«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#34, 2011-02-26 | #35, 2011-03-01 | #36, 2011-03-02


ԱՐՈՆՅԱՆԸ ԲԱՐԵԼԱՎԵՑ ԻՐ ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ՎԱՐԿԱՆԻՇԸ

ՖԻԴԵ-ն հրապարակել է շախմատիստների դասակարգման հերթական ցուցակը: Այն 2817 վարկանիշով գլխավորում է աշխարհի ներկայիս չեմպիոն Վիշվանաթան Անանդը: Նա նախորդ ցուցակի համեմատ վարկանիշն ավելացրել է 7-ով, որի շնորհիվ շրջանցել է նախկին առաջատար Մագնուս Կառլսենին: Վերջինս վարկանիշն ավելացրել է 1-ով ու 2815 գործակցով ընթանում է 2-րդ տեղում:

Ցուցակում 3-րդ հորիզոնականում իր դիրքն է պահպանել Լեւոն Արոնյանըՙ վարկանիշն ավելացնելով 3-ով: Այժմ նրա վարկանիշը 2808 է, ինչը ռեկորդային է Լեւոնի համար: Հիշեցնենք, որ Արոնյանը 2800-ի սահմանագիծն առաջին անգամ հատեց 2010-ի նոյեմբերին (2801): Հունվարի դասակարգման ցուցակում նրա վարկանիշը 2805 էր:

Աշխարհի 100 ուժեղագույն շախմատիստների թվում բացի Արոնյանից ընդգրկված են հայաստանցի եւս 3 շախմատիստներ: 29-րդ տեղում է Սերգեյ Մովսիսյանը (2716): Նա վարկանիշը նվազեցրել է 5-ով ու նահանջել 3 հորիզոնականով: Իսկ ահա Գաբրիել Սարգսյանը բարելավել է ցուցանիշը 9-ով (2676) եւ 75-րդ տեղից տեղափոխվել է 65-րդ հորիզոնական: Շարունակվում է նահանջը Վլադիմիր Հակոբյանի մոտ: Թեեւ նրա վարկանիշը (2675) անփոփոխ է մնացել, սակայն նախորդ ցուցակի համեմատ նա 63-րդ տեղից տեղափոխվել է 67-րդ հորիզոնական:

100 ուժեղագույնների թվում ընդգրկված է եւս մեկ հայ շախմատիստՙ ֆրանսահայ Տիգրան Ղարամյանը: Նա վարկանիշը (2650) նվազեցրել է 8-ով եւ 88-րդ տեղից նահանջել է 98-րդ հորիզոնական:

Ամենամեծ առաջընթացը նկատվել է վիետնամցի շախմատիստ Լե Քուանգ Լիեմի մոտ, որը վերջերս հաղթող էր ճանաչվել «Աերոֆլոտի» մրցաշարի ուժեղագույնների խմբում: Նա վարկանիշը (2689) ավելացրել է 25-ով եւ 79-րդ տեղից տեղափոխվել է 44-րդ հորիզոնական: Ճապոնացի Հիկարու Նակամուրան էլ վարկանիշը (2774) ավելացրել է 23-ով ու 10-րդ տեղից բարձրացել է 8-րդ հորիզոնական: Իսկ ահա աշխարհի առաջնության հավակնորդների մրցաշարում Լեւոն Արոնյանի առաջիկա մրցակից Ալեքսանդր Գրիշչուկն ամենամեծ հետընթացն է ունեցել: Նա վարկանիշը (2747) նվազեցրել է 26-ով եւ 7-րդ տեղից տեղափոխվել է 10-րդ հորիզոնական:

Կանանց դասակարգման ցուցակը շարունակում է գլխավորել Հուդիթ Պոլգարը (2686): Եվս 2 շախմատիստուհիՙ Համպի Կոներուն (2607) եւ Հոու Յիֆանը (2602) 2600-ից բարձր վարկանիշ ունեն: Իր համար ռեկորդային ցուցանիշի (2567) է հասել 4-րդ տեղում ընթացող Նանա Ձագնիձեն: Լավագույն հնգյակը նույնպիսի վարկանիշով եզրափակում է Նադեժդա Կոսինցեւան:

Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը միեւնույնՙ 2475 վարկանիշով զբաղեցնում են 25-րդ եւ 26-րդ տեղերը: Եթե Լիլիթը պահպանել է հունվար ամսվա վարկանիշը, ապա Էլինան այն ավելացրել է 21-ով: Անշուշտ, Գրան պրիի խաղարկությունում Էլինայի հաջող ելույթը կնպաստի նրա վարկանիշի հետագա աճին: 100 ուժեղագույնների թվում Հայաստանի 3-րդ ներկայացուցիչը Լիլիթ Գալոյանն է, որը 2377 վարկանիշով 84-րդ տեղում է: Նա վարկանիշը նվազեցրել է 8-ով եւ նահանջել 4 հորիզոնականով:

Առաջին անգամ մինչեւ 20 տարեկան շախմատիստների քսանյակում տեղ են զբաղեցրել Հայաստանի 2 ներկայացուցիչներ: 18-ամյա Սամվել Տեր-Սահակյանը 2575 վարկանիշով 16-րդ տեղում է, իսկ ցուցակը եզրափակում է Հայաստանի այս տարվա չեմպիոն, 20-ամյա Ռոբերտ Հովհաննիսյանը (2560): Դասակարգման ցուցակը 2716 վարկանիշով գլխավորում է իտալացի Ֆաբիանո Կարուանան:

ՖԻԴԵ-ն հրապարակում է նաեւ երկրների վարկանիշային ցուցակըՙ ելնելով տվյալ երկրի ամենաբարձր ցուցանիշ ունեցող 10 լավագույն շախմատիստների միջին վարկանիշից: Այս ցուցանիշով Հայաստանը 4-րդ տեղում է (2656): Առաջատարի դիրքը պահպանել է Ռուսաստանը (2732), որին հաջորդում են Ուկրաինան (2697) եւ Չինաստանը (2657): 5-10-րդ տեղերում են Ֆրանսիան (2650), Հնդկաստանը (2642), ԱՄՆ-ը (2641), Իսրայելը (2640), Ադրբեջանն (2636) ու Հունգարիան (2634):

Կանանց շախմատի արդյունքներով Հայաստանը բավական հետ էՙ 23-րդ տեղում (2233): Առաջատարը կրկին ռուսներն են (2475), որոնց հաջորդում են լավագույն տասնյակում տեղ գրաված Չինաստանը (2462), Վրաստանը (2449), Ուկրաինան (2417), Հունգարիան (2412), Հնդկաստանը (2401), ԱՄՆ-ը (2347), Լեհաստանը (2340), Գերմանիան (2335) եւ Ֆրանսիան (2329):


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4