«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#237, 2010-12-23 | #238, 2010-12-24 | #239, 2010-12-25


ԱԶԵՐՊՐՈՊԻ ՀԵՐԹԱԿԱՆ «ՕՃԱՌԱՊՂՊՋԱԿԸ»

Ոմն Իսմայիլով, որ ժամանակին աշխատել է Ադր. ԽՍՀ դատախազությունում եւ դատարանում պաշտպանել Սումգայիթում հայ բնակչության զանգվածային ջարդերի գործով պետական մեղադրանքը, ներկայումս զբաղվում է փաստաբանական գործունեությամբ, ձեռքի հետ էլ` «պատմաիրավագիտական բնույթի ուսումնասիրություններով»: Վերջերս նա մի գիրք է հեղինակել, որին կարելի է ծանոթանալ www.sumgayit1988.com կայքում: Այն բավական հավակնոտ վերնագիր ունի` «Սումգայիթ 1988. ԽՍՀՄ փլուզման սկիզբը»:

Տերն իր հետ` եթե այդպես է կարծում: Մեզ ավելի հետաքրքրում է այն, որ նախկին դատախազ-պետական մեղադրողն ամեն թույլատրելի եւ անթույլատրելի միջոցի դիմել է, որպեսզի «ապացուցի, որ Սումգայիթի դեպքերը հայերն են սադրել»: Այսինքն` «հայերն Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում կազմակերպել են հայ մարդկանց սպանություններ, հրկիզել նրանց բնակարանները, ստորացրել, արտաքսել...»: Բայց հանուն ինչի՞: Մի՞թե նրա համար, որ Սումգայիթը որպես հավիտենական սեփականություն մնա «նրա իսկական տիրոջը` ստեղծարար ու խաղաղասեր ադրբեջանական ժողովրդին»: Սա տրամաբանության մեջ չի տեղավորվում, եթե, իհարկե, գործ ունենանք բանական ընդդիմախոսի հետ:

Իսմայիլովը, մինչդեռ, թվում է, առհասարակ ողջախոհության խնդիրներ ունի: Նրա «մեկնաբանությամբ»` ամեն ինչ կատարվել է, «որպեսզի հայերն իրենց ցույց տան որպես տուժած, իսկ ադրբեջանցիներին` դաժան ժողովուրդ»: Ինչպես ասում են` ամեն ոք սեփական անբարոյականության մակարդակով է դատում. Իսմայիլովը կարծում է, որ եթե Ադրբեջանի իշխանությունները կարող էին ՀԽՍՀ Կապանի շրջանից մի քանի տասնյակ «փախստականների մարդկային ողբերգություն» բեմադրել Բաքվում եւ ապա Սումգայիթում, ապա «ի՞նչն էր խանգարում, որ հայերն էլ անկարգություններ հրահրեին նույն Սումգայիթում»: «Երկաթե» տրամաբանություն է, ոչինչ չես ասի: Բայց եթե Կապանից «փախստականների»` ադրբեջանական իշխանությունների հետ կապն ապացուցված է, ընդ որում` ադրբեջանցի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեի վկայությամբ, որն իր հերթին հղում է անում Ադր. ԿԿ Բաքվի քաղկոմի առաջին քարտուղար Ֆուադ Մուսաեւի վկայությանը, ապա անհնար է գտնել մի իրական փաստ, նույնիսկ` ակնարկ այն, որ «Սումգայիթը կազմակերպել են հայերը»:

Իսմայիլովը, սակայն, բաց է թողել «օճառապղպջակներ»` իր «պատմաքաղաքագիտական ուսումնասիրությունը կառուցելով այն փաստի վրա, որ Սումգայիթի դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերում առկա են ոմն Էդուարդ Գրիգորյանի հանցաքն ապացուցող փաստեր»: Ո՞վ է Էդուարդ Գրիգորյանը: Իսմայիլովը մեջբերում է քրեական գործի նյութերից. «Գրիգորյան Էդուարդ Ռոբերտի, ծնված 1959 թ. դեկտեմբերի 16-ին, Սումգայիթ քաղաքում, հայ, անկուսակցական, կրթությունը` միջնակարգ, ամուսնացած, իր խնամքի տակ ունի երկու անչափահաս երեխա, գրանցված է ք. Սումգայիթ, երկրորդ միկրոշրջան, Խաղաղության փողոց, տուն 19/13, բնակարան 20 հասցեում, բայց փաստացի բնակվում է 1-ին միկրոշրջան, տուն 122, բնակարան 71 հասցեում: Աշխատում է 140 հաստոցի խառատ` Ադրբեջանի խողովակագլանման գործարանում, դատված է. 17-ին դեկտեմբերի 1976 թ. Ադր. ԽՍՀ քր. օր.-ի 207 հոդվածի 3-րդ մասով Սումգայիթի քաղաքային դատարանի կողմից դատապարտվել է 3 տարվա պայմանական ազատազրկման, 30 հունվարի 1981 թ. Ադր. ԽՍՀ քր. օր.-ի 105 հոդվածով Սումգայիթի քաղաքային դատարանի կողմից դատապարտվել է մեկ տարվա ուղղիչ աշխատանքի` աշխատավարձի 20 տոկոսի բռնագանձումով, 5 ապրիլի 1982 թ. Ադր. ԽՍՀ քր. օր.-ի 108 հոդվածի 2-րդ մասով 215-3 հոդվածով, 215 հոդվածի 2-րդ մասով Սումգայիթի քաղաքային դատարանի կողմից դատապարտվել է 5 տարի 2 ամիս 13 օրվա ազատազրկման:

Մեղադրվում է նրանում, որ 1988 թ. փետրվարի 28-ին Սումգայիթում անմիջական մասնակցություն է ունեցել զանգվածային անկարգություններին, որոնք քաղաքի թաղամասերում եւ միկրոշրջաններում ուղեկցվել են ջարդերով, ավերումներով, հրկիզումներով եւ նման կարգի այլ արարքներով, ազգությամբ հայ քաղաքացիների անձի եւ անձնական սեփականության դեմ, ինչպես նաեւ` ազգային թշնամանք եւ խտրականություն հրահրելուն ուղղված մի շարք հանցանքներ է գործել»: Այս ծավալուն մեջբերումն արեցինք, որպեսզի պարզ լինի, թե ո՞վ էր Էդուարդ Գրիգորյանը, եւ արդյոք քրեական գործի նյութերում կա՞ վկայություն, որ նա գործել է գեթ եւս մեկ` ազգությամբ հայ մարդու հետ համագործակցությամբ:

Ինչպես տեսնում ենք, Էդուարդ Գրիգորյանը, եթե այդպիսի մեկը նույնիսկ իրականում գոյություն է ունեցել եւ մասնակցել է Սումգայիթի դեպքերին, վերջին` երրորդ անգամ դատարանի կողմից ազատազրկման է ենթարկվել 1982 թ. ապրիլի 5-ին: Եթե համարենք, որ նա սահմանված պատիժը կրել է լիովին, իսկ հակառակը պնդելու որեւէ հիմք քր. գործով չկա, ուրեմն Էդուարդ Գրիգորյանը բանտից պետք է ազատված եւ Սումգայիթ վերադարձած լիներ 1987 թ. ամռանը: Փաստորեն` Սումգայիթի դեպքերից ընդամենը կես տարի առաջ:

Քաջ հայտնի է, թե խորհրդային միլիցիան եւ հատուկ ծառայություններն ինչ կարգի վերահսկողության տակ էին պահում կրկնահանցագործներին: Շատ հաճախ էլ, ինչ-ինչ հարցեր կարգավորելու պարտադրանքով նրանք դառնում էին «օրգանների» ոչ պաշտոնական գործակալ: Էդուարդ Գրիգորյանի նման անցյալ ունեցողը չէր կարող բացառություն լինել: Եվ այն, որ Սումգայիթի դեպքերը «հետաքննող» մարմնին հաջողվել է հանցագործների շարքում ներդնել ազգությամբ հայ մեկին, վկայում է, որ քր. գործն ի սկզբանե հարուցվել է «պարիտետի» սկզբունքով:

Խորհրդային պետական-կուսակցական-իրավապահ եւ գաղտնի ոստիկանական համակարգը «ինտերնացիոնալացրել է» ոչ միայն զոհերին, այլեւ հանցագործներին: Եվ դա լիովին համապատասխանել է Ադրբեջանի իշխանությունների շահերին: Բայց այստեղ մի կարեւոր «բայց» կա. գործի նյութերում խոսք չկա այն մասին, որ Էդուարդ Գրիգորյանը ջարդարարների եւ մարդասպանների հանցավոր խումբ կամ խմբեր է կազմավորել, գլխավորել նրանց գործողությունները: Նա մեղադրվել է «զանգվածային անկարգություններին մասնակցելու եւ անձամբ հանցանքներ կատարելու» մեջ: Իսկ հանցանք գործելը եւ այն կազմակերպելն ու ղեկավարելը սկզբունքորեն տարբեր իրավագիտական հասկացություններ են, եւ դրանց նույնպես տարբեր գնահատականներ են տրվում:

Ամենակարեւորը` չկան, այլապես Իսմայիլովը դրանք կհրապարակեր, Էդուարդ Գրիգորյանի խոստովանական ցուցմունքներն ու դրանց դատաքննական ապացուցումները, որ նա «անկարգություններ եւ ջարդեր հրահրելու հանձնարարություն ստացել է Հայաստանից կամ Լեռնային Ղարաբաղից», ինչպես բութ համառությամբ պնդում է ազերպրոպը: Այս առթիվ ամփոփենք. եթե անգամ Էդուարդ Գրիգորյանն իրական անձնավորություն է եւ հանցանքներ է կատարել, ապա նա կամ գործել է կրկնահանցագործի մղումով, որը ոչ ազգություն է ճանաչում, ոչ նույնիսկ` հարազատություն, կամ, ամենայն հավանականությամբ, սումգայիթյան միլիցիայի կողմից պարզապես ներդրվել է հանցավոր խմբավորումներից մեկում, ինչը վկայում է ոճրագործության պետական մակարդակով կազմակերպվածությունը:

Եվ, ամենաէականը. երբ հայկական կողմը խոսում է Սումգայիթի մասին, նա մեղադրում է ոչ թե ընդհանրապես ադրբեջանական ժողովրդին, այլ նրանց, ովքեր կազմակերպել եւ իրականացրել են հայ բնակչության սպանդը եւ բռնատեղահանությունը: Մեղադրանքի հասցեատերն իշխանությունն է: Իսկ թե ինչպե՞ս, ո՞ւմ ձեռքով է նա կազմակերպել եւ գործադրել բռնությունները, դա արդեն զուտ «տեխնիկայի» խնդիր է: Օսմանյան Թուրքիայում էլ հայերի զանգվածային կոտորածներն ու բռնատեղահանություններն իրականացվել են կայսրության հպատակ որոշ ազգությունների ներկայացուցիչների միջոցով, բայց դրանից կառավարության պատասխանատվության չափը բոլորովին էլ չի նվազում: Քանի որ քաղաքացիների` անկախ ազգությունից, անվտանգության եւ արժանապատվության պահպանման պատասխանատուն միայն եւ միայն երկրի կառավարությունն է:

Իսմայիլովի տրամաչափի «իավագետին», այնինչ, թվում է, որ եթե «ապացուցվի», որ Սումգայիթի դեպքերին մասնակից է եղել ազգությամբ հայ ոմն քրեական տականք, ապա Ադրբեջանի իշխանությունները հանգիստ խղճով կարող են «լվանալ ձեռքերը»: Այդպես չէ, նրանք պատասխանատու են բոլորի, այդ թվում եւ ենթադրյալ Էդուարդ Գրիգորյանի հանցավոր արարքների համար:

Իր «ուսումնասիրության» տպագրության առթիվ տված հարցազրույցում Իսմայիլովը «բացահայտում է», որ Սումգայիթի դեպքերի գործով բոլոր մեղադրական եզրակացություններն ստորագրել է ազգությամբ ռուս, ԽՍՀՄ գլխավոր դատախազության ներկայացուցիչ Գալկինը, որը հետագայում դարձել է հետախուզության գեներալ. «Պարզ է, թե դատախազության քողածածկույթի տակ նա իրականում ինչ կառույց էր ներկայացնում»,- եզրահանգում է Իսմայիլովը:

Եթե նրա ասածն իրականությանը համապատասխանում է, ապա դա եւս մի լրացուցիչ կռվան է` հաստատելու համար, որ «Էդուարդ Գրիգորյանի գործը» հղացվել է ամենաբարձր մակարդակներում, որպեսզի «իրավաբանորեն արդարացվի» սումգայիթյան դեպքերին ԽՄԿԿ ԿԿ գլխավոր քարտուղար Միխայիլ Գորբաչովի տված «քաղաքականապես հավասարակշռված գնահատականը»:

Բայց դրանից իրադարձությունների «մեկնաբանության» իսմայիլովյան վարկածը ոչ միայն ոչնչով չի ամրապնդում, այլեւ, ընդահակառակը, կատարելապես է դառնում հերթական «օճառապղպջակ»:

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4