«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#8, 2011-01-20 | #9, 2011-01-21 | #10, 2011-01-22


ՄԱՅՐԱՔԱՂԱՔԸ ԿՈՒՆԵՆԱ ՆՈՐ ԳԼԽԱՎՈՐ ՃԱՐՏԱՐԱՊԵՏ ՈՒ ԴԻԶԱՅՆԵՐ

Երեւանի ավագանու արտահերթ նիստի գլխավոր հարցը Երեւանի փոխքաղաքապետի նշանակումն էր: Քաղաքապետ Կարեն Կարապետյանն առաջարկեց Վահագն Առաքելյանի թեկնածությունը, ավագանու անդամներն էլ հաստատեցին: Քաղաքապետի բնորոշմամբ` Առաքելյանը լավագույն ֆինանսիստներից է, ազնիվ է, պարկեշտ ու բարեխղճորեն կկատարի ստանձնած պարտավորությունները:

Առաքելյանը կհամակարգի քաղաքապետարանի ֆինանսական հատվածը: Նա «Հայռուսգազարդ» ընկերության էկոնոմիկայի ու ֆինանսների հարցերով փոխտնօրենն էր: Վահագն Առաքելյանը մեկ շաբաթ առաջ է տեղեկացել, որ իրեն առաջարկվելու է փոխքաղաքապետի պաշտոնը: Համոզված լինելով, որ ինքը հաստատվելու է պաշտոնում, ծանոթացել է քաղաքապետարանի նորմատիվ-իրավական ակտերին` պարտականությունների շրջանակն ավելի լավ պատկերացնելու համար:

Մեկնաբանելով կարծիքը, որ Կարապետյանը «Հայռուսգազարդ»-ից իր մարդկանց բերում է քաղաքապետարան, Առաքելյանն ասաց, որ ինքն ավելի շուտ է դուրս եկել «Հայռուսգազարդից», քան Կարապետյանը, եւ չի հասկանում, թե ինչու է նման կարծիք ձեւավորվել: Առաքելյանը մայրաքաղաքի ֆինանսական վիճակին լիարժեք ծանոթ չէ, առաջիկա ծրագրերն էլ չմանրամասնեց: Միայն խոստացավ, որ բոլորի նկատմամբ լինելու է միասնական վերաբերմունք, եւ դա երեւանցիները զգալու են:

Փոխվել են նաեւ փոխքաղաքապետների գործառույթները: Նրանցից մեկը կհամակարգի կոմունալ տնտեսության, շինարարության եւ բարեկարգման, բնապահպանության, սոցիալական ապահովության ոլորտները, մյուսը` կրթության, առողջապահության, մշակույթի վարչությունները, երեխաների իրավունքների պաշտպանության, սպորտի ու երիտասարդության բաժինները:

Կարապետյանի ներկայացմամբ` կառուցվածքային փոփոխությունների շրջանակներում փորձել են հավասարաչափ բաշխել փոխքաղաքապետների պարտականությունները: Կարծիքը, թե փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանի լիազորությունները քաղաքապետարանում կրճատվել են, Մարգարյանը հերքեց. «Նման բան չկա»:

Այսուհետեւ կգործի վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի աշխատանքների կազմակերպման վարչություն, որը նպատակ ունի խիստ վերահսկողության տակ վերցնել վարչական շրջանների ղեկավարների աշխատանքը: «Այժմ քննարկում եւ ներկայացնելու ենք այն հատկանիշները, որոնց համաձայն վարչական շրջանն ամեն ամիս հաշվետվություն է տալու: Վարչական շրջանների հայտանիշների ամփոփումը, գնահատումը եւ հետագայում ռեյտինգավորումը կատարելու է այս բաժինը»:

Քաղաքի «պրինցիպալ զարգացման խնդիրն» էլ, ըստ քաղաքապետի, պետք է կատարի զարգացման եւ ներդրումային ծրագրերի վարչությունը, որի մեջ ընդգրկված են զարգացման եւ ներդրումային ենթակառուցվածքային ծրագրերի, միջազգային ներդրումային եւ այլ հաստատությունների համակարգման ու տուրիզմի զարգացման բաժինները: «Վարչության կարեւորագույն գործառույթներից մեկն էլ լինելու է այն, որ Երեւանում ներդրում կատարած բիզնեսմեններն իրենց ապահով զգան»:

Քաղաքապետարանի իրավաբանական վարչությունում ստեղծվել է նոր` բնակիչների իրավունքների ու օրինական շահերի պաշտպանության բաժին, որը պետք է ամփոփի բնակիչների բողոքները, պրոբլեմները, բնակիչների իրավունքների ոտնահարման դեպքերն ու լուծումներ տալ դրանց»:

Մայրաքաղաքն այսուհետեւ կունենա անկախ, ազատ ստեղծագործելու իրավունք ունեցող եւ քաղաքի առօրյա գործերից ազատված գլխավոր ճարտարապետ: Երեւանի բարեկարգմանն ու կառուցապատմանն առնչվող հարցերն էլ լուծելու է Երեւանի դիզայները:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4