«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#45, 2011-03-16 | #46, 2011-03-17 | #47, 2011-03-18


ԲԱԴԱԼՅԱՆԸ` ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է, ՀԱՋԻԵՎԸ` ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ

Երեկ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի Աղդամի հատվածում, Բաշ Ղերվենդ տեղամասում, հայկական եւ ադրբեջանական կողմերի միջեւ տեղի է ունեցել գերիների փոխանակում համաձայն անցյալ տարվա հոկտեմբերի 27-ի Աստրախանում եւ այս տարվա մարտի 5-ի Սոչիում Սարգսյան-Մեդվեդեւ-Ալիեւ պայմանավորվածությունների: Ադրբեջանական կողմը Հայաստանին վերադարձրեց ՀՀ Տավուշի մարզի բնակիչ Արթուր Բադալյանին, որը գերեվարվել է 2010-ի օգոստոսի 27-ին: Վերջինիս գերեվարության փաստն, ի դեպ, երկար ժամանակ քողարկվում էր Ադրբեջանում: Եթե հավատանք ադրբեջանական «գրեթե պաշտոնական» 1news.az-ին, ապա «Բադալյանին ձերբակալել են ադրբեջանական Գետաբեյսկի շրջանի Գյույալի գյուղի բնակիչները»: Հայկական կողմը Ադրբեջանին է հանձնել 2009-ի մայիսի 10-ին գերեվարված զինծառայող Անար Հաջիեւին` ադրբեջանական բանակի սերժանտ: Փոխանակումը կատարվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հովանավորությամբ: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի երեւանյան գրասենյակի ղեկավար Լորենցո Կարաֆին նշել է. «Մենք շատ ուրախ ենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը հետեւողական են գտնվել իրենց պատրաստակամության մեջ` փոխանակելու ղարաբաղյան հակամարտության հետեւանքով ազատազրկված անձանց` ինչպես հայտարարել էին երկու երկրների նախագահները 2010-ի հոկտեմբերին Աստրախանում եւ վերահաստատել էին 2011-ի մարտին Սոչիում»: Փոխանակմանը ներկա Կարաֆին նշել է նաեւ, որ իրենք, նախքան գործողությունը կատարելը, համոզվել են, թե ցանկանո՞ւմ են արդյոք այդ անձինք վերադառնալ իրենց հոժար կամքով»: Հակամարտ կողմերում գտնվող ռազմագերիներին պարբերաբար այցելելիս Կարմիր խաչի պատվիրակները մեջբերում են գերիներից մեկի (որի անունը չի նշվում) խոսքերը. «Անհամբերությամբ եմ սպասում, թե երբ եմ վերադառնալու տուն` ընտանիքիս մոտ, եւ տեսնելու որդուս, որը բավական մեծացած կլինի»:

Քաղաքացիական անձ եւ զինված ուժերի սերժանտ

Հատկանշական են հայաստանցի Բադալյանի եւ ադրբեջանցի Հաջիեւի կարգավիճակները: Վերջինը Ադրբեջանի ԶՈւ սերժանտ է: Տավուշի մարզի բնակիչ Բադալյանը խաղաղ բնակիչ է եւ կարող է գերեվարված լինել երկու պատճառով. կամ նա զբոսնելով սահմանամերձ հատվածում մոլորվել է, կամ նրա գերեվարումը ադրբեջանական զինված ուժերի դիվերսիոն գործողության արդյունք է: Եթե հաշվի առնենք, որ ադրբեջանական կողմը երկար ժամանակ թաքցնում էր, չէր ընդունում, որ Բադալյանն իրենց գերին է, ապա առաջին տարբերակը իրատեսական չի թվում, քանի որ պատահական սահմանախախտին ձերբակալած լինելը թաքցնելու կարիք հակամարտ կողմերից մեկը չունի: Բացի սրանից, ինչպես նշեցինք, ադրբեջանական աղբյուրը պնդում է, որ Բադալյանին ձերբակալել են «Գյույալի գյուղի բնակիչները», ինչը նույնպես անհավանական է թվում: Բադալյանի գերեվարման օրը ադրբեջանական կողմի ներկայացրած 2009-ի մայիսի 9, թերեւս հենց այն օրն է, երբ հարեւան երկրում ձերբակալել են Բադալյանին, ոչ թե այն, երբ Ադրբեջանն ընդունել է, որ Բադալյանն իր գերին է: Եզրակացնելովՙ նշենք, որ քաղաքացիական անձին գերեվարելը, նրա առկայությունը թաքցնելը շատ ավելի խոսուն փաստ է, թե ո՞վ է շփման գծում դիվերսիոն գործողություններ իրականացնում: Իսկ այն վարկածը, թե Բադալյանը ինքնակամ կարող է հանձնված լինել Ադրբեջանին, որեւէ տրամաբանության մեջ չի տեղավորվում, հենց թեկուզ այն մասով, որ վերջինս, նախքան Հայաստան վերադառնալը, պատասխանել է միջազգային կազմակերպության հարցին` «Դուք Ձեր հոժար կամքո՞վ եք դա անում»: Ադրբեջանին ինքնակամ հանձնվածը չէր պատասխանի «այո»:

3 հայերը եւ 5-հոգանոց ընտանիքը

Երեկ նաեւ պարզ դարձավ, որ Ադրբեջանը երեք հայ ռազմագերիներին` 2009-ի փետրվարին «ինքնակամ Ադրբեջան անցած Հրանտ Մարկոսյանին, Ռաֆիկ Թեւոսյանին եւ Վարդան Սարգսյանին իրենց հոժար կամքով հանձնել է երրորդ երկիր»: Բացի սրանից` անցյալ տարվա հունվարին «Երազ» մեքենայով Նախիջեւան մտած Գեւորգյանների 5-հոգանոց ընտանիքին «ադրբեջանական կողմը, կրկին վերջիններիս կամքով, տվել է կեցության իրավունք Ադրբեջանում»: Այս կապակցությամբ Կարմիր խաչից տեղեկանում ենք, որ իրենց կազմակերպությունը չի կարող կոնկրետ նշել, թե ո՞րն է այն երրորդ երկիրը, որին հանձնվել են հայ ռազմագերիները, քանի որ այս հարցը ոչ թե Կարմիր խաչի, այլ ՄԱԿ-ի իրավասության ներքո է: Ամենեւին չբացառելով, որ երեք հայաստանցիները իրոք կարող էին նման ցանկություն հայտնել, չբացառելով նաեւ, որ Ադրբեջանն իրոք կարող էր նրանց հանձնել երրորդ երկրին, այնուամենայնիվ տարակուսանք հայտնենք, թե ինչո՞ւ ադրբեջանական կողմը չի հստակեցնում, թե խոսքը ո՞ր «երրորդ երկրի» մասին է: Սա տարակուսանք է առաջացնում, քանի որ, ցավոք սրտի, մենք ունենք Ադրբեջանում գերեվարված եւ խոշտանգումներից մահացած քաղաքացիական անձ Սարիբեկյանի օրինակը:

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4