«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#27, 2011-02-17 | #28, 2011-02-18 | #29, 2011-02-19


ԶԵՅՆՈ ԲԱՐԱՆԻ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ

1993-ին, երբ պատերազմը Ղարաբաղում դեռ շարունակվում էր, 1994-ի հրադադարի համաձայնությանը դեռ մեկ տարի ժամանակ կար, Ադրբեջանի հարավային` Իրանին հարեւան շրջաններում բնակվող թալիշները 7 թալիշական շրջաններում հռչակեցին Թալիշ-Մուղանյան Ինքնավար Հանրապետությունը: Հատկանշական է, որ այդ տարիներին պաշտոնական Թեհրանը որեւէ կերպ առնվազն չէր խոչընդոտում անմիջապես իր սահմաններում դե ֆակտո առաջացած նոր հանրապետության առաջացմանը. թալիշները պարսկական արմատներ ունեն եւ, ինչպես իրանցիները, շիա մահմեդական են: Ինչպես ղարաբաղյան ճակատում արդեն նկատելի դարձող պարտությունը, այնպես էլ թալիշների, լեզգիների պահանջները թերեւս ստիպեցին Բաքվին 1994-ին Հայաստանի ու փաստացի գոյություն ունեցող ԼՂՀ-ի հետ ստորագրել հրադադարի համաձայնագիր: Սրանով, փաստորեն, Բաքուն ոչ միայն խուսափեց հայկական ուժերի հետագա առաջխաղացումից, այլեւ թալիշների էլ ավելի ակտիվացումից. բնականաբար` պատերազմի մեջ գտնվող, այն էլ հետխորհրդային քայքայված երկիրը չէր կարող տիրապետել միանգամից մի քանի ռազմաճակատ: Դադարեցնելով իր իսկ հարկադրած պատերազմը Ղարաբաղում, Բաքուն, բնականաբար, չճանաչեց թալիշների հռչակած անկախությունը, սակայն ադրբեջանական իշխանությունը կարողացավ որոշակիորեն ցրել լարվածությունը թալիշ ժողովրդի շրջանում: Մի ժողովուրդ, որը ինչպես եւ Ադրբեջանի կազմում ապրող լեզգիները, որեւէ կերպ անվանված չեն Ադրբեջանի սահմանադրությունում:

Փետրվարի 17-ի համարում «Ազգը» տեղեկացրեց, որ «Ազատ Լեզգիստան շարժում» միությունը հրապարակել էր կոչ-հայտարարություն, որտեղ հնչեցնելով մի շարք ահազանգեր Ադրբեջանում լեզգիների հավանական ձուլման մասին, կոչ էր անում «աշխարհի բոլոր կետերում գտնվող բոլոր լեզգիներին»ՙ թույլ չտալ լեզգի ազգի ձուլումը: Լեզգիներն ապրում են Ադրբեջանի հյուսիսային որոշ շրջաններում, ինչպես նաեւ «ռուսական» Դաղստանում: Երեկ էլ Ադրբեջանի մեկ այլ ազգային փոքրամասնությունից` թալիշներից հնչեց նմանատիպ հայտարարություն: Հատկանշական է, որ թալիշ քաղաքական գործչի հայտարարությունը մեջբերում են իրանական աղբյուրները, ինչը եւս մեկ անգամ վկայում է, որ Բաքու-Թեհրան հարաբերություններն այս օրերին, իսկ ավելի ճիշտ` «անհասկանալի ծագմամբ» Ադրբեջանի անկախության հենց առաջին օրից, խիստ լարված են: Այսպեսՙ ազգությամբ թալիշ, քաղաքացիությամբ «ադրբեջանցի» Ֆահրեդդին Աբբաս Զադեն ասել է. «Բաքուն, Իսրայելի հովանավորչությամբ, մշտապես ճնշումների եւ բռնությունների է ենթարկում Ադրբեջանում ապրող հազարավոր թալիշների, ավելին` Ադրբեջանի հարավային` թալիշաբնակ բնակավայրերից իսրայելական եւ ամերիկյան հետախուզական ծառայություններն իրականացնում են հակաիրանական եւ հակաթալիշական հետախուզական գործունեություն»: Հետաքրքրական է, որ անգամ իսրայելական որոշ լրատվամիջոցներ չեն հերքում, որ Իսրայելին Ադրբեջանի հետ կապում են «հատուկ շահեր եւ հատուկ նպատակներ», նույնիսկ իսրայելական հետախուզական կենտրոնների առկայությունը Ադրբեջանում, նրանք չեն հերքում, եւ այդ մասին «Ազգը» գրել է բազմիցս: Այս ամենն արդեն ապացուցված կարելի է համարել WikiԼeaks-ի բացահայտումներից հետո, որին կարծես թե էլ ոչ ոք պաշտոնապես չի հերքում, անգամ Ադրբեջանում: Այսպես, ըստ հանրահայտ դարձած կայքի, 2009-ի հունվարի 13-ին Բաքվում ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչ (ԱՄՆ-ը այդ տարի դեռեւս Բաքվում դեսպան չուներ-Հ. Ա.) Լոուն, հեռագիր է ուղարկում պետքարտուղարություն, որտեղ մասնավորապես գրված է. «Մեզ համար ակնհայտ պետք է լինի, որ Ադրբեջան-Իսրայել տանդեմն Իրանի դեմ է: Զրույցում նախագահ Իլհամ Ալիեւն ինքն ասաց, որ ինչպես Թել Ավիվի, այնպես էլ Բաքվի համար ամենավտանգավոր երկիրն այսօր Իրանն է»: Դե, եթե Իլհամ Ալիեւի համար իրոք ամենավտանգավոր երկիրն այսօր Իրանն է, հետեւաբար նրան այլ բան չի մնում, քան ճնշել իր իսկ «ենթակայության» տակ գտնվող պարսկական արմատներով թալիշներին եւ դեռ համարձակություն ունենալ խոսելու Իրանի տարածքների նկատմամբ հավակնությունների մասին: Իսկ որ Բաքուն ճնշման է ենթարկել եւ ենթարկում թալիշներին, ապացուցվում է թվերով: Այսպես` 1993-ին թալիշները կազմում էին ամբողջ Ադրբեջանի բնակչության 3,3 տոկոսը, իսկ արդեն 1999-ին` ընդամենը 1 տոկոսը: Այս կապակցությամբ Աբբաս Զադեն նկատել է. «Թալիշներն այսօր էլ Ադրբեջանի ամենամեծ ազգային փոքրամասնությունն են, սակայն Բաքվի ճնշումների հետեւանքով մենք ընկել ենք ծանր կացության մեջ: Անցյալ տարի թալիշ ազգային գործիչ Գումատովը նամակ ուղարկեց Իրանի հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեիին` խնդրելով օգնել թալիշներին, որպեսզի Ադրբեջանի իշխանությունների ճնշումներն ու ձուլման քաղաքականությունը չշարունակվեն»: Թե ինչպե՞ս է արձագանքել Խամենիին այս նամակինՙ դժվար է ասել, միայն, ըստ «Ազադլիգ»-ի, հայտնի է, որ «Իրանի կրոնական վերնախավը պատրաստվում է տապալել Ալլահշուքյուր Փաշազադեին», նույն իրեն` Կովկասի մահմեդականների առաջնորդին, ավելին` Խամենիին, ըստ ադրբեջանական վերոհիշյալ աղբյուրի, «մտմտում է օրենքից դուրս համարել Կովկասի մահմեդականների վարչությունը»:

Ի դեպ, փետրվարի 17-ին Բաքվում վերջապես գտնվեց մեկ «այլ ազգի» ներկայացուցիչ, որը հրապարակավ հայտարարեց, որ «Ադրբեջանն իր երկրորդ հայրենիքն է»: Նա Զեյնո Բարանն է, Բաքվում ԱՄՆ նորանշանակ դեսպան Մեթյու Բրայզայի թուրք տիկինը: Բարանը, ամուսնու` փետրվարի 17-ի ասուլիսից հետ (որին «Ազգ»-ը անդրադարձավ երեկվա համարում) նույնպես ասուլիս է հրավիրել, որտեղ բացի վերոհիշյալ մտքից, նաեւ նշել է. «Մեր երկրները շատ ընդհանրություններ ունեն` լեզուն, մշակույթը, խոհանոցը. ես ինձ այստեղ օտար չեմ զգում»: Հատկանշական է, որ այսպես խոսում է ԱՄՆ-ի դեսպանի կինը. մնում է միայն պարզելՙ Ադրբեջանի հետ «ընդհանրություններ ունեցող» երկիրը, ըստ Բարանի, ո՞րն է` ԱՄՆ-ը, որին Բաքվում ներկայացնում է իր ընտանիքը, թե՞ «պատմական հայրենիք» Թուրքիան: Եվ վերջում` Զեյնո Բարանը հայտարարել է, որ ինքն այսուհետեւ մասնակցելու է ամուսնու բոլոր հասարակական միջոցառումներին եւ դա անելու է «ակտիվորեն»:

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4