«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#33, 2011-02-25 | #34, 2011-02-26 | #35, 2011-03-01


ԱՐՄԵՆ ՆԱԶԱՐՅԱՆՆ ԱՐԺԱՆԱՑԱՎ ՈՍԿԵ ՄԵԴԱԼԻ

Ձյուդոյի աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլն անցկացվեց Վարշավայում, որտեղ 6 հայ ձյուդոյիստներից երկուսը դարձան մրցանակակիրներ:

Բոլորից հաջողը մինչեւ 66 կգ քաշային Արմեն Նազարյանի ելույթն էր: Հրազդանցի ձյուդոյիստը փայլուն ելույթ ունեցավ: Հաղթելով բոլոր մրցակիցներին, Արմենը նվաճեց չեմպիոնի տիտղոսը: Նրա մրցակիցներն էին ֆինն Անթի Ռինտամակին, ռուսաստանցի Մաքսիմ Կուզնեցովը, ֆրանսիացի Դավիթ Լարոսեն, մոնղոլ Միյարագհա Սանջասուրենը եւ լեհ Պավել Զագրոդնիկը: Այս հաղթանակի շնորհիվ Արմեն Նազարյանը վարկանիշային 100 միավոր վաստակեց:

Մինչեւ 60 կգ քաշային կարգում Հովհաննես Դավթյանը դարձավ արծաթե մրցանակակիրՙ միայն եզրափակիչում պարտվելով անգլիացի Էշլի Մաքենզիին: Իսկ մինչեւ եզրափակիչ հասնելը նա հաղթել էր ադրբեջանցի Վուղար Շիրինլիին, ֆրանսիացի Բապտիստ Լերոյին, Էստոնիան ներկայացնող Էլնուր Ալիեւին, բրազիլացի Բրենո Ալվեսին եւ Իսրայելի դրոշի ներքո հանդես եկած Արտյոմ Արշանսկուն: Դավթյանը վարկանիշային 60 միավոր վաստակեց:

Հաջող կարելի է համարել մինչեւ 100 կգ քաշային կարգում Հակոբ Առաքելյանի ելույթը, որը 3 գոտեմարտում հաղթելուց հետո պարտվեց Հասան Ազոունին եւ իրավունք ստացավ պայքարելու բրոնզե մեդալի համար: Սակայն մրցանակակիր դառնալ չհաջողվեց: Հայ ձյուդոյիստը զիջեց ռուսաստանցի Ռոման Պոլոսինին եւ գրավեց 7-րդ տեղըՙ վաստակելով վարկանիշային 16 միավոր: Ռոբերտ Վարդանյանն էլ (73 կգ) 2 հաղթանակից հետո զիջեց մոնղոլ ձյուդոյիստին ու դուրս մնաց հետագա պայքարից: Նա վաստակեց 12 միավոր:

Ընդհանուր թիմային հաշվարկով ՀՀ հավաքականը գրավեց 2-րդ տեղը ֆրանսիացիներից հետո:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4