«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#8, 2011-01-20 | #9, 2011-01-21 | #10, 2011-01-22


«ՇՈՂԱԿԱԹԸ» ԿՀԵՌԱՐՁԱԿՎԻ «ԱՐԱՐԱՏԻ» ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ, «ԱՐԱՐԱՏԻ» ՃԱԿԱՏԱԳԻՐՆ ԷԼ ՄՇՈՒՇՈՏ Է

Այս տարի ՀՌԱՀ կայացրած որոշումները ոչ միայն աբսուրդ էին, այլեւ անհասկանալի: Մինչ երեկ բոլորը կարծում էին, որ «Շողակաթն» ու «Արարատ» հեռուստաընկերությունները միավորվում են, ստեղծելով մեկ միասնական կրոնա-մշակութային հեռուստաալիք: Սակայն պարզվում է, որ ՀՌԱՀ կայացրած որոշման համաձայն «Շողակաթը» հեռարձակվելու է «Արարատ» հեռուստաընկերության հաճախականությամբ: Թե ՀՌԱՀ-ն ինչ է որոշելու միակ մշակութային հեռուստաալիքի կապակցությամբ` հայտնի չէ: «Արարատի» հետագա ճակատագրի վերաբերյալ տեղյակ չէ անգամ հեռուստաալիքի տնօրեն, գրող հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը: «Եթե հաստատ իմանայի, թե ինչ է կատարվում, կասեի: Արդեն մեկ ամիս է, անորոշ վիճակ է, Արարատի հետագա կարգավիճակը մշուշոտ է: Ես ոչինչ չգիտեմ», «Ազգ»-ի հետ զրույցում ասաց նա:

«Շողակաթ» հեռուստաընկերության տնօրեն Մանյա Ղազարյանն էլ ասաց, որ ՀՌԱՀ հանձնաժողովի կայացրած որոշման արդյունքում հեռուստաընկերությունն իր արտադրանքը կհեռարձակի Հանրային հեռուստաընկերությունից: «Այսուհետ Շողակաթը իր հեռուստածրագրերը կտեղադրի 48 հաճախականության վրա: Այո՛, դա «Արարատի» հաճախականությունն է: Մենք անում ենք այն, ինչ կա որոշման մեջ», ասաց նա:

Եթե «Արարատ» հեռուստաընկերությունը հրաժեշտ տա եթերին, ապա որոշման հետեւանքով ստեղծագործական կազմի 44 աշխատակից կհամալրեն գործազուրկների բանակը: Կատարյալ անորոշությունը չի կարողացել հասկանալ անգամ Հանրային խորհուրդը: Նրանց հասել են խոսակցություններ, որ «Արարատի» անձնակազմը աշխատանքից ազատման դիմումներ է գրում: Չկարողանալով որեւէ բան պարզել, Հանրային խորհուրդը որոշել է մեկ հարկի տակ հավաքել խնդրով հետաքրքրվող բոլոր կողմերին եւ քննարկել «Արարատի» հարցը:

Այսօր ժամը 3-ին Հայֆիլհարմոնիայի փոքր դահլիճում տեղի կունենա Հանրային խորհրդի նիստ: «Մշակութային ալիքը չի կարելի փակվել: Մեր հեռուստալսարանին անհրաժեշտ է ե՛ւ կրոնական ե՛ւ մշակութային հեռուստաալիք: «Արարատը» հրաշալի այլընտրանք է այն բոլոր խեղաթյուրումներին, որոնք ցուցադրվում են այսօր եթերով», ասաց Հանրային խորհրդի անդամ Աստղիկ Գեւորգյանը :

Նրա ներկայացմամբ` ոչ միայն Հանրային խորհրդի ողջ կազմը, այլեւ բազմաթիվ մտավորականներ, հասարակական գործիչներ մտահոգված են ու դժգոհություն են հայտնել միակ մշակութային ալիքի փակման կապակցությամբ:

Թե ինչպես է գնահատում հեռուստաալիքների ծրագիրն ու արտադրանքը ՀՌԱՀ հանձնաժողովը` չափազանց դժվար է պատկերացնել: Բյուջեից սնվող Հանրայինի եթերում քիչ են բարձր մակարդակի մշակութային հաղորդումները: Կամ Աշոտ Ղազարյանն է արդեն հնացած հումորներ անում կամ տեղական արտադրության սերիալներով են փակում եթերաժամը, ինչ վերաբերում է Հանրայինի լրատվականին, ապա բոլորին էլ հայտնի է, «Հայլուրը» դիտելուց քեզ զգում ես Շվեյցարիայում, հաշվիդ էլ ունես մի քանի միլիոն եվրո:

Հայկական երկրորդ հեռուստաալիքն էլ ռաբիս երաժշտությունից, ռեստորանային երգիչների նվիրված հաղորդումներից, «Բնակարան N3» տափակ հեռուստասերիալից բացի որեւէ այլ բան չի ներկայացնում:

Հիմնականում զվարճալի հաղորդումների ու սերիալների վրա է կառուցված նաեւ Արմենիայի եթերը:

Հասկանալի է, ՀՌԱՀ-ը չի կարող նման հեռուստաընկերություններին եթերից զրկել: Չէ որ նրանցից յուրաքանչյուրի մեջքին էլ մարդ կա կանգնած, բայց գոնե կարող է սանկցիաներ կիրառել, փորձել բարելավել ու դրական փոփոխություններ մտցնել հեռուստատեսության ոլորտում: Դրա փոխարեն ՀՌԱՀ-ը շարունակում է իր վնասակար քաղաքականությունը, եթեր տրամադրելով ռաբիսին, տգիտությանը, էժանագին ու մարդկանց նյարդեր սղոցող սերիալներին:

Միակ լավ բանը, որ հայկական հեռուստաալիքներում գոյություն ունի` ֆուտբոլի ցուցադրությունն է, համաեվրոպական, այլ` իսպանական, իտալական եւ անգլիական:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4