«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#237, 2010-12-23 | #238, 2010-12-24 | #239, 2010-12-25


ՍՈՒՐԲ ԵՓՐԵՄ ՇՔԱՆՇԱՆՙ ՄԻՀՐԱՆ ԴԱԲԱՂԻՆ

Դեկտեմբերի 11-ին Համբուրգում Արամեական ուսմանց հիմնադրամը Միհրան Դաբաղին պարգեւատրել է արամեական բարձրագույնՙ Ս Եփրեմ ոսկե շքանշանով։(Եփրեմը գրող է, եկեղեցական գործիչ, արեւելյան եւ արեւմտյան եկեղեցիները բարձր են գնահատել նրան եւ որպես սուրբ ընդունել։Նրա աշխատություններից շատերը պահպանվել են միայն հայերեն-Ան. Հ.)։

2011-ին Գերմանիայում հիմնված հիշյալ հիմնադրամը միակն է աշխարհում, ուր արամեացիները կամ, ինչպես նրանց Հայաստանում ընդհանրական ասորիներ ենք անվանում, 2,5 միլիոն են հաշվում։Ըստ Գերմանիայի արամեացիների դաշնության տվյալների, Գերմանիայում ասորիների թիվը շուրջ 90 հազար է։

Հիմնադրամի նպատակը գիտական ուսումնասիրական աշխատանքի քաջալերումն ու արամեագիտական հաստատության հիմնումն է, մեր զրույցում մեկնաբանում է հիմնադրամի ճարտարապետըՙ Բոխումի Սփյուռք եւ ցեղասպանություն ինստիտուտի հիմնադիր տնօրեն Միհրան Դաբաղը, ում եռանդուն ջանքերի շնորհիվ 2002-ին Գերմանիայում կյանքի կոչվեց հայկական համանման հաստատությունը եւ որը, ըստ մեր զրուցակցի, օրինակ հանդիսացավ արամեական կառույցի համար։Հիմնադրամը ապակուսակցական, անկախ գիտական հաստատություն է, բաց բոլոր հատվածների համար։ Հիմնական աշխատանքը համակարգվելու է Սփյուռք եւ ցեղասպանություն ինստիտուտում, ուր արամեացի երկու գիտաշխատող զբաղվում են պատմագիտական, ցեղասպանության, լեզվագիտական հարցերով։Բացի այդ ինստիտուտը հանդիպման վայր, հաղորդակցության հարթակ է լինելու հումանիտար տարբեր համալսարաններում սովորող արամեացի ուսանողների համար։

Արամեական ուսմանց հիմնադրամը, ինչպես հայկականը անդամակցում է Գերմանական գիտական միության հիմնադամին, որի պատվո նախագահը ԳԴՀ նախագահն է։

Շքանշանի հանձնման հանդիսավոր արարողության համերգային բաժնում ելույթ են ունեցել սաքսոֆոնահար Կորյուն Առաքելյանը եւ դաշնակահարուհի Սյուզաննա Խադոսյանը։

Անահիտ Հովսեփյան, Գերմանիա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4