«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#236, 2010-12-22 | #237, 2010-12-23 | #238, 2010-12-24


ԱԴՐԲԵՋԱՆԸ ԻՍԼԱՄԱԿԱ՞Ն ԵՐԿԻՐ Է ԴԱՌՆՈՒՄ

Ըստ երեւույթին, ինչ կատարվում է Թուրքիայում, ուղղակիորեն արձագանքվում է նաեւ Ադրբեջանում: Մեջլիսի նիստում, մասնավորապես, խոսնակ Օքթայ Ասադովը հայտարարել է, որ «ոչ ոք չի արգելում գլխաշոր կրել աշխատավայրում կամ փողոցում, մենք հարգում ենք իսլամը»: Նա միաժամանակ ասել է, որ իր համար զարմանալի էր կրթության նախարարության մոտ մի քանի հարյուր ցուցարարների ելույթը: Վերջիններս, ինչպես հայտնի է, բողոքարկում էին նախարարի վճիռը, որով դպրոցական աղջիկներին արգելվում է գլխաշոր կրել:

Շատ հավանական է, որ հասարակական գիտակցության մեջ տեղի ունեցող իսլամականացման մասին Բաքվի լրատվամիջոցները չափազանց սուղ տեղեկատվություն են տարածում: Այդուհանդերձ, նույնիսկ չափավորված հաղորդագրություններից հնարավոր է եզրակացնել, որ իսլամականությունը պաշտոնապես արտոնվում է, ինչն, ամենայն հավանականությամբ, պետք է բացատրել նրանով, որ նույն ուղեգիծն ավելի ընդգծված առաջ է տանում Էրդողանի կառավարությունը Թուրքիայում:

Կենցաղային մակարդակում դա իր արտահայտությունն է գտել այսպես կոչված «աշուրա»-ի առթիվ Բաքվին մերձակա Նարդարան ավանում կայացած արարողության ժամանակ: Այդ տոնը նվիրված է իմամ Հուսեյնի նահատակությանը, որի ընթացքում հավատացյալներն իրենց դաժան գանահարության են ենթարկում: Կովկասի մուսուլմանների հոգեւոր առաջնորդ Ալլահշյուքյուր Փաշազադեն նախօրեին դիմել էր հավատացյալներին եւ հորդորել, որ վերջիններս գանակոծության փոխարեն դոնորական արյուն հանձնեն: Նարդարանցիները, սակայն, անտեսել էին Փաշազադեի հորդորը եւ տոնն անցկացրել, ինչպես ասում են, «կատարյալ ծրագրով»` ներառյալ մինչեւ արյունահոսության աստիճան ինքնակոծումը:

Արարողության ավարտին հավատացյալ բազմությունը մեղադրանքներ է հնչեցրել Ադրբեջանի կառավարության հասցեին: Հատկապես սուր քննադատություն է հնչել Իսրայելի հետ իշխանությունների համագործակցության թեմայով: Որպես ընդօրինակելի` նշվել է Թուրքիայի վերաբերմունքի փոփոխությունը Իսրայելի հանդեպ: Խանդավառված ամբոխը նաեւ աղաղակել է, որ Թուրքիայի նախագահի եւ վարչապետի կանայք հասարակությանը ներկայանում են գլխաշորով, իսկ Ադրբեջանում կառավարությունը կանանց եւ աղջիկներին արգելում է «հարգել իսլամը»:

Անշուշտ, բացառված է, որ նման «պոռթկումները» լինեն ինքնաբուխ: Իշխանություններն ակնհայտորեն վերահսկում են «հանրային կարծիքի դրսեւորումները», եւ Մեջլիսի խոսնակի վերոհիշյալ միտքը լիովին կարծես տեղավորվում է այդ շրջանակներում: Այդ են վկայում նաեւ իսլամականության թեմայի շուրջ ադրբեջանական, ի դեպ` կառավարության կողմից լիովին վերահսկվող, լրատվամիջոցների առայժմ միայն հպանցիկ հրապարակումները:

Մասնավորապես, «Էխո» ռուսալեզու պարբերականն օրերս կարճ հաղորդագրություն է տպագրել, որ «Իրանի հեղինակավորագույն աստվածաբան-գիտնականներից այաթոլլա Մուհամմեդ Ալի Ֆուրուղին ուրբաթօրյա աղոթքի ընթացքում, որ տեղի է ունեցել Արդեբիլում, հիշատակել է իսլամի զարգացումն Ադրբեջանում» եւ հայտարարել. «Ադրբեջանական ժողովրդի բարոյական հեղափոխումը շատ արագ է զարգանում, եւ ես հավատում եմ, որ մոտ ապագայում իսլամի համաշխարհային կենտրոն է դառնալու հատկապես Ադրբեջանը: Ես գտնում եմ, որ ադրբեջանական կառավարությանը հարկ է այդ գործընթացին մասնակցել իր ժողովրդի հետ, ինչպես որ եւ եղել է: Նա չպետք է վիրավորի իր ժողովրդին` արգելելով գլխաշորը»:

Հետաքրքրական է, որ սույն տեղեկատվությունը որեւէ մեկնաբանությամբ չի ուղեկցվել: Ավելի վաղ նման դեպքերում ադրբեջանական լրատվամիջոցները պարտադիր ինչ-որ բան ավելացնում էին «Իրանի կողմից երկրի ներքին գործերին միջամտելու» կամ «կրոնապետության հավակնությունների» թեմայով:

Այս աննախադեպ «հանդուրժողականությունը», շատ հնարավոր է, ունի խիստ ընդգծված արտաքին քաղաքական թիրախ: Մեկ անգամ չէ, որ ադրբեջանական իշխանությունները փորձել են օգտագործել Իսլամական խորհրդաժողով կազմակերպության անդամ երկրների հնարավորությունները` հասնելու ԼՂ հարցում ցանկալի արդյունքի: Ամենայն հավանականությամբ, նման կարգի ծեքծեքումների հասցեատերն առաջին հերթին Իրանի Իսլամական Հանրապետությունն է:

Չպետք է բացառել նաեւ, որ դրանով պաշտոնական Բաքուն իր կարծիքով լուրջ ահազանգ է ուղղում Արեւմուտքին` ակնարկելով, որ ղարաբաղյան կարգավորման հարցում «հետագա հապաղումն Ադրբեջանում կարող է դավագրգռել արմատական իսլամականություն»: Իսկ հայտնի է, որ «իսլամական արմատականության ուրվականը» սարսափ է տարածում արեւմտյան քաղաքակրթության երկրներում: Այս հարցում զգուշանալու տեղ ունի նաեւ Ռուսաստանը:

«Շրջադարձը դեպի իսլամականություն» կարող է նաեւ ներքաղաքական խնդիր լուծել: Ներկայիս ադրբեջանական ընդդիմությունը համարվում է արեւմտյան արժեքներ կրող եւ փորձում է ուժերը համախմբել: Այս իմաստով արդեն իսկ հնչել են նրա` «արեւմուտքից ֆինանսավորվելու» մասին մեղադրանքներ: Եթե դրան գումարվի նաեւ հասարակության «իսլամական զարթոնքը», ապա ընդդիմության մահախոսականը կարելի է համարել արդեն իսկ գրված:

Բայց, այնուամենայնիվ, իշխանությունների համար չափազանց վտանգավոր կլինի խաղալ հասարակության կրոնական զգացմունքների վրա, քանի որ հակառակ դեպքում «շշից բաց թողնված ջինը» կդառնա քաղաքական շատ լուրջ գործոն: Իսկ դա արդեն մահացու վտանգ կլինի Իլհամ Ալիեւի եւ առհասարակ իշխող կլանի համար, որովհետեւ կրոնական «զարթոնքն» արագորեն կարող է վերաճել սոցիալական անհնազանդության եւ «արդարության հաստատման համար» պայքարի:

Կանխատեսումներ անելն, իհարկե, անշնորհակալ զբաղմունք է: Միաժամանակ, երեւի, չարժե անուշադրության մատնել Ադրբեջանի հանրային կյանքում տեղ գտնող նոր զարգացումները, որովհետեւ դրանք կամ ածանցված են իշխանությունների ցանկությունից, կամ ունեն այդ երկրի ներքին կյանքին ազդելու նպատակ: Երկու դեպքում էլ հետագա զարգացումներին պետք է պատրաստ լինել:

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4