«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#6, 2011-01-18 | #7, 2011-01-19 | #8, 2011-01-20


«ՔԱՂԱՔԱՊԵ՛Տ, ՄԻ ՍՏԻՊԻՐ ԻՆՁ ԴԱՌՆԱԼ ՀԱՆՑԱԳՈՐԾ»

Փողոցային առեւտրականները պահանջում են վերանայել օրենքը

Բազմազավակ մայր Ժենյա Վարդանյանի ապրուստի միակ միջոցը փողոցային առեւտրով զբաղվելն է: Ամուսինը մահացել է մի քանի տարի առաջ, մինչ այդ տնային տնտեսուհի Ժենյան երեք երեխաներին ու մորը պահելու համար ստիպված Վաղարշյան փողոցի մի անկյունում կարտոֆիլ ու կանաչի էր վաճառում` մի կերպ պահպանելով բազմանդամ ընտանիքի գոյությունը:

«Հունվարի 6-ին ոստիկանության աշխատակիցները եկան, սկսեցին հրել, թե այլեւս այստեղ չպետք է կանգնես ու առեւտուր անես: Քաղաքապետի որոշումն է, ասացին նրանք, ու սկսեցին մթերքը արկղերից թափել: Պետք լինիՙ քեզ էլ էս կարտոշկի պես կտշեմ, կոշիկիս կրունկն էլ չարժես, ասաց քաղաքապետարանի աշխատակիցն ու հեռացավ», պատմում է տիկին Ժենյան:

Նա ու էլի մի քանի հարյուր փողոցային առեւտրականներ երեկ հավաքվել էին Երեւանի քաղաքապետարանի դիմաց` պահանջելով հանդիպում քաղաքապետ Կարեն Կարապետյանի հետ: Նրանք պահանջում են քաղաքապետիցՙ վերացնել փողոցային առեւտրի արգելքը, քանի դեռ իրենք հանապազօրյա հացը վաստակելու այլընտրանք չունեն:

Երկու օր առաջ ոստիկաններն այցելել են Վարդանանց փողոց: Նրանց այցելությունից հետո շինանյութ վաճառող շուրջ 200 առեւտրականներ դարձել են անգործ: Վարդանանց փողոցում շինանյութ վաճառող Արման Կարապետյանը «Ազգի» հետ զրույցում փոխանցեց, որ իրենք հարկեր են վճարում, շատերը բնակարան են գրավ դրել, բիզնես ծավալելու, ապրանք գնելու համար, շատերն ունեն աշխատողներ, ու քաղաքապետի որոշումից հետո վերոնշյալ տարածքում ընդհանուր հաշվարկով 500 մարդ դարձել է գործազուրկ:

«Այնպես են անում, որ առեւտրով զբաղվեն մի քանի օլիգարխներ: Հարվածում են փոքր եւ միջին բիզնեսի մեջքին ու ստիպում ստրուկի կարգավիճակով ապրել», ասում է նա:

«Երկու որդի ունեմ, Ղարաբաղում ծառայությունն ավարտելուց հետո եկան Երեւան: Այստեղ աշխատանք չկար, ստիպված գնացին Սոչի, բայց էնտեղ էլ հազիվ իրենց ընտանիքների գլուխն են պահում: Իմ տան միակ եկամուտը դրսում մթերք վաճառելն է, ի՞նչ անեմ, ո՞ւմ դիմեմ, որ ինձ ու հաշմանդամ ամուսնուս գա պահի: Ինչո՞ւ եք մի կտոր հացից զրկում, պետության տված թոշակը հազիվ հերիքում է լույսի ու գազի վճարումներին, բա ես ինչով ապրե՞մ», զայրանում է Ալլա Պետրոսյանը:

«Եթե քաղաքապետը ցանկանում է քաղաքակիրթ մայրաքաղաք տեսնել, թող ինքն ու իր ընկերները այցելեն Մանումենտի այգի: Այնտեղ կտեսնեն քաղաքակիրթ ու թալանված մայրաքաղաք` հսկայական շքեղ առանձնատներով», դժգոհում է Կարինե Գասպարյանը` պահանջելով քաղաքապետիցՙ իրեն չդարձնել մուրացկան:

Շրջանայինի մոտ մթերք վաճառող Էդգար Զարգարյանը երկու երեխայի հայր է: Տան միակ աշխատողն է: Թեպետ Էդգարը համարվում է փողոցային առեւտրական, սակայն ամսական 60.000 դրամ հարկ է մուծում քաղաքապետարանին: «Ստիպեցին, որ ՀԴՄ տեղադրենք, առանց որեւէ դժգոհության տեղադրեցինք: Տարեկան 150.000 դրամ էլ տուգանք ենք մուծում: Հայտնի էլ չէ, թե ինչի համար, ասում են` պարտադիր պետք է բոլորը մուծեն: Ես հարկ եմ վճարում պետությանը, ինչո՞ւ է քաղաքապետն ինձ ստիպում, որպեսզի ես դառնամ հանցագործ, ինչո՞ւ է իմ զավակներին կտրում հացից»:

Հերմինե Պողոսյանն էլ է Շրջանայինի առեւտրականներից: Հերմինեն փողոցում միրգ է վաճառում: «Մի քանի օր առաջ եկան ու արկղերով մրգերը տարան, ինձ վրա էլ մատ թափ տվեցին ու ասացինՙ մյուս անգամ էլ էս կողմերում չերեւաս: Երբ հարցրեցի, թե ուր են տանում միրգը, ասացին` ծերանոց: Ի՞նչ անեմ: Երեխայիս բերանից կտրել եմ, միրգ գնել, որ վաճառեմ, նրանք ինձ զրկում են իմ աշխատանքից, ապրանքս էլ տանում են», ասում է նա:

Ավելի քան երկու ժամ տեւած բողոքի ակցիայի ժամանակ քաղաքապետարանի աշխատակազմի առեւտրի եւ սպասարկումների վարչության պետը հրաժարվեց մեկնաբանություններ տալ ոչ միայն քաղաքապետարանի դիմաց հավաքված բնակչությանը, այլեւ լրագրողներին: Նրա փոխարեն խոսեց վարչության գլխավոր մասնագետ Հովհաննես Ղալեչյանը: «Քաղաքապետարանն այսօր առաջարկում է այլընտրանքային տարբերակներ. առեւտրի սրահներ ունեցողներն իրենց ապրանքները փողոցից պետք է տեղափոխեն սրահներ, շինանյութի առեւտրով զբաղվողները պետք է տեղափոխվեն համապատասխան շուկա. տնօրենի հետ արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել: Մնացած առեւտրականները պետք է տեղափոխվեն շուկա: Եթե պահանջարկ լինի, քաղաքապետարանը նոր շուկաներ կստեղծի: Օրենքով չթույլատրված ոչ մի արարք չի կարելի արդարացնել սոցիալական գործոնով», ասաց նա:

Ըստ քաղաքապետարանի ներկայացրած տվյալների` փողոցային առեւտրով զբաղվում է 3000 մարդ: Փողոցային առեւտրով զբաղվողների ներկայացրած տվյալներով թիվը գերազանցում է 12.000-ը:

Փողոցային առեւտրի վերացման խնդիրը եղել է Երեւանի բոլոր քաղաքապետների ուշադրության կենտրոնում: Սակայն հարցն այդպես էլ լուծում չի ստացել, ու պայքարը ժամանակավոր բնույթ է ստացել, որովհետեւ օրենքի տարրին հավատարիմ մնալու պարագայում քաղաքի մի քանի հազար բնակիչ կմնար առանց ապրուստի: Հետեւաբար ցածր կենսամակարդ ունեցող, օրվա հացին բավարարող եկամուտով ապրող երեւանցուն չի կարելի զրկել ապրուստի եզակի միջոցից, եթե այլընտրանքային այլ տարբերակ չկա: Ինչ վերաբերում է Երեւանը քաղաքակիրթ ու եվրոպական մայրաքաղաք դարձնելուն, գուցե նախ իշխանությունը մտորի բնակչության կյանքը եվրոպական ստանդարտներին համապատասխանեցնելու մասին: Եվրոպական ստանդարտի թոշակ վճարի, եվրոպական ստանդարտներին համապատախան աշխատատեղեր բացի ու նույն ստանդարտին համապատասխան աշխատավարձ տա, մարդկանց կենսամակարդակը դարձնի եվրոպական, հետո լուծի քաղաքի բազմահազար խնդիրներ: Միեւնույնն է, եթե վաղը քաղաքում չլինի գեթ մեկ փողոցային առեւտրական, դրանից Երեւանը Եվրոպա չի դառնա: Փոխարենը մի քանի հազար մարդ կդառնա ոչ միայն գործազուրկ, այլեւ պոտենցիալ հանցագործ: Ժամանակ ու պայմաններ տվեք նրանց:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4