«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#33, 2011-02-25 | #34, 2011-02-26 | #35, 2011-03-01


ԳԱՐԵԳԻՆ ԵՐԿՐՈՐԴ. «ՎՐԱՍՏԱՆ ԱՅՑԵԼՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԿԲԱՐՁՐԱՑՆԵՆՔ ՎԻՐԱՀԱՅՈՑ ԹԵՄԻՆ ՀՈՒԶՈՂ ԽՆԴԻՐՆԵՐԸ»

«Աշխատանքներ են իրականացվում, եւ փորձում ենք վրաց ուղղափառ եկեղեցու եւ իշխանության, նաեւ միջազգային տարբեր կառույցների ու կազմակերպությունների միջոցով հասնել այն ցանկալի արդյունքին, որ Վրաստանում հայկական եկեղեցիները պահպանվեն ու վերադարձվեն վիրահայոց հոգեւոր դասին», կիրակի Մայր աթոռում տեղի ունեցած հանդիպման ժամանակ «Ազգ» օրաթերթի հարցին պատասխանեց Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը:

Վեհափառը հույս հայտնեց, որ հայկական կողմի ջանքերը հաջողությամբ կպսակվեն ոչ միայն վիրահայոց թեմի գրանցման, այլեւ Վրաստանում գտնվող հայկական եկեղեցիների վերադարձման հարցում:

Վիրահայոց թեմից պահանջ է ներկայացվել Վրաստանի իշխանություններին` հետ ստանալու Վրաստանում գտնվող վեց հայկական եկեղեցիներ, որպեսզի դրանք դառնան գործող եւ ծառայեն վիրահայոց թեմին: Այժմ թեմը սպասում է պատասխանի: Դրական պատասխանին կարող է նպաստել Գարեգին Բ կաթողիկոսի այցը Վրաստան, որն անընդհատ տարբեր պատճառներով ձգձգվում է: «Արդյոք նախատեսվո՞ւմ է Վրաստան եւ Ջավախք այցելություն այս տարի եւ քննարկվելո՞ւ է հայկական եկեղեցիների խնդիրը», հարցին ի պատասխան Վեհափառն ասաց, որ երկար սպասված Վրաստան այցելությունը տեղի կունենա այս տարի, սակայն ամսաթիվը դեռեւս հստակեցված չէ:

«Այցի ընթացքում տեղի կունենա հանդիպում վրաց եկեղեցու առաջնորդ Իլյա պատրիարքի հետ: Չի բացառվում, որ հանդիպումներ լինեն նաեւ երկրի պետական բարձրաստիճան այրերի հետ: Իհարկե, այդ հանդիպումների ժամանակ պետք է բարձրացնենք նաեւ վիրահայոց թեմին հուզող բազմաթիվ խնդիրներ, այդ թվումՙ եկեղեցիների վերադարձման», ասաց կաթողիկոսը:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4