրակարգ չմտցնելու առնչությամբ նամակով ողջունել է Ներկայացուցիչների պալատին, ապա շնորհակալություն է հայտնել կոնգրեսականներին, որ վերջիններս իրենց գործելակերպով կանխել են «տարանջատիչ եւ ոչ կառուցողական բանավեճի ծավալումը»: Նամակում թուրք դեսպանը շնորհակալություն է հայտնել նաեւ նախագահ Օբամային, պետքարտուղար Հիլարի Քլինթոնին եւ բոլոր նրանց, ովքեր դեմ են եղել հայկական բանաձեւին:

Բանաձեւի դեմ ակտիվ գործունեության համար շնորհակալության իր բաժինն է ստացել ԱՄՆ-ի թուրքական համայնքը: Ինչպես դեկտեմբերի 23-ին նշել է Turkishny.com կայքէջը, համատեղ հաղորդագրությամբ թուրքական համայնքին շնորհակալություն են հայտնել Ամերիկայի թուրքական միությունների ասամբլեան եւ Ամերիկայի թուրքական միությունների ֆեդերացիան: Հաղորդագրության մեջ նշվել է. «Դուք, ամերիկաբնակ թուրքերդ, ձեր ուղարկած հազարավոր էլեկտրոնային նամակներով եւ ֆաքսերով նպաստեցիք, որ ԱՄՆ Կոնգրեսի անդամները ունկնդրեն ողջամտության ձայնը»:

Այս կառույցները բանաձեւի կանխարգելման ծրագրին մասնակցող ավելի քան 250 թուրքական կազմակերպություններին ու ակտիվիստներին աջակցելու համար շնորհակալություն են հայտնել նաեւ Լինկոլն Մակ Քարդիի ղեկավարությամբ գործող Ամերիկայի թուրքական կոալիցիային եւ ընդգծել. «1915-ից ի վեր ԱՄՆ-ում օրակարգ են մտել հայկական 12 օրինագծեր, որոնցից միայն անցել է այն 6-ը, որը չէր ներառում «ցեղասպանություն» արտահայտությունը: Թիվ 252 օրինագիծը մերժված օրինագծերից 6-րդն է: Դրա մերժումը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ում հետզհետե ամրապնդվում է այն գիտակցությունը, ըստ որի 1915-ի իրադարձությունները պատմական վիճելի խնդիր են, եւ այս կարգի խնդիրները օրինագծերով չեն լուծվում»:

«Ռադիկալն» իր հերթին հիշեցնում է նախագահ Օբամային վարչապետ Էրդողանի ուղարկած նամակի, ինչպես նաեւ նախագահ Գյուլի հակաքայլերի մասին: Պարզվում էՙ հայկական բանաձեւի քվեարկությունը Ներկայացուցիչների պալատում կանխելու համար դիվանագիտական խողովակներով ԱՄՆ նախագահին է դիմել նաեւ Աբդուլլահ Գյուլը: Նա բանաձեւի առնչությամբ Թուրքիայի մտահոգություններն է հաղորդել նախագահ Օբամային, ապա եւ մատնանշել է. «Ակնկալում ենք, որ թուրք-ամերիկյան հարաբերությունները բանաձեւի պատանդը չեն դառնա»:

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4