«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#7, 2011-01-19 | #8, 2011-01-20 | #9, 2011-01-21


ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏԱՆԻՔԸ ԴԱՏԱՐԱՆ ՉԵԿԱՎ

Ընդամենը մի քանի րոպե տեւեց Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում Բելլա եւ Սեդրակ Քոչարյանների հայցն ընդդեմ «Ժամանակ» օրաթերթի գործի քննությունը: Դատարանում պատասխանող կողմի շահերը պաշտպանում է ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Թեպետ պատշաճ կարգով ծանուցվել էր, սակայն հայցվոր կողմը չէր ներկայացել դատարան: Այդ պատճառով նախագահող դատավորը նիստը հետաձգեց:

Նախկին նախագահի ընտանիքը պահանջում է, որ «Ժամանակ» օրաթերթը հերքի նախորդ տարի իրենց ընտանիքի մասին տպագրած երեք հոդվածները` «Ադամանդե Ռոբ», «Վոլվո+սպայկա հավասար է Սեդրակ Քոչարյան» եւ «Արյունը Քոչարյանից, կայֆը Ծառուկյանից, հակացնցումը Լֆիկից»: Հոդվածներում «Ժամանակ» օրաթերթը հրապարակել էր, որ նախկին նախագահի կինը` Բելլա Քոչարյանը, զբաղվում է բժշկության բիզնեսով, որդին` Սեդրակ Քոչարյանը, ձեռնարկատերերից խլել է առեւտրային կազմակերպություն: Բացի այդՙ Սեդրակ Քոչարյանը ադամանդի հանքավայր ունի Հնդկաստանում:

Քոչարյաններն իրենց անունը արատավորելու համար որպես փոխհատուցում պահանջել են 6 մլն դրամ: Հայցի գումարը, դատարանի որոշումից հետո, կփոխանցեն «Հայաստան» համահայկական հիմնադրամի հաշվին կամ հանրապետության մանկատներից մեկին:

Նիստից հետո պատասխանող կողմի պաշտպան Զարուհի Փոստանջյանն ասաց, որ Քոչարյանների հայցը ողջամիտ ժամկետում չի ներկայացված դատարան: Ըստ կանոնակարգի` հայցը պետք է հոդվածները հրապարակելուց հետո մեկամսյա ժամկետում ներկայացվեր դատարան, սակայն Քոչարյաններն ավելի ուշ են ներկայացրել:

«Եթե հայցվոր կողմը գտնում է, որ իր իրավունքները ոտնահարվել են, ապա պետք է մեկամսյա-ժամկետում հայց ներկայացներ», ասաց Փոստանջյանը` հավելելով, որ հայցն անհիմն է, պատասխանող կողմն ունի բազմաթիվ առարկություններ, որոնք ներկայացրել է դատարանին:

Հաջորդ նիստը նշանակված է փետրվարի 1-ին` ժամը 12:30-ին:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4