«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#236, 2010-12-22 | #237, 2010-12-23 | #238, 2010-12-24


ԳՅՈՒՄՐՈՒ «ՕՐՀՈՒՍ» ԿԵՆՏՐՈՆՆ ԱԿՏԻՎ ԳՈՐԾՈՒՄ Է

Բավական լայն է այն հարցերի շրջանակը, որոնք այս անցնող 2010 թվականի ընթացքում եղել են Գյումրու բնապահպանական տեղեկատվության «Օրհուս» հասարակական կենտրոնի ուշադրության ոլորտում: Ամփոփելով տարին, կենտրոնի համադասող Գեւորգ Պետրոսյանը դրանցից նշեց Կապսի ջրամբարի խնդիրն իր բնապահպանական նշանակությամբ` «Արփի լիճ» ազգային պարկի էկոհամակարգի պահպանմանը նպաստելու առումով, կլիմայի փոփոխության հետեւանքների մեղմման եւ էներգախնայողության հետ կապ ունեցող քաղաքային կենտրոնացված ջեռուցման, մարզի բնության հուշարձանների ցանկի, մարզկենտրոնի «Արագած» նախկին ճեմափողոցի կանաչ գոտի լինելիք տարածքում սկսված ինչ-որ օբյեկտի շինարարության կանգնեցմանը հետամուտ լինելու, ծառահատումների նկատված դեպքերի հետ կապված խնդիրները, կազմակերպված բնապահպանական տարբեր միջոցառումները, աշխատանքը երիտասարդների հետ եւ այլն:

Գյումրու «Օրհուս» կենտրոնը, որը հանրապետության 14 նման կենտրոնների շարքում օրինակելիի համարում ունի, նշված խնդիրներից մի քանիսի հետ կապված առավել գործուն աշխատանք է կատարել: Հաշվետու տարում կենտրոնի նախաձեռնությամբ կամ մասնակցությամբ անցկացվել է 69 միջոցառում, որոնցից 18-ը եղել են «Արեւորդի» էկոակումբի բնապահպանական դասընթացներ պատանիների համար: Կազմակերպվել են տարբեր սեմինար-քննարկումներ, հանդիպումներ ու հասարակական լսումներ, տարածքների մաքրման եւ ծառատունկի աշխատանքներ, ոլորտի արդարադատության մատչելիության, հասարակական եւ պետական կառույցների, ԶԼՄ-ների հետ համագործակցության ուղղությամբ արված քայլեր:

Կենտրոնը հարցումներով եւ նամակներով դիմել է մի շարք իրավասու կազմակերպությունների` բնապահպանական հիմնախնդիրների լուծման ուղիներ գտնելու, դրանց վերաբերյալ տեղեկատվություն ստանալու եւ հասարակությանը տեղեկացնելու նպատակով, շարունակել է բնապահպանական տեղեկատվության տարածումը նաեւ էլեկտրոնային փոստով: Տարվա ընթացքում «Օրհուս» կենտրոնի տարբեր ծառայություններից օգտվել է 767 մարդ:

Գ. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4