«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#50, 2011-03-23 | #51, 2011-03-24 | #52, 2011-03-25


«ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ ԴԱՌՆՈՒՄ ԵՆ ՄԱՀԱԿ` ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՀԱՄԱՐ»

ԱԺ-ն քննարկեց «Հավաքների ազատության մասին» օրենքը

Թե պետական նշանակություն ունեցող շենքերից ինչ հեռավորության վրա կարելի է հավաքներ անցկացնել, ԱԺ-ում քննարկված ու առաջին ընթերցմամբ ընդունված «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքը թողնում է ոստիկանության հայեցողությանը: «Այն, որ գնահատողական հասկացողություններ կան, դա բնական է, եւ այդպես էլ պետք է լինի: Եթե մեկ հոգի է, ապա նա կարող է անմիջապես կանգնել դարպասների դիմաց: Եթե հավաքի մասնակիցները լինելու են 1000-2000, եւ այդ պահին երկրի ղեկավարը մեկ այլ պատվիրակության պետք է ընդունի, այդ դեպքում հավաքը որոշակի հեռավորության վրա է լինելու: Միշտ չէ, որ մետրերի սահմանումը լավագույն տարբերակն է: Կան գնահատողականություն, համաչափության սկզբունք, եւ յուրաքանչյուր դեպքում պետք է որոշել` արդյոք 10 մետր, 50 մետր հեռավորության գտնվելը կապահովի այդ մարմնի գործունեությունը: Որոշողը այդ պարագայում լինելու է ոստիկանությունը, իսկ վեճ-բողոքի դեպքում` դատարանը», ասաց արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը :

Նախարարի գնահատմամբ` կառավարության շենքից կամ Ազգային ժողովից որոշակի հեռավորության վրա հավաքի անցկացման հստակեցման կարիք չկա, քանի որ գոյություն ունի համաչափության սկզբունք::

Թովմասյանի մեկնաբանությամբ` նախագիծը գործող օրենքից տարբերվում է մի քանի առումներով «Նախագծով միմյանցից տարանջատված են քաղաքական հավաքը եւ այլ միջոցառումները: Խոսքը տոնակատարությունների, համերգների մասին է, քանի որ դրանք եւ քաղաքական հավաքները, միմյանց խառնվելով, նույն հարթության վրա էին հայտնվել: Պրակտիկայում, երբ այդ երկու միջոցառումները նույն հարթության վրա են, նախապատվությունը տրվում է համերգներին»:

Արդարադատության նախարարը դրական է գնահատում, որ «Հավաքների ազատության մասին» օրենքը ներմուծում է մի ինստիտուտ, որի անունն է «պայմաններ առաջադրել»: «Դրա էությունն այն է, որ իրազեկման մեջ նշված պայմաններից կարող են լինել նաեւ շեղումներ: Իրազեկում իրականացնողն ու լիազոր մարմինը կարող են բանակցել` ժամերի, տեղի փոփոխության հարցերում: Հստակորեն սահմանվում են այն բոլոր հիմքերը, որոնց դեպքում կարող են սահմանափակվել հավաքները, դադարեցվել եւ ցրվել»:

Օրինագծի քննարկման ժամանակ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն առաջարկեց փոխել օրենքի այն հատվածը, որտեղ նշված է, որ հավաքի կազմակերպիչը, հավաքի ղեկավարն է, եւ եթե հավաքը կազմակերպում է իրավաբանական անձը, ապա հավաքի ղեկավարը իրավաբանական անձի ղեկավարն է: Կազմակերպիչը կարող է հավաքի ղեկավարումը հանձնարարել այլ անձի:

Աբրահամյանի մեկնաբանությամբ` պետք է հստակ պատասխան տալ` ով է հավաքի կազմակերպիչ այն դեպքում, երբ այն հրավիրողը որպես իրավաբանական անձ գրանցված չէ: «Նույն իրավիճակը կարող է ստեղծվել ՀԱԿ-ի հետ կապված, որի մեջ մտնող տարբեր միավորները իրավաբանական անձինք են, իսկ ՀԱԿ-ը` ոչ»:

Օրինագծի մի շարք կետեր պատգամավոր Տիգրան Թորոսյանի մտահոգությունն են առաջացրել: «Առաջարկվող նախագիծը լուրջ հնարավորություններ է ստեղծում երեսպաշտության եւ օրենքը ոտնահարելու համար, քան գործող օրենքը»: Նրա գնահատմամբՙ գործող օրենքը շարունակաբար չի կատարվել:

«Լիազոր մարմինը առանց լավ հիմնավորման մերժում է հանրահավաքների անցկացումը: Արդյոք նոր նախագիծը առաջարկո՞ւմ է փոփոխել լիազոր մարմնին: Նոր օրենքով դատարաններն էլ չեն փոխվում: Հետեւաբար նախագիծը ոչինչ չի առաջարկում», ասաց նա:

Քննադատելով օրինագիծը` Վիկտոր Դալլաքյանն ասաց, որ օրենք գրելուց պետք է հաշվի առնել հայկական իրականությունը: Օրենքի բազմաթիվ կետեր հրաշալի կլինեն, եթե գործածվեն Շվեդիայում կամ Նորվեգիայում:

«Օրինակՙ ընդդիմությունը ցանկանում է Մյասնիկյանի անվան հրապարակում անցկացնել հանրահավաք: Սակայն մերժվում է, որովհետեւ ընդդիմության քնքուշ շշունջը կարող է կառավարության անդորրը խաթարել: Մոտեցումները դառնում են մահակ` ցանկացած եղանակով հանրահավաքի անցկացումը մերժելու համար»:

Դաշնակցական Արծվիկ Մինասյանն էլ ասաց, որ օրենքում թերությունները շատ են ու դրանք պետք է շտկվեն:

Երկու ճանապարհ` քաղբանտարկյալների ազատ արձակման համար

Արդարադատության նախարարն անդրադարձավ նաեւ ԵԽ-ում Հայաստանի հարցով համազեկուցողների հայտարարությանը, որտեղ նրանք անդրադարձել էին 2008թ. մարտի 1-ի 10 սպանությունների չբացահայտմանն ու հետեւանքներին եւ քաղաքական հայացքների համար ձերբակալվածներին:

«Բազմիցս նշել եմ, որ այդ մարդկանց ազատ արձակման մի քանի ճանապարհ գոյություն ունի: Դրանից առաջինը օրենսդրական փոփոխություններ են, որպեսզի նրանց արարքներն այլեւս հանցագործություն չդիտվեն: Երկրորդը համաներումն է: Ձեր նշած անձանց նկատմամբ 2009 թ. համաներում է եղել: Նրանց մի մասն ազատ են արձակվել, մյուսների նկատմամբ պատիժը կրճատվել է: Երրորդ ճանապարհը խնդրանքով հանրապետության նախագահին դիմելն է: Ես չգիտեմ մի դեպք, որ այդ խմբի մարդկանցից որեւէ մեկը խնդրագրով դիմած լինի եւ ազատ արձակված չլինի: Չորրորդ ճանապարհը վաղաժամկետ ազատ արձակումն է: Այս հարցում այլ գործիքակազմ մենք չունենք: Առաջին եւ երկրորդ տարբերակներն այսօր գոյություն չունեն, քանի որ մարդու վրա մեկ անգամ համաներում կիրառվելուց հետո այն այլեւս չի կիրառվում: Մնում են երրորդ եւ չորրոդ տարբերակները», ասաց նախարարը:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4