«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#7, 2011-01-19 | #8, 2011-01-20 | #9, 2011-01-21


ԿՓԱԿՎԻ ՄԻԱԿ ՄԱՆԿԱԿԱՆ-ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔԸ` «ՀԱՅՐԵՆԻՔԸ»

Այսօրվանից ՀՌԱՀ հանձնաժողովի կայացրած որոշմամբ, եթերում չեն լինի ԱԼՄ, «Շողակաթ», TV5 եւ «Հայրենիք» հեռուստաընկերությունները:

TV5-ն արժեքավոր հեռուստաընկերություն չէր: Ցուցադրում էր իր «մեծ եղբայր» «Արմենիայի» «նավթալինոտ» հաղորդումներն ու կրկնում նույն հեռուստաընկերության լրատվական թողարկումները: Մնացած ժամանակ իր եթերաժամը լցնում էր Քիմ Քարդաշյանի ու նրա ընտանիքի առօրյայի ներկայացմամբ:

«Շողակաթ» եւ «Արարատ» հեռուստըանկերությունների միավորումը թերեւս կտա որեւէ արդյունքՙ մշակութային ալիքին զուգահեռ կներկայացվի կրոնական կյանքը:

Կանխատեսելի էր ՀՌԱՀ որոշումը` եթեր տալ ոչ թե «Ա1+»-ին, այլ` «Արմնյուզին»` «Արմենիայի» երկրորդ ձագուկին:

Այստեղ անգամ Քիմ Քարդաշյանի մերկ մարմինը չեն ցուցադրում, որպեսզի գոնե լսարանն ապահովեն դեռահասներով: Դրա փոխարեն ցուցադրում են «Արմենիայի» լրատվական թողարկումներն ու քաղաքական հաղորդումներ, որտեղ, բացի իշխանությանը գովք կատարելուց, որեւէ այլ բան չկա:

Էլ չենք խոսում, որ «Եվրոնյուզի» ամենահետաքրքրական ռեպորտաժների ժամանակ ցուցադրում են եղանակի տեսություն, վեց ամիս առաջվա նկարահանած բժշկի կամ քաղաքական գործչի հարցազրույցը: Նաեւՙ գովազդ, գովազդ...

Նման չափազանց «հետաքրքրական» ծրագիր ունեցող հեռուստաընկերությունը չգիտես ինչու կապուղի ստացավ, մինչդեռ «Ա1+»-ը, որ կարող էր հեռուստատեսության դաշտում համարվել այլընտրանք ու ամբողջովին իշխանամետ հեռուստաընկերությունների ֆոնին անդրադառնալ հասարակության խնդիրներին, կրկին զրկվեց եթերից:

Համեմատության կարգով «Երեւան» հեռուստաընկերությունից մի քանի գլուխ ավելի բարձրակարգ հաղորդումներ եւ լրատվություն ցուցադրող ԱԼՄ հեռուստաընկերությունն էլ այսօրվանից եթերում չի լինի:

Եթերում կշարունակենք տեսնել «Երեւան» հեռուստաընկերության ռաբիս երգերն, այլանդակ հաղորդագրությունները:

Այսօրվանից կփակվի նաեւ մանկական առաջին ու միակ «Հայրենիք» հեռուստաընկերությունը: Ի տարբերություն այլ հեռուստաալիքներիՙ «Հայրենիքը» միակն էր, որ ստեղծված էր հատուկ երեխաների համար. մուլտֆիլմեր, հաղորդումներ, ֆիլմեր, դասական երաժշտություն, որոնք բացառապես դաստիարակչական բնույթ են կրում: Շատ կարեւոր է նաեւ, որ հեռուստատեսությունը չի ցուցադրում էժանագին տեղական արտադրության սերիալներն ու ժարգոնով հաղորդումները: ՀՌԱՀ որոշումից հետո «Հայրենիք» հեռուստաընկերությունը բազմաթիվ զանգեր ու նամակներ է ստացել: Հեռուստադիտողները դժգոհում են, որ իրենց մանուկների սիրելի հեռուստաալիքը այլեւս եթերում չի լինելու:

«Հայրենիք» հեռուստաընկերության ծրագրերի կոորդինատոր Անահիտ Կարագուլյանը «Ազգի» հետ զրույցում ասաց, որ այսօրվանից «Հայրենիքը» կմիավորվի «Ար» հեռուստաընկերության հետ: Ցերկվա ժամը 14-ից մինչեւ 17-ի սահմաններում հեռուստաընկերության եթերում կլինի 6 ծրագրից բաղկացած` «Զատիկ», «Գիտունիկ», «Մեր Հայրենիքի հեքիաթները», «Մեր հայրենիքի մշակույթը», մանկական հաղորդումների շարքը: Եղա՞վ:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4