«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#33, 2011-02-25 | #34, 2011-02-26 | #35, 2011-03-01


ԴԱՆԻԵԼՅԱՆԻ ԴԻՐՔԵՐՆ ԱՆՍԱՍԱՆ ԵՆ

Դոհայում ընթացող շախմատի կանանց Գրան պրիի խաղարկությունում հաջող ելույթներն է շարունակում Էլինա Դանիելյանը, որը 6 տուրից հետո վաստակած 5,5 միավորով վստահորեն գլխավորում է աղյուսակը: 5-րդ տուրում Էլինան շարունակեց հաղթարշավը` պարտության մատնելով Սյու Յուհուային: Դժվար է ասել, թե կհաջողվե՞ր որեւէ մեկին կանգնեցնել Դանիելյանի հաղթարշավը, եթե 6-րդ տուրում Էլինայի մրցակիցը չլիներ Լիլիթ Մկրտչյանը: Ինչպես կանխատեսվում էր, հայ շախմատիստուհիների մրցավեճը 32-րդ քայլին ավարտվեց ոչ-ոքի: Այսպիսով, Դանիելյանը մրցաշարում անդրանիկ կես միավորը կորցրեց:

Իսկ ահա Լիլիթ Մկրտչյանին առայժմ չի հաջողվում հաղթանակի քաղցրությունը վայելել: 5-րդ տուրում իր հետ աղյուսակը եզրափակող Բատույագ Մոնգոնտուլի հետ պարտիայում Լիլիթը հաշտություն կնքեց: 6 հնարավորից վաստակած 2 միավորով Մկրտչյանը Չժու Չենի, Սյու Յուհուայի եւ Անտուանետա Ստեֆանովայի հետ բաժանում է 9-12-րդ տեղերը:

Էլինա Դանիելյանից 1,5 միավորով հետ են մնում 2-3-րդ տեղերը բաժանող Մարի Սեբագն ու Պիա Կրամլինգը: Սեբագը նախ ոչ-ոքի խաղաց Համպի Կոներուի հետ, ապա հաղթեց Մարթա Ֆիեռոյին: Կրամլինգը պարտության մատնեց Նանա Ձագնիձեին ու Անտուանետա Ստեֆանովային: 3,5 միավոր ունի Համպի Կոներուն, 3-ական` Նանա Ձագնիձեն ու Մարթա Ֆիեռոն:

Այսօր կայանալիք 7-րդ տուրում Էլինա Դանիելյանը սպիտակներով կմրցի Չժու Չենի, իսկ Լիլիթ Մկրտչյանը սեւերով կխաղա Սյու Յուհուայի հետ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4