«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#33, 2011-02-25 | #34, 2011-02-26 | #35, 2011-03-01


ԱՆՎԱՆԻՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵՑԻՆ ԻՐԵՆՑ ԲԱՐՁՐ ԿԱՐԳԸ

Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում իրենց մրցավեճն ավարտեցին ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց առաջնության պարգեւները վիճարկող ծանրորդները: Թեեւ առաջատար մի քանի ծանրորդների բացակայությանը, առաջնությունն անցավ բավական հետաքրքրական մրցապայքարում: Առաջնությանը մասնակցած մեր մյուս անվանի ծանրորդները հաստատեցին իրենց բարձր կարգը:

Իր համար քաշային նոր կարգումՙ մինչեւ 62 կգ ծանրորդների մրցավեճում հաջող հանդես եկավ մեծահասակների Եվրոպայի փոխչեմպիոն, 17-ամյա Սմբատ Մարգարյանը: Նա երկամարտի 258 կգ (113+145) արդյունքով հռչակվեց ՀՀ չեմպիոն ու պարգեւատրվեց ոսկե մեդալով եւ 30 հազար դրամով:

Իր բարձրության վրա էր նաեւ Եվրոպայի չեմպիոն Գեւորգ Պողոսյանը, որը եւս վստահ հանդես եկավ քաշային նոր կարգում: Մինչեւ 105 կգ քաշային ծանրորդների մրցավեճում Պողոսյանը երկամարտի 395 կգ (180+215) արդյունքով ուժեղագույնը ճանաչվեց:

Բավական հետաքրքրական պայքար էր ծավալվել հատկապես գերծանրքաշայինների մրցավեճում: Այստեղ չեմպիոնի կոչման հավակնորդներն էին ՀՀ կրկնակի գավաթակիր Արթուր Բաբայանն ու երիտասարդների Եվրոպայի չեմպիոն Հայկ Հակոբյանը: Հաջողությունն ուղեկցեց Արթուր Բաբայանին, որը հաղթող ճանաչվեց երկամարտի 405 կգ (185+220) արդյունքով: Արծաթե մեդալը բաժին հասավ Հայկ Հակոբյանին, որը չեմպիոնին զիջեց 10 կգ-ով: Երկամարտի 377 կգ (172+205) արդյունքով բրոնզե մրցանակակիր դարձավ Սինգապուրի պատանեկան ամառային օլիմպիադայի փոխչեմպիոն Գոռ Մինասյանը:

Մինչեւ 56 կգ քաշային կարգում չեմպիոնի տիտղոսը նվաճեց Ժորժ Եղիկյանըՙ 225 կգ (100+115): Մինչեւ 69 կգ քաշայինների մրցավեճի ելքը վճռեց ծանրորդների անձնական քաշը: Վանիկ Ավետիսյանն անձնական ավելի թեթեւ քաշի շնորհիվ դարձավ հաղթող երկամարտի 321 կգ (140+181) արդյունքովՙ գերազանցելով Սամվել Գրիգորյանին:

Մինչեւ 77 կգ քաշային կարգում ոսկե մեդալի արժանացավ Նորայր Տոնոյանըՙ 325 կգ (135+190): Մինչեւ 85 կգ ծանրորդների մրցավեճն ավարտվեց Էջմիածնի ներկայացուցիչ Գոռ Հարությունյանի հաղթանակով: Նա երկամարտում ցույց տվեց 320 կգ (150+170) արդյունք: Իսկ քաշային հաջորդ կարգում (մինչեւ 94 կգ) ուժեղագույնը Էդգար Գեւորգյանն էրՙ 370 կգ (170+200):

Մրցումների արդյունքներով կկազմավորվի Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականը, որը կշարունակի նախապատրաստվել ապրիլին Կազանում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Ըստ ծանրամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանի, Եվրոպայի առաջնությունում մեր հավաքականը հիմնականում երիտասարդական կազմով է հանդես գալու: Մեր ծանրորդների համար մրցաշրջանի կարեւորագույն մրցումը լինելու է նոյեմբերին Փարիզում կայանալիք աշխարհի առաջնությունը, որը նաեւ վարկանիշային է: Այնտեղ խաղարկվելու են Լոնդոնի 2012-ի ամառային օլիմպիական խաղերի ուղեգրեր:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4