«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#34, 2011-02-26 | #35, 2011-03-01 | #36, 2011-03-02


ՎԱՀԱՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸՙ ԿԱՄԵՐԱՅԻՆ ՆՎԱԳԱԽՄԲԻ ԳԼԽԱՎՈՐ ԴԻՐԻԺՈՐ ԵՎ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐ

Օրերս Հայաստանի կամերային նվագախմբի գլխավոր դիրիժոր եւ գեղարվեստական ղեկավար է նշանակվել տաղանդավոր դաշնակահար Վահան Մարտիրոսյանը: Ստորեւ թարգմանաբարՙ որոշ կենսագրական մանրամասնություններ:

Վահան Մարտիրոսյանը ծնվել է Երեւանում, բայց 1993-ից բնակվում է Ֆրանսիայում, որտեղ սովորել եւ հաջողությամբ ավարտել է Փարիզի երաժշտանոցը, արժանանալով դաշնամուրի առաջին կարգի եւ կամերային երաժշտության մրցանակների, ինչպես նաեւ հիմնարկության բարձրագույն դիպլոմին:

Որպես դաշնակահար նա բազմիցս հրավիրվել է նվագակցելու Ֆրանսիայի ազգային նվագախմբի, Փարիզի նվագախմբի, Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի, Պորտուգալիայի սիմֆոնիկ, Կաննի եւ այլ նվագախմբերի հետ, որպես դիրիժորներ ունենալով Մասուրին, Ժարվիին, Ահարոնովիչին, Սադոյին, Բենդերին եւ Սանդերլինգին: Համերգներ է տվել Եվրոպայում, Ասիայում եւ Ամերիկայում:

Մարտիրոսյանը համագործակցել է կոմպոզիտորներ Էրիկ Թանգուիի Մստիսլավ Ռոստրոպովիչի եւ Պենդերեցկիի հետ: Թանգուին դաշնամուրի իր երկրորդ սոնատը նվիրել է Վահանին:

Մարտիրոսյանի մենանվագային ձայնագրություններում կարելի է գտնել Բախի, Հենդելի, Շուբերտի, Բրամսի, Լիստի եւ Զավարոյի ստեղծագործությունները: Նրա կատարումները բարձր են գնահատել Եվրոպայի եւ Ամերիկայի քննադատները: Նրա վերջին խտասալիկներից մեկըՙ «Արմենիան», որն ամբողջովին նվիրված է հայկական դասական երաժշտությանը, որում տեղ են գտել նաեւ իր ուրույն կոմպոզիցիաները, արժանացել է «Երաժշտության աշխարհը» ամսագրի սահմանած Choc-2007 մրցանակին: Տաղանդավոր դաշնակահար լինելուն զուգահեռ նա նաեւ հիանալի դիրիժոր է: 15 տարեկանում նշանակվել է Հայաստանի երիտասարդական կամերային նվագախմբի գլխավոր դիրիժոր եւ գեղարվեստական ղեկավար: Իսկ վերջերս Քուրտ Մասուրը նրան հրավիրել է Նյու Յորքՙ ղեկավարելու «Մանհեթենի դպրոցական նվագախումբը»:

2010 թվականի սեպտեմբերից Վահան Մարտիրոսյանը վարում է Կանն քաղաքի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժորի պաշտոնը:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4