«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#33, 2011-02-25 | #34, 2011-02-26 | #35, 2011-03-01


ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆԸ ՀՀ ՀՆԳԱԿԻ ՉԵՄՊԻՈՆՈՒՀԻ

Մրցահարթակ դուրս եկան ռեկորդային թվով մարզուհիներ

Ծանրամարտի Հայաստանի կանանց առաջնության գլխավոր անակնկալը 2009-ի աշխարհի չեմպիոնուհի Նազիկ Ավդալյանի ելույթն էր: Նախապես հայտարարվել էր, որ Նազիկը չի մասնակցելու մրցումներին: Սակայն ինչպես նշեց մեր անվանի մարզուհին, ինքը շատ էր կարոտել մրցահարթակին եւ ցանկանում էր երկարատեւ ընդմիջումից հետո կրկին զգալ մրցակցության շունչը: Եվ Նազիկը հուսախաբ չարեց իր երկրպագուներինՙ հաղթող ճանաչվելով մինչեւ 69 կգ քաշային կարգում: Ճիշտ է, երկամարտի նրա արդյունքըՙ 190 կգ (85+105) բնավ էլ բարձր չէր, սակայն դա էլ բավական էր 5-րդ անգամ հանրապետության չեմպիոնուհու տիտղոսին արժանանալու համար: Հիշեցնենք, որ Նազիկը վիրահատությունից հետո 7 ամիս մրցահարթակ դուրս չէր եկել: Նա նոր է սկսել մարզումները, ուստի հասկանալի է ցույց տված համեստ արդյունքը: Կարեւորն այն է, որ Ավդալյանն այժմ աստիճանաբար լավ մարզավիճակ է ձեռք բերումՙ նախապատրաստվելով տարվա գլխավոր ստուգատեսին:

Մեր մյուս անվանի մարզուհինՙ Մելինե Դալուզյանը եւս իր հավասարը չուներ մինչեւ 75 կգ քաշային կարգում: Մելինեն հաղթող ճանաչվեց երկամարտի 240 կգ (105+135) արդյունքով:

Բավական բարձր ցուցանիշով չեմպիոնուհու տիտղոսը մինչեւ 58 կգ քաշային կարգում նվաճեց Էլեն Գրիգորյանըՙ 202 կգ (90+112): Այս ցուցանիշով նա գերազանցեց քաշային հաջորդ երկու կարգերում ուժեղագույնը ճանաչված մարզուհիներին: Այսպես, մինչեւ 63 կգ քաշային կարգում Քրիստինե Պետրոսյանը հաղթող էր ճանաչվել երկամարտի 180 կգ արդյունքով, իսկ 69 կգ քաշայինների մրցավեճի չեմպիոնուհի Նազիկ Ավդալյանը ցույց էր տվել 190 կգ արդյունք:

Թեթեւ քաշային կարգերում ուժեղագույնը ճանաչվեցին Մարգարիտա Ղազարյանը (48 կգ)ՙ 94 կգ եւ Իզաբելա Յայլյանը (53 կգ)ՙ 163 կգ: 75 կգ-ից բարձր քաշային կարգում պատրաստվում էր ելույթ ունենալ մեր անվանի ծանրորդուհի Հռիփսիմե Խուրշուդյանը, սակայն նա մարզումների ժամանակ վնասվածք էր ստացել ու չկարողացավ մրցահարթակ դուրս գալ: Նրա բացակայության պայմաններում հաջողությունն ուղեկցեց Նաիրա Հարությունյանին, որը երկամարտում ցույց տվեց 210 կգ արդյունք:

Կանանց այս տարվա առաջնությունը մասնակիցների թվով ռեկորդային էր: Մրցահարթակ դուրս եկան 27 մարզուհիներ: Այս փաստն ուրախացրել էր Հայաստանի կանանց հավաքականի մարզիչ Արտաշես Ներսիսյանին, որի կարծիքով տարիներ անց քանակը որակ կապահովի: Նա ընդհանուր առմամբ գոհ էր մրցումների արդյունքներից, նշելով, որ այս ժամանակահատվածի համար բարձր ցուցանիշներ չէր ակնկալում:

Ինչ վերաբերում է ապրիլին կայանալիք Եվրոպայի առաջնությանը, ապա մարզչի կարծիքով Հայաստանը Կազանում կներկայացնեն Էլեն Գրիգորյանը, Մելինե Դալուզյանն ու Հռիփսիմե Խուրշուդյանը: Նազիկ Ավդալյանի հարցում մարզիչները չեն ցանկանում ռիսկի դիմել, ուստի կսպասեն վերջինիս լրիվ ապաքինմանը: Նազիկը մեր հավաքականին շատ է անհրաժեշտ Փարիզում կայանալիք աշխարհի առաջնությունում, որտեղ խաղարկվելու են Լոնդոնի ամառային օլիմպիադայի ուղեգրեր: Անցյալ տարվա աշխարհի առաջնությունում մեր կանանց հավաքականն իր հաջող ելույթների շնորհիվ առայժմ հավակնում է օլիմպիադայում առավելագույնինՙ 4 մարզուհիների մասնակցության: Այս տարի պետք է ձգտել պահպանել նվաճած դիրքերը: Աշխարհի առաջնությունում մեր հավաքականը հանդես կգա լրիվ կազմովՙ 5 հոգով: Հավանաբար Նազիկ Ավդալյանն ու Մելինե Դալուզյանը հանդես գան միեւնույնՙ մինչեւ 69 կգ քաշային կարգում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4