«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#28, 2011-02-18 | #29, 2011-02-19 | #30, 2011-02-22


ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ՎԱՂԱՄԵՌԻԿ ՊԵՐՃԻԿ ՔՅՈՒՐՔՉՅԱՆԻ ԷՍՍԵՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

Դստերՙ Կարինե Արմենի խմբագրությամբ եւ անգլերեն թարգմանությամբ Լոս Անջելեսում օրերս լույս է տեսել պարսկահայ ինքնուս գրող, էսսեիստ, վաղամեռիկ Պերճուհի Քյուրքչյանի ինքնամաքրմանն ու ինքնաճանաչմանը նպաստող հոդվածների հավաքածուն: Եղեռնից մազապուրծ ծնողների զավակՙ Պերճուհին «Ներքին դրախտ» խորագրով գրքում բացահայտում է ցեղասպանության խորը ազդեցությունն իր անձնական կյանքի վրա: Գրքում ընդգրկված 37 հոդվածները գրված են եղել բնագրումՙ Ֆարսի լեզվով 1987-88 թվերին: Ներառված ընտանեկան լուսանկարները հուշագրության տեսք են տալիս գրություններին: Գրքի նախաբանում հոգեբան Էհսան Ղարաջիդաշին նշում է «Պերճիկ Քյուրքչյանը հայերի ցեղասպանության աղետալի իրադարձությունը եւ նրա քայքայիչ հետեւանքները, որոնք պատճառ դարձան նրա ընտանիքի տեղահանմանը, դարձրել է ինքնաճանաչման ու մարդասիրական ապրումների հայտնաբերման բերրի մի «հուշատարածք», որն իմ կարծիքով, կարելի է համեմատել Վիկտոր Ֆրանկելի կյանքի իմաստի որոնումների հետ»:

Էսսեները դասավորված են ժամանակագրական կարգով, հեշտ են կարդացվում շնորհիվ դստեր հոյակապ թարգմանության, եւ չափազանց ազդեցիկ են: Դրանցում հեղինակը խորհուրդ է տալիս դրական բառեր օգտագործել, դրական մտքեր արտահայտել եւ երբեք չհիասթափվել:

Ըստ հրատարակման առթիվ խմբագրությանը հասցեագրված հայտարարության «Inner Heave» գիրքը կարելի է ձեռք բերել Գլենդեյլում «Քեթաբ», «Ապրիլ», «Պերճ» եւ «Սարդարապատ» գրախանութներում: Հավելյալ տեղեկությունների համար այցելել http://photokarine.blogspot.com կայքը:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4