«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#33, 2011-02-25 | #34, 2011-02-26 | #35, 2011-03-01


ԱՇԽԱՐՀԻ ՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՈԳԵԿՈՉՈՒՄ Է ՍՈՒՄԳԱՅԻԹՅԱՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ԽՍՀՄ իշխանությունների լուռ հայացքի ներքո 1988 թ. փետրվարի 27-ին, ադրբեջանական իշխանությունների կազմակերպմամբ, Բաքվից 20 կմ հեռու գտնվող Սումգայիթ քաղաքում սկսվեց հայ բնակչության բնաջնջումը: Փետրվարի 29-ին ուշացումով Սումգայիթ մտավ խորհրդային բանակը, սակայն քաղաքում հայ չէր մնացել: Միջազգային հանրությունը որեւէ կերպ չարձագանքեց Ադրբեջանի կատարած ոճրագործությանը, եւ Ադրբեջանի իշխանությունները պետական մակարդակով շարունակեցին իրենց մարդասպան գործողություններն, ու 1990-ին հունվարի տեղի ունեցան Բաքվի կոտորածները, իսկ 1992-ին` Մարաղայի կոտորածները:

1988-1994 թթ. Ադրբեջանում հայերի զանգվածային ջարդերի հետեւանքով վտարանդի դարձավ Ադրբեջանի ողջ հայկական համայնքը` կես միլիոն մարդ: Կոտորածները պատասխան էին Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության խաղաղ ցույցերի, որոնք Բաքվի իշխանություններին էին դիմում իրականացնելու ինքնորոշման իրենց սահմանադրական իրավունքը միանալու Խ. Հայաստանին:

Երեկ, սումգայիթյան ջարդերի 23-րդ տարելիցին ոգեկոչման միջոցառումներ ու բողոքի երթեր են տեղի ունեցել աշխարհի բազմաթիվ երկրներում:

«Ճանաչում» եւ «դատապարտում» կարգախոսներով Հայաստանի երիտասարդական հիմնադրամի անդամները բողոքի խաղաղ ցույց էին կազմակերպել ՄԱԿ-ի գրասենյակի առաջ` պահանջելով դատապարտել ադրբեջանցիների ծրագրած կոտորածները` հիշատակելով նյուրնբերգյան գործընթացները:

«Պահանջում ենք, որ միջազգային հանրությունն ու կազմակերպությունները դատապարտեն 1988-1990 թթ. հայերի դեմ իրականացված ցեղասպանությունն ու դրան տան քաղաքական գնահատական, քանզի դրա չդատապարտումը կծնի նոր ցեղասպանություններ», ասված է երիտասարդների կազմած հայտարարության տեքստում, որը նրանք հանձնել են ոչ միայն ՄԱԿ-ի գրասենյակ, այլեւս Հայաստանում գործող բոլոր դեսպանատներին:

Ադրբեջանի ջարդարարերի ձեռքով ցեղասպանության ենթարկված հայ անմեղ զոհերի հիշատակին կիրակնօրյա պատարագ է մատուցվել Հալեպի բոլոր հայկական եկեղեցիներում: Հալեպի Սբ Աստվածածին եկեղեցում կատարվող պատարագին մասնակցել է նաեւ Հալեպում Հայաստանի գլխավոր հյուպատոս Աշոտ Մանուկյանը:

Անթիլիասի մայրավանքում Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի նախագահությամբ տեղի է ունեցել հոգեհանգիստ: Հանդիսության ժամանակ ելույթներով հանդես են եկել Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանն ու կաթողիկոս Արամ Ա-ն:

Սումգայիթի զոհերի հիշատակը հարգել են նաեւ Հունաստանում: Աթենքում Ադրբեջանի դեսպանատան առաջ տեղի է ունեցել բողոքի ակցիա:

Սումգայիթի ողբերգական իրադարձությունների տարելիցը նշել են նաեւ Սանկտ Պետերբուրգում: Եկեղեցում մատուցվել է պատարագ` մասնակցությամբ Սանկտ Պետերբուրգում Հայաստանի գլխավոր հյուպատոս Վարդան Հակոբյանի: Պատարագի ավարտին Հայ առաքելական եկեղեցուն առընթեր կիրակնօրյա դպրոցի դահլիճում տեղի է ունեցել Սումգայիթի ջարդերի մասին ֆիլմի ցուցադրում:

Բողոքի ակցիաներ ու երթեր են կազմակերպվել նաեւ Գերմանիայում, Կանադայում, Լոս Անջելեսում, Վաշինգտոնում, Փարիզում, Թբիլիսիում, Հաագայում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4