«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#236, 2010-12-22 | #237, 2010-12-23 | #238, 2010-12-24


ՆՊԱՍՏԱՌՈՒՆԵՐԸ ՊԱՐՏԱԴՐՎԱԾ ՉԵՆ ԼԻՆԻ ՏԵՂԵԿԱՆՔՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ

Մի շարք փոփոխություններ սոցիալական նպաստների համակարգում

Սոցիալական ոլորտում մի շարք էական փոփոխություններ կատարվեցին երեկ կառավարության նիստում, որոնք լրագրողներին ներկայացրեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը : Նա նախ անդրադարձավ սոցիալական ծառայությունների միասնականացման մոդելի հայեցակարգին: Համաձայն դրա, պետք է ստեղծվեն սոցիալական բոլոր ծառայություններն ընդգրկող համալիր կենտրոններ, որտեղ քաղաքացիները կարող են դիմել իրենց սոցիալական հարցերով, ինչպես նաեւ այդտեղից ստանալ բոլոր սոցիալական վճարումներըՙ նպաստներ, թոշակներ, ժամանակավոր նպաստներ եւ այլն: Քաղաքացու ինչ-որ հարցով դիմելուց հետո կենտրոնի ընդունարան, կորոշվի, թե ինչ խնդիրներ ունի եւ ինչ սոցիալական վճարումներ նա պետք է ստանա: Սակայն խորհրդատվական, ֆինանսական, դրամական օգնության հարցերով պետք է շարունակվեն զբաղվել համայնքները:

Արթուր Գրիգորյանը հայտնեց, որ Երեւանի յուրաքանչյուր վարչական շրջանում լինելու են մեկական սոցիալական համալիր կենտրոններ: Դրանք ստեղծվելու են նաեւ բոլոր մարզերում եւ երկրի եւս 5 քաղաքներում: «Ազգի» հարցին, թե վտանգ չկա՞, որ ստեղծվելիք կենտրոններում հսկայական հերթեր գոյանան, նախարարը պատասխանեց, որ կենտրոնների ստեղծման նպատակը հենց այն է, որ հերթեր չգոյանան, եւ ավելացրեց, որ այս հայեցակարգը դեռ քննարկումների փուլ պետք է անցնի եւ միայն 2013-ից կկիրառվի: Եկող տարի որոշ տարածքներում փորձնական կկիրառվի:

Կառավարության երեկ հաստատած մյուս որոշումները, սակայն, արդեն եկող տարվանից կյանքի կկոչվեն, որոնք նպատակ ունեն բարձրացնել պետության կողմից տրամադրվող գումարների հասցեականությունը:

Ըստ նախարարի, քաղաքացին ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկվելու համար պարտադրված չի լինի տարբեր կառույցներից տեղեկանքներ ներկայացնել, այլ միայն կլրացնի դիմում-հայտարարագիրը: Սոցիալական ծառայությունն ինքը հարցումներ կկատարի պետական այլ մարմիններինՙ ռեգիստրին, կադաստրին, ճշտելու համար տվյալ անձի ընտանիքի, ունեցած սեփականության եւ գույքի մասին մանրամասները, պարզելու համար, թե որքանով են համապատասխանում այդ տվյալները նպաստառու դառնալու չափանիշներին:

Մեկ այլ որոշմամբ կառավարությունը սահմանել է, որ գյուղական համայնքներում մեկ-երկու գլուխ անասուն ունեցողը նույնպես կարող է լինել նպաստառու, քանի որ գրանցել են բազմաթիվ դեպքեր, երբ գյուղացիներն իրենց ունեցած անասունը մորթում են նպաստառու դառնալու համար:

Սահմանամերձ գյուղերի բնակիչների համար, որոնք ունեն հող, բայց հնարավոր չէ մշակել, քանի որ գտնվում է հարեւան երկրի հետ վտանգավոր գոտում, որոշվել է, որ այդ հողի առկայությունը բացասաբար չի ազդի նպաստ ստանալու վրա:

Եվ վերջինը վերաբերում էր այս տավա նոյեմբերի 1-ից կենսաթոշակների 2500 դրամով բարձրացմանը, որից հավանականություն էր առաջացել, որ որոշ նպաստառու ընտանիքների միավորները բավարար չհամարվեին նպաստ ստանալու համար: Ինչպես հայտնեց Արթուր Գրիգորյանը, կառավարության որոշմամբ այնպես է արվել, որ այդ նպաստառու ընտանիքները թոշակների բարձրացման հետեւանքով չզրկվեն նպաստներից:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4