«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#2, 2011-01-12 | #3, 2011-01-13 | #4, 2011-01-14


«ՏԵՍԵԼ ԵՄ, ԹԵ ԻՆՉՊԵՍ ԵՆ ՀԱՅԵՐԻՆ ՊԱՏՇԳԱՄԲՆԵՐԻՑ ՑԱԾ ՆԵՏՈՒՄ»

Բաքվի ջարդերից անցել է 21 տարի

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

  Էդիտա Հարությունյանը Բաքվի ակադեմիայի միակ հայ ներկայացուցիչն էր:

Թեպետ որոշակի խտրականություն կար նրա նկատմամբ, գիտական հոդվածների տակ ուրիշի ստորագրությունն էր, սակայն մինչեւ 1988-ի դեկտեմբերը ավագ գիտաշխատողն իր հանդեպ թշնամանք ու ատելություն չէր զգում:

Ամեն ինչ սկսվեց Ալիեւի նախագահությունից: Հայերի նկատմամբ ակտիվ հետապնդումն ու զանգվածային սպանությունները սկսվեցին ղարաբաղյան հարցի բարձրացումից հետո: Հարազատները, ընկերները, որ միասին սեղան էին նստել, հաց կիսել, դարձան ոխերիմ թշնամիներ:

«Սումգայիթից հետո ոչ ոք չէր սպասում, որ նման բան կլինի նաեւ Բաքվում: Այդ ժամանակ Բաքվում ապրում էր ավելի քան 200.000 հայ: Երբ կոտորածները սկսվեցին, վախենում էինք փողոց դուրս գալ, դեմքերս շալով ծածկում էինք, որ չիմանային` հայ ենք: Դա ավելի սարսափելի էր, քան պատերազմը: Ես ու մայրս Բաքվից փախանք, եղբայրս մնաց: 1989-ին կարողացավ տանիքների վրայով փախչել ու գալ Հայաստան: Ամեն ինչ կորցրինք: Մինչեւ հիմա էլ սարսափով եմ հիշում Բաքվի կայարանի տեսարանը: Շուրջբոլորը խարույկներ էին վառել, լաց, բղավոց, միմյանց հրմշտում էին», հիշում է Էդիտա Հարությունյանը:

«Սեւ հունվարի» ականատեսներից Էլենորա Ավանեսովան պատմում է, որ ժամանակ առ ժամանակ զանգվածային սպանություններ, ծեծեր լինում էին, սակայն հիմնական վայրագությունները տեղի ունեցան հունվարի 13-19-ին: Հայերին փրկեց եղանակը. ադրբեջանահայերը համոզված են` եթե առատ ձյուն չգար, կշարունակեին հայերին զանգվածաբար սպանել:

«16-ամյա եղբորս առեւանգեցին, մի քանի ժամ անց զանգեցին ու հսկայական գումար պահանջեցին: Ժամ առ ժամ գումարի չափն ավելանում էր: Առավոտյան եղբորս դիակը գտանք Բաքվի զբոսայգիներից մեկում: 16-ամյա պատանուն, որ կյանքում ոչ ոքի վնաս չէր պատճառել, հասցրել էին դանակի 7 հարված», ասում է Ավանեսովան:

«Բաքվեցի համերկրացիների միության նախագահ» Ռոբերտ Խաչատրյանը փաստում է, որ հայերի զանգվածային սպանդը Ադրբեջանի կառավարությունն էր կազմակերպել, մինչդեռ կային հասարակ ադրբեջանցիներ, ովքեր դեմ էին:

«Սեւ հունվարի» օրերին հայերի հեռախոսներն անջատված էին, մարդասպանները ցուցակ ունեին ու գիտեին, թե որոնք են հայերի բնակարանները», ասում է Խաչատրյանը:

«Սեւ հունվարի» սարսափի եւս մեկ ականատես Սոնյա Կասպարովան հիշում է, որ հունվարի 14-ին Բաքվի փողոցներում տանկեր կային, աղջիկներին ծեծում ու մեքենաներով տանում էին: Թեպետ անցել է 21 տարի, սակայն Կասպարովան չի մոռացել տղամարդու` ատելությամբ ու զզվանքով լցված ձայնը, որ գոռում էր. «Մահ հայերին»: «Տեսել եմ, թե ինչպես էին հայերին պատշգամբներից ցած նետում: Դրսում սարսափելի ցուրտ էր, մի կերպ փախանք ու հասանք կայարան, որ գայինք Երեւան: Գնացքը ուշանում էր: Գետնին նստած էին տարեց հայ կանայք` ոտաբոբիկ էին, ատամները ջարդված: Նրանք վախից ու ցրտից դողացնում էին»:

Երկու ամսից լույս կտեսնի ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանի հեղինակած «Ադրբեջանցի թուրքերի նացիզմը: Ադրբեջանահայերի ցեղասպանությունը. Հայացք ներսից» խորագրով գիրքը, որը կպատմի 1990-ին Ադրբեջանում իրականացված հայերի ջարդերի մասին:

«Գիրքը ներսի հայացքով է ներկայացնում հայկական ջարդերը եւ պատմում է ողջ ճշմարտությունը դրանց մասին», ասաց Այվազյանը` հավելելով, որ գիրքը կհրատարակվի ռուսերեն լեզվով. նախատեսվում է թարգմանել նաեւ անգլերեն եւ ադրբեջաներեն:

Բաքվի փախստականների խնդիրներով զբաղվող «Մեր տունը Հայաստանն է» կազմակերպության նախագահ Նիկոլայ Բաբաջանյանը պատմում է, որ «սեւ հունվարի» օրերին դաժանաբար սպանվել է 270 հայ, Ադրբեջանում կոտորածներից սպանված հայերի թիվը գերազանցում է 400-ը:

«Ինչու մարդասպանները մինչեւ օրս չեն պատժվում: Ինչու մեր պետությունը չի պահանջում, որ բացվեն արխիվները, ուսումնասիրվեն փաստաթղթերը»: Բաբաջանյանի ներկայացրած փաստերի համաձայնՙ Բաքվում հայերը թողել են 123.000 բնակարան, ադրբեջանցիները Երեւանում թողել են 32.000 բնակարան:

Թեպետ Բաքվի ջարդերից անցել է 21 տարի, սակայն փախստականների հարցերը դեռեւս լուծված չեն: Նրանցից շատերը բնակարանի, աշխատանքի խնդիր ունեն, սակայն գլխավոր հարցը ազատ տեղաշարժման իրավունքն է: Փախստականներից շատերը Հայաստանում ամուսնացել են, զավակներ ունեցել, սակայն նրանց անձնագրային խնդիրները լուծված չեն: Ադրբեջանահայերից շատերը չեն կարողանում փոխել իրենց ազգանունները: «Ազգանվան «յան» վերջավորության համար անհրաժեշտ են ծննդյան վկայական ու հսկայական գումար: Ջարդերի ժամանակ շատերը չեն էլ հասցրել իրենց ունեցվածքը վերցնել, շատերի ծննդյան վկայականներն են կորել: Եթե անգամ լիներ, շատերն ուղղակի հնարավորություն չունեն պատկառելի գումարը վճարելու, մինչդեռ Ադրբեջանում փախստականները նման խնդիր չունեն», ասաց Բաբաջանյանը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4