«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#236, 2010-12-22 | #237, 2010-12-23 | #238, 2010-12-24


ՄԵԾԱՐԵԼ ԵՆ ԳՐՈՂ ՀԱԿՈԲ ԽԱՉԻԿՅԱՆԻՆ

Ամերիկայի Հայ առաքելական եկեղեցու արեւելյան թեմը առաջնորդ Խաժակ արք. Պարսամյանի հովանավորությամբ վերջերս մեծարել է կանադահայ վաստակաշատ գրող Հակոբ Խաչիկյանին եկեղեցու առաջնորդարանի Հայկ եւ Ալիս Գավուքչյան դահլիճում, տեղեկացնում է «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթի նոյեմբերի 20-ի համարը:

Խաչիկյանը երկու տասնյակից ավելի գրքերի հեղինակ է, որոնցից ամենակոթողայինը պետք է համարել «Հայ գրականության ժառանգությունը» երեք հատորյակը, պատրաստված Գաբրիել Պասմաճյանի, Էդուարդ Ֆրանչուկի եւ Նուրհան Ուզունյանի մասնակցությամբ: Մյուս գրքերի թվում են «Ամառն առանց լուսաբացի» եւ «Լուսաձողի օրագիրը», որոնք անդրադառնում են հայերին պատուհասած եղեռնի թեմային:

«Ամառն առանց լուսաբացի» հատորը, որի դեպքերը Անատոլիայից Մերձավոր Արեւելք եւ այնուհետեւ Եվրոպա ու Ամերիկա են տեղափոխվում, արդեն իսկ թարգմանվել է մի քանի լեզուների, այդ թվումՙ թուրքերեն:

Հակոբ Խաչիկյանը Կանադայի «Արքայական զինվորական քոլեջում» անգլերեն լեզվի պատվավոր պրոֆեսոր է:

Երեկոյի ընթացքում գնահատանքի խոսքեր են ասել Թեքեյան մշակութային միության ակտիվ հասարակական գործիչ Հակոբ Վարդիվառյանը, «Արմինյն օբսերվըր» պարբերականի խմբագիր-հրատարակիչ Օշին Քեշիշյանը եւ հանդիսավար Պերճ Արազը: Երեկոն կազմակերպել է արեւելյան թեմի Գրիգոր եւ Կլարա Զոհրապ տեղեկատվության կենտրոնը, Թեքեյան մշակութային միության, «Եսայան-կեդրոնական», ինչպես նաեւ «Դպրեվանքի» սաների, Հայ օգնության Կոստանդնուպոլսի ընկերության եւ Ամերիկահայ կրթական կենտրոնի մասնակցությամբ:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4